ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում կրկնվել է ջերմաստիճանի ռեկորդը. տաք օդի հոսքը կդադարի նոյեմբերի 16-ից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1974 թվականի նոյեմբերի 11-ին Երեւանում գրանցված ջերմաստիճանային ռեկորդը գրեթե կրկնվել է, սակայն չի գերազանցվել. 2016թ. նոյեմբերի 11-ին Երեւանում գրանցվել է +17,2 աստիճան տաքություն:

Օրերս ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին. այդ օրը գրանցվել էր +17,4 աստիճան ջերմություն:
«Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18...+19 աստիճան տաքություն: Տեսնենք կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը, թե ոչ»,- հայտնել էր Սուրենյանը:

Այսօր նա մեզ հետ զրույցում ասաց, որ կեսօրից հետո գրանցված ջերմաստիճանը գրեթե կրկնում է ռեկորդը.

«Այսօր ջերմաստիճանը Երեւանում գրեթե հասել է ռեկորդային ցուցանիշի, բայց չի գերազանցել: Երեւանում եւ Արարատյան դաշտում այսօր գրանցվել է +17...+18 աստիճան տաքություն: Ամենատաքը եղել է Մեղրի, Կապան հատվածում (+24...+25), Տավուշի հովիտներում (Իջեւան, Բագրատաշեն) եղել է +23...+25 աստիճան: Մի խոսքով շատ բարձր անոմալ ջերմային ֆոն է մեր երկրի տարածքում, ռեկորդային ջերմաստիճաններ են: Այս ջերմային ֆոնը կպահպանվի մինչեւ ամսի 15-ը ներառյալ: Այսինքն բավական սառը եւ հզոր ցիկլոնից հետո մենք նոյեմբերի 2-ից 16-ը (համարյա 15 օր) մեր երկրում ունեցանք խաղաղ վիճակ, բարձր ջերմային ֆոն, առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ից Աֆրիկյան երկրներից եկող տաք օդի ներհոսքը մեր երկրի տարածք կնվազի, որին կհաջորդի արեւմուտքից համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցումը: Նոյեմբերի 16-ից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել:

«16-ից նոր ցիկլոն է մոտենում, հետագայում պատկերը ավելի պարզ կլինի ու կմեկնաբանենք, թե ինչպես կարտահայտվի ցիկլոնի ներխուժումը մեր երկրի տարածքում, ինչպիսին կլինի տեղումների դաշտը: Այս պահին նկատվում է, որ ամսի 16-ից եղանակը կվատանա: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել»,- ընդգծեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւոթաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Հարցին, թե արդյո՞ք գրանցվող անոմալ ջերմաստիճանները իրենցից որեւէ վտանգ ներկայացնում են (մասնավորապես երկրաշարժի վտանգ արդյո՞ք առաջանում է), օդերեւութաբանը պատասխանեց. «Դա որեւէ վտանգ իրենից չի կարող ներկայացնել: Հիմա ոչ կարող է բողբոջում լինել, ոչ հյութաշարժություն, ուրիշ ոչ մի վտանգավոր բան չկա: Ինչ վերաբերում է երկրաշարժին, մենք 10 տարի է՝ մարդկանց ասում ենք, որ այդ երկու երեւույթները իրար հետ կապ չունեն, իրարից անկախ երեւույթներ են»:

Սուրենյանը երեկ տեղեկացրել էր, որ Աֆրիկայից փչող տաք օդային հոսանքները մեր երկրում աշուն եւ գարուն եղանակները խառնել են իրար: Կողբում ձնծաղիկը դուրս էր եկել: Խոսելով այդ երեւույթի մասին՝ օդերեւութաբանն ասաց. «Մի քիչ դժվար է մեկնաբանել այդ երեւույթը: Ձյուն էր տեղացել, հալվեց, Տավուշի հովտային շրջաններում շատ տաք է, բույսն էլ աճել է: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ բույսի աճը ցիկլ պետք է ունենա, ամիսներ պետք է տեւի, որ սոխուկը զարգանա: Թե ինչպես է եղել, չհասկացա, բայց փաստ է, որ եղել է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular