ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու է Քոչարյանի և Փաշինյանի միջև. քաղաքագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագետ Արմեն Բադալյանն առանձնացրել է այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն կունենան արտահերթ ընտրությունների արդյունքների վրա։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Երկրում ստեղծված անիշխանությունը, քաոսային իրավիճակն ու անվտանգությանն առնչվող բազմաթիվ խնդիրները, ներդրումների բացակայությունն ու տնտեսական վատ վիճակն ուղղակիորեն ասոցացվում են գործող վարչապետի և նրա քաղաքական թիմի հետ։ Ապագայի նկատմամբ անվստահությունը զրոյական մակարդակի է հասել։ Քաղաքացիները ստիպված են գործադիրի ղեկավարին այլընտրանք փնտրել, որպեսզի չվախենան սեփական երկրում ու սեփական տան մեջ ապրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական պայքարի մասին հայտարարությունը։

Ու թեև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, մեզանում կուսակցությունները որպես քաղաքական գործոն այդքան էլ կայացած չեն։ Սա է պատճառը, որ մարդիկ իրենց փրկությունը փորձում են գտնել անհատների մեջ։

Համադրելով քաղաքական դաշտում եղած այլընտրանքային թեկնածուների` Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հնարավորությունները, մարդիկ հասկանում են, որ նրանք չեն կարող ապահովել իրենց և մեր երկրի անվտանգությունը։ Նրանց այլ բան չի մնում անել, քան հայացքն ուղղել դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

«Նրա նախագահության ժամանակ, մեղմ ասած, շատ լուրջ խնդիրներ կային ժողովրդավարության հետ կապված` հատկապես կեղծված ընտրությունների, Ա1+-ի փակման և այլն, բայց մարդկանց գիտակցության մեջ այսօր ոչ թե ժողովրդավարության հարցն է, այլ զուտ անվտանգության»,- ասաց քաղաքագետը։

Իսկ Քոչարյանի կառավարման տարիներին, Բադալյանի խոսքով, անվտանգությունը բավականին բարձր մակարդակի վրա էր, մանավանդ, երբ նա պաշտոնավարում էր Արցախում։

Բադալյանի դիտարկմամբ` անվտանգությունից զատ, երկրորդ նախագահն ասոցացվում է նաև տնտեսական ձեռքբերումների հետ, քանի որ արդեն Հայաստանում նրա պաշտոնավարման տարիներին կառուցվեցին Հյուսիսային պողոտան, կամուրջներ, ճանապարհներ, օդանավակայաններ և տնտեսական նշանակության այլ ենթակառուցվածքներ։

Այլ հարց է, թե ինչ ձևաչափով և ինչպես է Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մասնակցել արտահերթ ընտրություններին։ Այս մասին թերևս երկրորդ նախագահը որևէ փակագիծ չի բացել։

«Պետք է հասկանալ, թե երբ են տեղի ունենալու արտահերթ ընտրությունները` մարտին, մայիսին, թե նոյեմբերին, դա էլ նշանակություն ունի։ Նշանակություն ունի նաև, թե ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու, երկրորդ նախագահը հիմնադրում է իր կուսակցությունը, թե որպես կուսակցապետ է մասնակցում ընտրություններին»,- նշեց քաղաքագետը։

Բադալյանի համոզմամբ` լրջագույն գործոն են նաև արտաքին խաղացողները`ոչ միայն ՌԴ-ն, այլև ԱՄՆ-ն։

«Բայդենի վարչակազմն ունի իր քաղաքականությունն ու մշտապես միջամտում է տարբներ երկրների ներքաղաքական գործընթացներին. Հետաքրքիր է, թե ինչպիսի գործողություն կիրականացնի ընտրական գործընթացի ժամանակ. կստեղծի արևմտամետ ինչ-որ ուժ և կփորձի ակտիվ գործողություննե՞ր իրականացնել, թե՞ դիտորդի դերում կլինի»,- հավելեց Բադալյանը։

Չնայած բազմաթիվ անպատասխան հարցերի առկայությանն ու որոշ քաղաքական ուժերի սպասելիքներին ու ակնկալիքներին, Բադալյանը համոզված է, որ անկախ մասնակցությունից, հիմնական մրցակցությունը լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular