ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը մենք ենք ու Ամերիկան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի շուրջ զարգացումներ են տեղի ունենում, որոնք առնվազն մտահոգիչ են: Չեմ հիշում երբևէ դեպք, երբ մեր երկիրն այսքան իզոլացված լինի արտաքին աշխարհից: Տպավորություն է՝ բոլորը արհամարհում են Հայաստանին ու որևէ կապ ունենալ չեն ուզում մեզ հետ:
 
Նախ լուրը, որը ցնցեց երկիրը՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում դեսպան է նշանակում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Անիմաստ է քննարկել, թե Մակունցը կարող է աշխատել դեսպան, թե ոչ, կամ լավ կաշխատի, թե ոչ: Պարզ է, որ Փաշինյանը յուրային մարդ է նշանակում կարևոր մի երկրում՝ առաջնորդվելով ոչ թե Մակունցի պրոֆեսիոնալիզմով, այլ անձնական կապերով: Նման նշանակումները 2018թ-ից սկսած ամենուր են:
 
Դեսպանի անձը պետք է համաձայնեցվի ընդունող երկրի հետ, դիվանագիտական պրակտիկան այդպիսին է: Ու կրկնակի մտահոգիչն այն է, որ ԱՄՆ կառավարությունը կարծես թե համաձայն է այդ թեկնածությանը: Կարելի է պատկերացնել հայ-ամերիկյան հետագա հարաբերությունների ամերիկյան կողմի տեսլականը նաև մեր տարածաշրջանում, որ համաձայնել են Մակունցին ընդունել որպես դեսպան:
 
Այդուհանդերձ, հարցը ավելի խորը կքննարկենք, երբ նշանակումը լինի, բայց արձանագրենք, որ Հայաստանի արտաքին դիվանագիտությունը վերջին տարիներին իր լավագույն օրերը չի ապրում, իսկ հետպատերազմական իրավիճակում ամեն ինչ ավելի է խրվում ճգնաժամի մեջ:
 
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ձախողումներից մեկն էլ թերևս այն է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում արդեն հայտարարել է, որ.
 
 «Իրանն ուրախ է, որ եղբայրական և բարեկամ Ադրբեջանի տարածքներն ազատագրվել են օկուպացիայից և այդ հողերը վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո են»։
 
 
Ինչպես ասում են՝ no comment: Թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունի Իրանը Հայաստանի համար, կարծում եմ լրացուցիչ մեկնաբանելու կարիք չունի: Մեր 4 հարևաններից միայն Վրաստանի ու Իրանի միջոցով ենք կարողանում արտաքին աշխարհի հետ կապ ունենալ: Ու իրանական կողմի նման դիրքորոշումը խոսում է այն մասին, որ գոնե դիվանագիտական մակարդակում տապալել ենք մեր հարևանի հետ երկխոսությունը:
 
Մեր մյուս հարևան Վրաստանի տարածքում, ավելի կոնկրետ՝ Մառնեուլի քաղաքում տեղի ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատարների վրա: Նման միջադեպեր տեղի են ունեցել նաև արցախյան առաջին պատերազմի տարիներին: Հիմա նույնն է տեղի ունենում՝ կաթվածահար անելու բեռնափոխադրումները՝ Հայաստանին նաև տնտեսական վնասներ հասցնելու համար: Իսկ ինչ են անում մեր իշխանությունները այս խնդիրները չեզոքացնելու համար: Անկեղծ ասած՝ հայտնի չէ: Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություններն ուրիշ են: Մակունցին դեսպան նշանակելու մտադրությունը վկա:
 
Կարեն Դանիելյան

www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular