ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտրիգային զարգացումների գազային «հսկայում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրապարտատոմսերի էմիսիայի վերաբերյալ զեկույցում «Գազպրոմ» ընկերությունն առաջին անգամ արտահայտվել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծի դադարեցման հավանականության մասին: Ընկերությունը նշում է, որ բախվում են քաղաքական լուրջ ճնշումների և չեն կարող բացառել, որ նախագծի իրագործումը ստիպված կլինեն դադարեցնել այդ ճնշումների հետևանքով: Իհարկե, «Գազպրոմի» գնահատականը այդպիսի հավանականությունը դիտարկում է ծայրահեղության համատեքստում, սակայն այն, որ առաջին անգամ խոսվում է այդ մասին, հատկանշական է: ԱՄՆ-ն ավելացնում է ճնշումը Եվրոպայի վրա «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու հարցում: Կիրառվում են նոր պատժամիջոցներ այն ընկերությունների հանդեպ, որոնք կներգրավվեն շինարարությանը:

Թեև Գերմանիան փորձում է անել ամեն ինչ նախագիծը փրկելու համար, սակայն այն, որ «Գազպրոմը» անգամ խոսում է դադարեցնելու մասին, վկայում է, թե որքան լուրջ է ամերիկյան ճնշումը: Միանաշանակ է, որ հարցը միայն էներգետիկ-ենթակառուցվածքային չէ, այլ նաև քաղաքական: Ընդ որում, եթե ավելացող ճնշումների ֆոնին «Գազպրոմը» խոսում է դադարեցման հնարավորության մասին, կարող ենք մտածել, որ խոսքը գուցե նույնիսկ ՌԴ ներքաղաքական համատեքստի մասին է: Չի բացառվում, որ «Գազպրոմի» անդրադարձն ու դադարեցման հավանականության վերաբերյալ աննախադեպ դիտարկումը վկայում է Ռուսաստանի ներսում առկա հակասությունների մասին: Ի վերջո, «Գազպրոմը» որքան էլ պետական, այդուհանդերձ, տնտեսական սուբյեկտ է: Որքան էլ պետությունը գազն օգտագործում է նաև իբրև արտաքին քաղաքական գործիք, ընկերությունն այդուհանդերձ առաջնորդվում է տնտեսական շահերով ու պատկերացումներով:

Երբ արտաքին քաղաքական գործիքը աշխատում է, «Գազպրոմի» համար խնդիր չէ, քանի որ ոչ միայն չի խանգարում տնտեսականին, այլ կարող է նույնիսկ նպաստել: Սակայն, երբ ՌԴ քաղաքականությունն արդեն խնդիրներ է ստեղծում «Գազպրոմի» տնտեսական հեռանկարների համար, իսկ գազային մահակի դերը նվազում է, այստեղ արդեն առաջանում է շահերի բախում ՌԴ պետական քաղաքականության ու «Գազպրոմի» տնտեսական նպատակների կամ մոտիվների միջև: Այս ամենն իր հերթին նշանակում է, որ ռուսական գազային հսկան, իհարկե, ոչ բացահայտ, ոչ ուղիղ քաղաքականության, բայց խորքային իմաստով կարող է հայտնվել Ռուսաստանի քաղաքական իշխանության հանդեպ, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակում:

Ասել կուզի, դժգոհությունն, իհարկե, չի արտահայտվի ուղիղ, սակայն հնարավոր է՝ գազպրոմյան շահառուները կփորձեն իրենց ներիշխանական ազդեցությունը բանեցնել Ռուսաստանին Արևմուտքի հետ որոշակի պայմանավորվածությունների մղելու համար, այդ թվում և հարկ եղած դեպքում նրբորեն աշխատելով ՌԴ իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու վրա: Այդ գործընթացներին Հայաստանից պետք է հետևել ուշի-ուշով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular