ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվում է չտեսնված, ռեկորդային արտագաղթ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի բոլոր նախագահների օրոք երկրից արտագաղթ եղել է: Արտագաղթը տարբեր պատճառներ է ունեցել: Օրինակ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է ամենամեծ արտագաղթը՝ 586 հազար մարդ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 129 հազար և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ 307 հազար մարդ։ Ընդամենը մեկ միլիոն 22 հազ. մարդ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարման այս ժամանակաշրջանին, ապա մի փաստ արձանագրենք՝ ոչ միայն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, այլ նաև ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) փաստում են, որ Հայաստանի բնակչությունը գնալով շարունակում է նվազել: 2019 թ. ամփոփ տվյալներով, ըստ ՄԱԿ-ի «Միգրացիայի համաշխարհային զեկույց–2020»-ի, Հայաստանի բնակչությունը բնակչություն/արտագաղթող մարդկանց թվաքանակ համամասնությամբ հայտնվել է աշխարհի ամենաբացասական ցուցանիշներն արձանագրած 20 երկրների շարքում` 18-րդ տեղում: Խոստովանենք՝ տխուր պատկեր է: Ի դեպ սա մինչ պատերազմը: Ի՞նչ կա պատերազմից հետո:

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից երկրից դուրս գալու հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. պետությունները բառացիորեն փակել էին սահմանները՝ մասնակի բացառություններով։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի և ՌԴ կառավարությունները համաձայնության են եկել, և կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ, որոնց ցանկը հրապարակվել է ՌԴ կառավարության կողմից: Փետրվարի 1-ից գործարկվում է «Ճամփորդիր առանց covid-19-ի» ծրագիրը, որն առայժմ պիլոտային է՝ մինչև մարտի 1-ը:

Ուրեմն, այս լուրը բավական լայն արձագանք է ստացել մեր քաղաքացիների շրջանում. կառավարության նիստում նշյալ «ավետիսի» հրապարակումից հետո, հազարավոր մարդիկ փորձում են մանրամասն տեղեկություններ ստանալ և հնարավորինս շուտ տոմս ձեռք բերել, որպեսզի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն: Այլ առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ առաջիկայում սպասվում է Հայաստանի պատմության մեջ չտեսնված ամենամեծ արտագաղթը: Ու դա ունի օբյեկտիվ պատճառներ: Ընդհամենը մի դրվագ նկարագրեմ: Պատկերացրեք՝ դու քո երկրում մեքենայով տեղաշարժվում ես: Գորիսից Կապան ավտոճանապարհին Աստված մի արասցե, բայց կարող ես գերի ընկնել ադրբեջանցիներին, քանի որ այդ ճանապարհի 21 կմ-ը վերահսկվում է թշնամու կողմից, կամ Շուռնուխ, Որոտան գյուղերում երեխան, ով չի հասկանում գերի ընկնել ինչ է, խաղալով անցնում է թշնամու կողմ: Իսկ թշնամու կողմ ասվածը գյուղի մյուս հատվածն է: Փաստ է՝ պատերազմից հետո մենք չունենք պետություն, որը կարող է իր քաղաքացիների անվտանգությունն ապահովել: Մարդիկ կարող են վատ սնվել, վատ ապրել, բայց չեն կարող 0 մակարդակ անվտանգություն ունեցող երկրում ապրել: Ամեն օր հարյուրավոր իրական մարդկանց հետ ենք շփվում բոլորս: Երբևէ այսքան մարդ իմ շրջապատում չեմ հիշում, որ ցանկություն ունենար հեռանալու երկրից: Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հավակնում է դառնալ մի ղեկավար, ում կառավարման օրոք տեղի է ունեցել ռեկորդային արտագաղթ:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular