ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխում եմ ավտոմատը անօդաչուով․ ի՞նչ դեր են խաղացել դրոնները ղարաբաղյան հակամարտությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
popmech.ru-ն գրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը առաջին լայնամասշտաբ ռազմական բախումն էր, որտեղ որոշիչ դեր են ունեցել հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերը: Առաջատար երկրները ուշադիր հետևել են հակամարտության զարգացմանը` փոփոխություններ կատարելով իրենց ռազմական ծրագրերում:
 
 
Ադրբեջանը հակամարտության մեջ օգտագործել է տարբեր երկրների, սերունդների և նպատակների անօդաչու թռչող սարքեր: Օրինակ` իսրայելական Harop հետախուզական ու հարձակողական անօդաչու թռչող սարքը կարելի է վերագրել առաջին սերնդին, որի մշակումը սկսվել է դեռ 2001 թվականին: Լեռնային Ղարաբաղում Harop-ն առաջին անգամ օգտագործվել է 2016-ի ապրիլին, երբ նրա օգնությամբ ոչնչացվել է հայ կամավորներ տեղափոխող ավտոբուսը: Սա աներևակայելի թանկարժեք կամիկաձե անօդաչու թռչող սարք է, մեծ քաշով՝ 135 կգ, ներքին այրման շարժիչով և 23 կգ-ոց մարտագլխիկով: Նման սարքի գինը մի քանի անգամ ավելին է, քան նրա ժամանակակից անոլոգներինը:
 
Հաջորդ սերնդի կամիկաձե անօդաչու է իսրայելական արտադրության Orbiter 1K-ն, որը ձևափոխված է Orbiter 2 հետախուզական անօդաչուից: Սրա քաշն արդեն 13 կգ է, և ունի 3 կգ-ոց մարտագլխիկ, իսկ հեռահարությունը 100 կմ է: Այն հագեցած է էլեկտրական շարժիչով և գործարկվում է ռետինե կատապուլտով:
 
Այնուամենայնիվ Ղարաբաղում հանրաճանաչություն է ձեռք բերել թուրքական օպերատիվ-հարվածային միջին բարձրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը: Թուրքական Baykar Makina ընկերության կողմից մշակված Bayraktar TB2–ը իր դասի ԱԹՍ–ների շարքում 2014 թվականին գերազանցել է աշխարհի ռեկորդը՝ 8 կմ բարձրության վրա մնալով 24 ժամ 34 րոպե: Փաստացի, սա փոքրիկ անօդաչու ինքնաթիռ է ներքին այրման շարժիչով 650 կգ քաշով և 150 կմ մարտական գործունեության շառավիղով: Bayraktar TB2-ը առաջընթաց է ոչ թե տեխնոլոգիայի, այլ արդյունավետության մեջ։ Այն կրում է MAM-L և MAM-C չորս լազերային կառավարման ավիառումբ, որոնք հակատանկային հեռահար հրթիռների մերձավոր բարեկամներն են, ինչպիսին է L-UMTAS-ը, միայն թե նրանցից հանված է թանկարժեք հրթիռային շարժիչը: Դրանք ևս հակատանկային հրթիռների օրինակով թիրախավորվում են լազերային ճառագայթով: Ամենամեծ MAM-L-ը կարող է կրել մարտագլխիկ, որը կշռում է մինչև 10 կգ, իսկ «փոքրիկ» MAM-S-ը կարող է կրել 2,5 կիլոգրամանոց բազմաֆունկցիոնալ մարտագլխիկ: Դրանց թիրախավորման հեռահարությունը մոտ 8 կմ է, իսկ խոցման ճշգրտությունը մինչև 1 մ: Bayraktar TB2-ի հետ համատեղ այդ կառավարվող ավիառումբն աշխարհում ամենաարդյունավետ և էժան ճշգրիտ զենքն է: Այն շատ անգամ ավելի էժան է, քան օրինակ ամերիկյան AGM-114 Hellfire լազերային կառավարվող հրթիռը, որը օգտագործում է MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարքը: Ամենայն հավանականությամբ ղարաբաղյան պատերազմին վերաբերվող ադրբեջանական անօդաչուների հարվածների տեսանյութերի մեծ մասը վերաբերում է հենց Bayraktar TB2-ին:
 
Ավելին, նրանք անգամ զույգերով ու եռյակներով են «որս» արել, ինչը անարդյունավետ է դարձնում հրթիռների սահմանափակ պաշար ունեցող ՀՕՊ դասական համակարգերը: Դրանք անօդաչու թռչող սարքերի երամների նախատիպերն են, որոնք կդառնան ժամանակակից ՀՕՊ համակարգերի իսկական մղձավանջը: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի բարձր արդյունավետության պատճառներից մեկն էլ եղել է հայկական կողմի լիակատար անպատրաստությունը դրանց զանգվածային օգտագործման դեմ: Ինչպես ցույց է տալիս այլ բախումներում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի փորձը, դրանց դեմ լավ են աշխատում էլեկտրոնային հակաքայլերը և տարբեր բարդ մեթոդները, օրինակ GPS ազդանշանները ձևափոխելը, աերոզոլային գոլորշիներ օգտագործելը, որոնցով հագեցած են ժամանակակից տանկերի պաշտպանության համակարգերը, և որը խափանում է լազերային նշանառումը և այլն: Լեռնային Ղարաբաղի բանակը ոչ մի նման պաշտպանական միջոց չի ունեցել:
 
Այն փաստը, որ Հայաստանը չի ունեցել նման զենք և պաշտպանական սպառազինություն, չի նշանակում, որ Ռուսաստանը նույնպես չունի դրանցից: Խոյահարող անօդաչուների հարցում Ռուսաստանը ոչ միայն հետ չի մնում, այլ անգամ առաջատարներից է։ «xx» աէրոդինամիկ խոստումնալից սխեման առաջին անգամ հայտնվել է ռուսական «Լանցետ»-ում և միայն հետո է այն պատճենվել Իսրայելի կողմից: Ռուսաստանն ունի նաև միջին բարձրության անօդաչու թռչող սարք՝ «Օրիոն» հարվածային անօդաչուն, որն ունակ է կրել 20 և 50 կգ քաշով ճշգրիտ հարվածի ավիառումբեր, այսինքն ավելի ծանր ռումբեր քան Bayraktar TB2-ը:
 
MAM-L- ի անալոգներ ստեղծելը նույնպես խնդիր չէ։ Բավական է հանել մասսայական արտադրվող Vortex հեռահար հակատանկային հրթիռի շարժիչը, և ավիառումբը պատրաստ է: Զարգացումներ կան նաև անօդաչու թռչող սարքերի երամների ստեղծման ոլորտում:
 
Ըստ ZALA Aero-ի` Գլխավոր տնօրեն Ալեքսանդր Զախարովի, վերջին բախումները ցույց են տալիս, որ էլեկտրական անօդաչու թռչող սարքերն ամենահեռանկարայինն են, քանի որ դրանք էժան են, ավելի հուսալի և արագ են նախապատրաստվում օգտագործման։ Հաջորդ քայլը կլինի անօդաչու թռչող սարքերի երամների ստեղծումը, որոնք ներկայումս արդեն փորձարկում են ԱՄՆ-ը, Իսրայելը և Չինաստանը: Խոյահարող անօդաչուների «ուղեղները» նույնպես կսկսեն արագ զարգանալ արհեստական բանականության ուղղությամբ։ Ներկայումս ոչ ԱՄՆ-ը, ոչ Չինաստանը, ոչ էլ Ռուսաստանը դեռ նման համակարգեր չեն արտահանում, քանի որ դա շատ հզոր զենք է: Բայց դա հաստատ կլինի, մանավանդ որ կառավարման համակարգը ի սկզբանե է ներկառուցված լինում սարքի մեջ: Քանի որ անօդաչու թռչող սարքերը օգտագործում են ավանդական տեղորոշման համակարգեր՝ GPS, GLONASS, Beidou, ապա դրանք վաճառելու դեպքում կարելի է կոշտ կերպով նշագծել օգտագործման տարածքը, օրինակ՝ նույն Լեռնային Ղարաբաղը, և դրանք այդ տարածքից դուրս չեն կարող օգտագործվել:
 
 
Ավտոմատներով զինծառայողները կդադարեն հաղթել մարտերում, և նրանց կփոխարինեն ակնոցավոր մարդիկ բարձր ճշգրտության համակարգերի էկրանների առջև:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular