ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչպատերազմյան շրջանից հայ-իրանական հարաբերություններում որոշակի դադար էր նկատվում. իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոհամմադ Զարիֆը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «Իրանը ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքները ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»: Այս հայտարարության և հայ-իրանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ 1or.am կայքը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

—Պարոն Միսակյան, Մոհամմադ Զարիֆը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «Իրանը ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքները ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»: Ինչպես ե՞ք գնահատում Իրանի այս հայտարարությունը և այս հայտարարությունից հետո Հայաստանին ինչ քայլեր են մնում Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համար։

— Ընդհանուր առմամբ այդ հայտարարությունը պետք է դիտարկենք մի քանի ենթատեքստով։ Մինչպատերազմական շրջանից եթե գանք, նշեցի որ հայ-իրանական հարաբերություններում որոշակի դադար էր նկատվում, այսինքն ոչ այնքան լավ զարգացումներ Իսրաելում Հայաստանի դեսպանությունը բացելուց հետո, որը Իրանում բավականին լուրջ դժգոհության ալիք առաջացավ, որը Հայաստանի կողմից չկոմպենսացվեց ոչ տնտեսական հարաբերությունների ակտիվացմամբ, ոչ քաղաքական հարաբերությունների ակտիվացմամբ։ Այսինքն մենք Իսրաելում բացելով դեսպանատուն Իրանին կամ չկարողացանք բացատրել դրա անհրաժեշտությունը, իսկ հետո պատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ ոչ միայն Իսրաելից աջակցություն չստացանք, այլ նաև Իսրաելը Ադրբեջանի նկատմամբ բավականին սատարող հայտարարություններ արեց։ Դա գործոններից մեկն էր հայ-իրանական հարաբերությունների և եթե գնահատենք Իրանի կարևորությունը, ապա Հայաստանը հաշվի չի առել նաև Իրանի շահերը։ Նաև երկրորդ գործոնը այն է, որ պատերազմի ընթացքում իրանական դիրքորոշման փոփոխությունը, երբ Հայաստանը իր արտաքին քաղաքական ասպարեզում բավականաչափ օգուտներ չկարողացավ քաղել ոչ Իրանից, ոչ էլ Ռուսաստանից և մենք գիտենք թե այդ ամենը ինչով ավարտվեց՝ կապիտուլացիոն պայմանագրով և այլն։ Եվ իրանական կողմը դուրս մնալով տարածաշրջանային գործողություններից արդեն փորձում է Ադրբեջանում սեփական ազդեցության տարածման համար ակնհաճո հայտարարություններ անել ադրբեջանական ղեկավարությանը՝ փորձելով որոշակիորեն կոմպենսացնել Թուրքիայի դիրքերի ուժեղացումը։ Իսկ մյուս տեսանկյունից հատկապես Ռոհաննի կառավարությունը լինելով փոքր ինչ ավելի բարեփոխիչ, որդեգրել է մի քաղաքականություն, որը ենթադրում է զրո խնդիր հարևանների հետ և նաև տնտեսական շահի գերակայություն կա որոշ չափով տարածաշրջանային խնդիրների։ Այսինքն Ռոհանիի կառավարությունը ի դեմս Զարիֆի և մյուս աշխատակիցների ունենալով ադրբեջանական հանրապետության հետ տնտեսական բավականին լուրջ հարաբերություններ, որոշ չափով գերադասում են քաղաքական հարաբերությունները նաև տարածաշրջանում ի օգուտ Ադրբեջանի։ Ինչը կոմպենսացնելու համար, մենք կարող ենք, օրինակ, Զարիֆի այցելության ժամանակ առաջարկել տնտեսական լուրջ համագործակցություններ Իրանում։ Այսինքն Զարիֆի այդ հայտարարությունը, որքան էլ դժգոհություն առաջացնի մեր շրջանում, նաև իրավացի դժգոհություն, մենք պետք է գիտակցենք, որ արդեն կնքել ենք կապիտուլիացիայի պայմանագիրը և մեր ղեկավարությունը արդեն տարածքային կոմունիկացիաների խնդիր է լուծում և պենք է ասեմ, որ Իրանը մեզ նույնպես պետք է և Սյունիքում քաղաքական շահը կարևորելու համար և այլն։ Այսինքն, պետք է շարունակվի Իրանի հետ հարաբերությունները, նույնիսկ շարունակվի Իրանի պահպանողական շրջանակների հետ աշխատանքները, նաև հակաթուրքական որևէ դաշինքի շրջանակներում, ինչը կարող է կոմպենսացնել Զարիֆի այդ հայտարարությունը, եթե հաշվի առնենք, որ Ռոհանիի կառավարությունը, որի անդամներից մեկն է նաև Զարիֆը, այս ընթացքում փոփոխվելու է և գալու է այլ ուժը և այդ ընթացքում փոխվելու է նաև Իրանի արտաքին քաղաքականությունը։

-Իրանի հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  Իրանում է։ Ինչպե՞ս եք գնահատում, հետպատերազմյան Հայաստանը որոշակի ակտիվությո՞ւն է ցուցաբերում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

— Ընդհանուր առմամբ հայ-իրանական հարաբերությունների հիմնական գործոններից մեկը երկար տարիներ եղել է նաև տնտեսական բաղադրիչը։ Եթե քաղաքական առումով մինչև այս վերջին տարիներին մենք ունեինք լավ հարաբերություններ, ապա տնտեսականը հետ էր մնում դրանից։ Եթե խոսենք մինչպատերազմյան շրջանից, ապա կարող եմ ասել, որ որոշակի կոլապսային կամ դադարի շրջան էր, այսինքն լուրջ որևէ հարաբերություններ չէր նկատվում։ Իսկ Թուրքիային պատժամիջոցների ենթարկելուց հետո Հայաստանը արդեն կարելի է ասել և ստիպված է և պետք է տնտեսական հարաբերություններ սկսի Իրանի հետ , նաև հաշվի առնելով Հայաստանի շահերը։ Այս կոնտեքստում դրական եմ գնահատում ցանկացած քայլ հայ-իրանական հարաբերությունների ակտիվացման համար մանավանդ, որ այս հետպատերազմյան շրջանում Սյունիքի հետ կապված մարտահրավերների պայմաններում բավականին կարևոր է նաև Սյունիքով հայ-իրանական առևտրաշրջանառության մեծացումը, ինչպես նաև վերջապես բազմաչարչար ազատ տնտեսական գոտու հետ կապված խնդիրների լուծումը, եթե մեր կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկի դրա ուղղությամբ ապա իրանական կողմը միայն կողջունի դա։


-Երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը միտված ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը։ 

— Կարծում եմ հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման համար ներկա փուլում ավելի հեռատեսական է տնտեսական հարաբերությունների զարգացումը և եթե մեր կառավարությունը նման ցանկություն հայտնի նաև նշեմ, որ արդեն հայտնվել է թուրքական ապրանքները իրանականով փոխարինելու գաղափարը և եթե բավականաչափ լուրջ քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, ապա այդ հարաբերությունների որոշակի առաջընթաց կգրանցվի։ Սակայն պետք է արտաքին քաղաքական ասպարեզում նաև հարաբերությունները մեծացնելու համար, մեր դիվանագիտական համակարգի աշխատանքը։ Կառավարությունը որոշ  չափով պետք է կոմպենսացնի այդ ազդակները, որ մենք ստացանք այս պատերազմից հետո, այսինքն կապիտուլացիոն պայմանագրերը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի նվազումը։ Հաշվի առնելով այն, որ Զարիֆի այցելությունը տարածաշրջան այցելելու համար նա նաև մեկնում է Մոսկվա և այդ կոնտեքստում Հայաստանը պետք է խաղա նաև Իրանի և Ռուսաստանի հետ տնտեսական մակարդակում։ Եվ ազատ տնտեսական գոտու շահագործմամբ փորձի Իրանին դուս բերել ԵԱՏՄ շուկա։ Այսինքն որոշ չափով ուշացած գործողություններ, սակայն արդյունավետ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular