ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունները փողոցից եկած կիսագրագետներ են.Արկադի Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արկադի Վարդանյանի հետ` հասկանալու համար, թե ԱՄՆ նորընտիր նախագահի հետ ինչ հարաբերություններ կարող է ստեղծել Հայաստանը և ինչ հանգամանքներում Արևմուտքը կսկսի աջակցել հայ ժողովրդին։

— Պարոն Վարդանյան, ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը երդմամբ կստանձնի իր պաշտոնը։ Ի՞նչ ենք ունենալու մենք ԱՄՆ նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման ի՞նչ հույսեր կան։ Հնչում են կարծիքներ, որ ողջունելի է այն, որ Բայդենը հայամետ դիրքորոշում ունի։ Արդյո՞ք մենք սպասելիքներ ունենք։

— Անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի պարոն Բայդենը՝ հայամետ թե ոչ հայամետ, մի բան ինձ համար պարզ է, որ համաշխարհային քաղաքականության ճարտարապետությունը զգալի փոփոխությունների է ենթարկվելու, այդ թվում նաև մեր տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ մեզ համար կամաց-կամաց լուսավոր ճանապարհ է բացվում։ Եվ չեմ կասկածում, որ քայլ առ քայլ մենք կվերադարձնենք բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք այս երկուսուկես տարվա ընթացքում։ Իսկ հետագայում մենք նաև կանդրադառնանք մեր պարտատիրական նկրտումներին, որոնք հիմնավորված են բոլոր միջազգային իրավական ատյանների կողմից ճանաչված փաստաթղթերով։ Եվ այստեղ շատ մեծ դիվանագիտական աշխատանք է պետք, բայց, իհարկե, ոչ այս իշխանության օրոք, որովհետև սրանք փողոցից եկած կիսագրագետներ են, որոնք գաղափար չունեն ոչ քաղաքականությունից, ոչ քաղաքագիտությունից, ոչ առավել ևս դիվանագիտությունից և իրենցից ոչինչ սպասել հնարավոր չէ։ Եվ, իհարկե, իրենք պետք է դուրս շպրտվեն քաղաքականությունից և իշխանության պետք է գան ազգային ժողովրդավարական քաղաքական ուժերը, որոնց գաղափարները համընկնում են Բայդենի գաղափարախոսությանը և մենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները ավելի բարձր մակարդակի վրա դնելով` կարող ենք հասնել շոշափելի արդյունքների։

— Պատերազմի ընթացքում մեծ ակնկալիքներ ունեինք Արևմուտքից, ԱՄՆ-ից, բայց տեսանք, որ այդ ակնկալիքները որևէ կերպ չարդարացան։ Հիմնականում ասվում էր, որ ԱՄՆ-ն չի միջամտում, քանի որ այնտեղ պատրաստվում են ընտրությունների։ Բայդենի ընտրությունից հետո կան արդյոք ակնկալիքներ, որ ԼՂ հարցը կարող է հստակ լուծում ստանալ։

— Գիտեք, շատերին է այս հարցը մտահոգում, բայց այդ հարցը ունի մի հստակ պատասխան, Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու հենց առաջին օրվանից ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխելու և շարունակելու է մնալ Ռուսաստանի ազդեցության ներքո։ Եվ այդ պայմաններում Արևմուտքը ի՞նչ օգնություն պետք է ցուցաբերեր Հայաստանին, եթե ամբողջապես համոզված էր, որ Հայաստանը փաստացի Ռուսաստանի կցորդն է և Արևմուտքից որևէ աջակցություն ակնկալել հնարավոր չէր և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողացել ապագաղութացնել մեր երկիրը և դուրս չենք եկել Ռուսաստանի ճնշման սահմաններից, և չենք քայլել մեր ազգային շահերին համապատասխան, այն է ՝ազգային կառավարություն, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular