ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրական սիլլոգիզմի քաղաքական շղթան․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սունկը տերև չունի, սունկը բույս է, հետևաբար, որոշ բույսեր տերև չունեն»։ «Ձուկը կաթնասուն չէ, որոշ կաթնասուններ ջրային կենդանիներ են, հետևաբար, որոշ ջրային կենդանիներ ձուկ չեն»։ Վերը նշվածները սիլլոգիզմ են։ Մեր հասարակության մի ստվար հատված թերևս այդպես չէր իմանա, թե ինչ է սիլլոգիզմը, եթե նախորդ տարվա հունիսի 5-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը մի հետաքրքիր գրառում չաներ «Պարզագույն սիլլոգիզմ» վերնագրով։ Տեր-Պետրոսյանը գրել էր. «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, և ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։

Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։ Գրառումից հետո քաղաքական, փորձագիտական շրջանակները, հասարակության մի մասը դա համարեցին Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու և սատարելու փորձ, ով իր թիմի հետ գրեթե նույն բանն էր ասում քաղաքական ընդդիմախոսներին։ Այդ օրերին կորոնավիրուսի դեմ պայքարը ամբողջովին ձախողած իշխանությունների համար Տեր-Պետրոսյանի օգնությունն իսկապես օդուջրի պես պետք էր՝ ձախողման սլաքները սահուն ընդդիմադիր ուժերի և հասարակության վրա վերջնականապես տեղափոխելու համար։ Հիշում ենք, որ ի սկզբանե ժողովուրդն էր մեղավոր, քանի որ, ինչպես իշխանություններն էին ասում, մարդիկ անպատասխանատու էին, դիմակ չէին դնում, ալկոգելով չէին ախտահանվում, մեկուկես մետր հեռավորություն չէին պահում և նման բաներ։

Առհասարակ, ոչ միայն այս դրվագով պայմանավորված, այլև առհասարակ Նիկոլ Փաշինյանը միշտ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական հոգեզավակը»։ Այս պնդումն իրականում ծանր թեմա է, որին ուրիշ անգամ կանդրադառնանք։ Առաջ անցնենք։ Կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ տված իշխանությունն ու հասարակությունը սիլլոգիզմի մասին դատողությունները մինչև վերջ չհասցրեցին ի մի բերել, երբ Հայաստանն ու Արցախը ներքաշվեցին իրական պատերազմի մեջ։ Ինչ խոսք, նույնիսկ բարոյական չէ համեմատել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ու կորոնավիրուսի դեմ պայքարի՝ որպես պատերազմ բնորոշումները։ Այս իրական պատերազմը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ավարտվեց Արցախի մեծ մասի կորստով, տասնյակ հազարավոր զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, գերիներով ու փախստականներով։

Պատերազմից հետո Նիկոլն անցավ իր սիրած զբաղմունքին՝ սկզբից բունկերից, հետո աշխատասենյակից ֆեյսբուքով երկիրը կառավարելուն, լայվերով մեղավորներ նշանակելուն։ Հերթական «մեղադրական ճառերից» մեկում Փաշինյանը կարծես թե մեղավոր էր նշանակում նաև Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մոսկվա գնալու պատմությունը հիշում եք։ Սակայն այս դիմակայության մեջ հետաքրքիր է Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլին։ Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին վերջինիս խոսնակը գրեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ՝ նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է, թող դուրս տա:

Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»: Եթե անկեղծ լինենք, իսկական քաղաքական սիլլոգիզմը սա է՝ Տեր-Պետրոսյանի առաջին և երկրորդ գրառումների հատման կետը։ Բայց դա Տեր-Պետրոսյանն է, և այս ամենը շատ նման է իրեն: Ինչևէ... Հայաստանի նախորդ բոլոր նախագահներն իշխանության են եկել Արցախով, իշխանությունից հեռացել կամ հեռացվել են Արցախով։ Շատերը նշում են, որ Նիկոլ Փաշինյանն է միակը, ով իշխանության եկավ առանց Արցախի, բայց գնալու է Արցախի պատճառով։ Դա այդքան էլ այդպես չէ։ Այո, ակնհայտ է, որ Նիկոլը գնալու է Արցախի պատճառով, բայց պետք է արձանագրենք, որ նա իշխանության եկավ գերազանցապես կրկին Արցախով։ 2016 թ.-ի ապրիլ յան քառօրյա պատերազմը 2018 թ.-ի իշխանափոխության հիմնական դրայվերներից մեկն էր։

Առիթ ունեցել եմ նշելու, որ 2018-ի իշխանափոխության համար 2016-ից գեներացվում էր ամենամեծ ու ամենաստոր ստերից մեկը՝ զինվորները սոված-ծարավ, առանց զենքի, բահերով կռվում էին թշնամու դեմ։ Ցավոք, հասարակությունը կուլ տվեց այս խայծն ու գնաց հրապարակ Սերժին մերժելու։ Ինչևէ։ Արցախը միշտ եղել է իշխանության հասնելու, այն պահելու կամ կորցնելու մագնիսական առանցքը։ Այդ առանցքի շուրջ այժմ էլ տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնք որոշելու են Հայաստանի ապագա իշխանությունների ով կամ ինչպիսին լինելը։ Ամփոփենք. Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության եկավ Արցախով, իշխանությունից հրաժարական տվեց Արցախի հարցով Վազգեն Սարգսյանի և այլ ուժայինների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մինչ հրաժարականը Տեր-Պետրոսյանը Հայաստանում իշխանության հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին, որը Արցախի նախագահն էր։

Ռոբերտ Քոչարյանից հետո իշխանության ղեկն անցավ Սերժ Սարգսյանին, որը արցախցի էր, արցախի ազատագրական պայքարի գլխավոր դերակատարներց մեկը։ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերցրեց Նիկոլ Փաշինյանը, որը 2008 թ.-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ամենաառանցքային դերակատարներից մեկն էր։ 2008 թ.-ին Տեր-Պետրոսյանը չկարողացավ վերցնել իշխանությունը, ինչը 10 տարի հետո արեց նրա «քաղաքական հոգեզավակը»: Նիկոլ Փաշինյանը միանշանակ հեռանալու է իշխանությունից, ու նրան այդ հարցում խիստ օգնելու է Լևոն ՏերՊետրոսյանը, որը Նիկոլին այլևս համարում է «հոգեկան», «ազգակործան պատուհաս»։ Շղթան սկսվել է առաջին նախագահով ու, կարծես թե, ավարտվում է նրա մասնակցությամբ։ Այո, հակասություն կա՝ տպավորություն է, թե քաղաքական սիլլոգիզմի շղթան Նիկոլի հեռացման այս արարով փակվում է, բայց դա այդպես չէ՝ ամեն ինչ նորից վերադառնում է ելման դրություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular