ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական սեթևեթանքների սպասեք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում քննարկում է Եվրոպական միության հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավորությունները:

2020-ը Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների առումով բարդ տարի էր: Միջերկրականի արևելյան հատվածում էներգակիրներ արդյունահանելու թուրքերի ծրագիրը Եվրոպան համարում է ոտնձգություն, քանի որ բնական գազ պարունակող այդ անդրջրյա տարածքին են հավակնում միության երկու անդամներ՝ Կիպրոսն ու Հունաստանը:

Թուրքիան անցյալ տարի գազ որոնող հետազոտական նավեր է ուղարկել Միջերկրական, ընդ որում դրանք վիճելի տարածք են հասել թուրքական ռազմանավերի ուղեկցությամբ: Ի պատասխան դրան, Հունաստանն էլ է նավեր ուղարկել, դրանց միացել են հույներին սատարող ֆրանսիական ռազմանավերը: Առճակատման, այդ թվում` պատահական բախման վտանգն իրական էր:

Ենթադրվում է, որ կռվախնձորը միայն բնական գազը չէ, կան ավելի խորքային պատճառներ: Միջերկրականում կոշտ քայլերով Անկարան ոչ միայն շարունակում է պայքարը դարավոր մրցակից Հունաստանի հետ, այլև ազդեցությունն է տարածում Հյուսիսային Աֆրիկայի վրա: 2020-ին Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում առկա ճգնաժամը խորացել է նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Եվ այնուամենայնիվ, Անկարան և Բրյուսելը ցանկանում են մեղմել կացությունը:

«2020 թվականը խնդրահարույց էր Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների համար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրով երկու կողմերը դրսևորել են դրական օրակարգ հաստատելու քաղաքական կամք, ավելին, կողմերը հանդես են եկել փոխադարձ հայտարարություններով, որոնց նպատակն է առավել առողջ եղանակով բարելավել հարաբերությունները և ստեղծել լավ երկխոսության հնարավորություն, հենց այդ նպատակով էլ ես ժամանել եմ Բրյուսել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր ասել է, թե հարկ է կոնկրետ քայլերով խթանել Անկարայի և Բրյուսելի համագործակցությունը: Այդ մասին նա խոսել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից առաջ տեղի ունեցած համատեղ ասուլիսում:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն, ըստ «Ազատության», հույս է հայտնել, որ հույներն ու թուրքերը կվերսկսեն Միջերկրականում գազի արդյունահանման շուրջ բանակցությունները:

«Մենք վճռականորեն ցանկանում ենք տեսնել կայուն դեէսկալացիա ոչ միայն Միջերկրականի արևելյան հատվածում, այլև ավելի ընդարձակ տարածաշրջանում»,- ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նրա խոսքերով, այսօր ակնհայտ է մթնոլորտի բարելավում: Բորելը նշել է նաև, որ Եվրամիությունը մտահոգված է մնում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում և այն չի անտեսի բանակցություններում:

Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային թեմաններից մեկը կլինի միգրանտների խնդիրը: Թուրքիայում են ապաստանել Եվրոպա հասնելու մասին երազող միլիոնավոր փախստականներ Հյուսիսային Աֆրիկայից: Նրանց պահելու և Եվրոպա չթողնելու կարողությունը թուրքերի համար լուրջ լծակ և հաղթաթուղթ է Բրյուսելի հետ հարաբերություններում:

Թուրքիան, ԱՄՆ-ում նոր նախագահի պաշտոնավարումից սկսած, ակնկալվում էր, որ կմեղմի իր «հարձակողական» դիրքորոշումը տարբեր տարածաշրջաններում: Այժմ, արևմուտքը կամաց-կամաց սկսում է Թուրքայի «օձիքից» ձգել, որպեսզի նա վերջ տա ամենուր «սուր ճոճելու» քաղաքականությունը:

Չի բացառվում, որ Հայաստանի հետ՝ ինչ-որ «սեթևեթանքներ» էլ սկսվեց, և արևմուտքը դրդի Թուրքիային ու Հայաստանին՝ սահմանների բացման:
ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ PanARMENIAN.Net-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։

Չավուշօղլուն օրերս հայտարարեց՝ «եթե հրադադարը հարատև բնույթ կրի, ապա Թուրքիան և Ադրբեջանը կարող են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել»։ «Չեմ ուզում մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով», - ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, ասել է Նաղդալյանն՝ ընդգծելով․ - «Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»։

Առայժմ Թուրքիան չի ապացուցել, որ դադարեցրել է Հայաստանի ու հայերի հանդեպ թշնամական գործողությունները: Ավելին, նրանք անվերջ կրկնում են, թե շարունակելու են աջակցել Բաքվին, որը իր հերթին գրեթե ամեն շաբաթ շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular