Ղարաբաղի պատերազմի մասին ֆիլմ է ցուցադրվել լեհական հեռուստատեսությամբ․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
iarex.ru-ն «44 օր, պատերազմի մղձավանջ. Ղարաբաղի պատերազմի մասին ֆիլմ է ցուցադրվել լեհական հեռուստատեսությամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեհական «TVP Info» լրատվական հեռուստաալիքը ցուցադրել է հայտնի ռազմական լրագրող և Մերձավոր Արևելքի փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչի «Տեսանելիության խորությունը. 44 օր, պատերազմի մղձավանջ» 25 րոպեանոց ֆիլմը Արցախի պատերազմի մասին: Ֆիլմ-ռեպորտաժը ներկայացված է պատերազմի վետերանների, նրանց հարազատների, ինչպես նաև իրենց տները լքած փախստականների հետ հարցազրույցների տեսքով: Նրանցից ոմանք երկրորդ անգամ են դարձել փախստական. առաջին անգամ 90-ականներին Շահումյանի շրջանում իրենց տները թողնելով և երկրորդ անգամ հիմա, երբ հայրենի դարձած երկիրը պետք է թողնել Ադրբեջանին:
Վիտոլդ Ռեպետովիչի ֆիլմի հերոսը նաև Հայաստանի վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանն է, որը կամավոր է մասնակցել պատերազմին: Բաղինյանը 90-ականներին աշխատել է լեհական Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնում որպես բեմադրիչ, իսկ նրա կինը ՝ Ջուլիետա Ստեփանյանը, դերասանուհի է: Կարոտելով իրենց հայրենիքը՝ նրանք վերադարձել են Արցախ: Ֆիլմ-ռեպորտաժը մարդկային ճակատագրերի շուրջ հյուսված պատմությունների շարք է: «Ֆիլմը աշխարհը ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին կա, և ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք տեսնել», - ասվում է TVP- ի տեղեկատվական կայքում տեղադրված հաղորդման մեջ: Վիտոլդ Ռեպետովիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը ոչ միայն ռեպորտաժի հեղինակն է, այլ նաև ռեպորտաժում ներառված տեսանյութերի շուրջ 80 տոկոսի նկարահանողը:
Թղթակիցը պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Լեռնային Ղարաբաղում և անձամբ է տեսել ոչ միայն մարտերը, այլ նաև մայրաքաղաք Ստեփանակերտից բնակչության տարհանումը, այնուհետև պատերազմի ավարտի մասին համաձայնագրի ստորագրումից հետո նրանց վերադարձը: Իր վերջին հարցազրույցներից մեկում Վիտոլդ Ռեպետովիչն ասել է, որ վերջնական խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է: Նրա դիտարկումների համաձայն, հակամարտությունը մտել է ցածր սրացման փուլ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում