ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անառողջ ու ուղղորդված մթնոլորտի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միանշանակ պարտադիր չէ, որ պատերազմ կամ դրան համազոր աղետ լինի մեր կյանքի մյուս ոլորտներում, որպեսզի հասկանանք՝ երկրի կառավարումը հիմնովին ձախողված է, բոլոր ինստիտուտները կաթվածահար վիճակում են, ոչ մի համակարգ նորմալ չի գործում։ Բնական է, որ կրթական համակարգի տապալումն ու ոլորտի կառավարման խայտառակ վիճակը չեն կարող այնպես ցցուն երևալ, ինչպես պատերազմը բացահայտեց երկրի պաշտպանության ոլորտի և բանակի բարձիթողի վիճակը, բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ կրթության ու գիտության ոլորտները 2 տարի է՝ գահավիժում են, և դրա հետևանքներն ավելի ուշ ու բոլորովին այլ տեսքով են երևալու։

Ըստ էության, պարտադիր չէ տնտեսության մեջ անկումը ծայրահեղ չափերի հասնի, արտարժույթի արժեզրկումը և գնանկումը հարվածի բոլորին, երկրի արտաքին պարտքը հատի 10 միլիարդի սահմանը, որ հասկանանք՝ ֆինանսատնտեսական ոլորտում ոչ միայն առաջընթաց չկա, այլև դեֆոլտի ու տնտեսական կատաստրոֆայի շեմին ենք կանգնած։ Առաջնային հարց չէ և ոչ պարտադիր պայման, որպեսզի բոլորս իրավապահ համակարգի հետ անձնապես և սերտ առնչություններ ունենանք, որ հասկանանք՝ մեզանում քրեական գործերը հարուցվում և քննվում են նախնադարյան մեթոդներով՝ շարքային գործերում խայտառակ ոչ պրոֆեսիոնալիզմ է իշխում, աղմկոտ գործերում՝ իշխանությունների կամքը։

Եթե խանութներում դեռ ուտելիք կա, բենզալցակայաններում դեռ վառելիք են վաճառում, դեղատներն ու պոլիկլինիկաներն աշխատում են ու սպասարկում բնակչությանը, դեռ չի նշանակում, որ առևտրական նորմալ շրջանառություն ունենք, առողջապահական լիարժեք սպասարկում, և մեր հասարակությանը ոչինչ չի սպառնում։ Ցանկացած պահի մենք կարող ենք այս ոլորտներում էլ ունենալ «պատերազմ» և աղետ։ Օրինակ, որևէ տարերային կամ տեխնածին աղետի տեսքով, երբ կպարզվի, որ պետությունն անզոր է դա հաղթահարել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular