ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բռնապետը օկուպացրել է Արցախի տարածքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, և Հայաստան: Բաքվում նա շնորհավորել էր Ադրբեջանին պատերազմում հաղթանակի առթիվ, Հայաստանում էլ խոսել է Իրանի կարմիր գծերից՝ ասելով, թե շատ է կարևորում բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Այս ամենի շուրջ 1or.am կայքը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ՝ պարզելու համար թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը։

—Պարոն Ոսկանյան, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանից և Ադրբեջանից հետո այցելեց նաև Հայաստան: Բաքվում նա շնորհավորել էր Ադրբեջանին պատերազմում հաղթանակի առթիվ, Հայաստանում էլ խոսել է Իրանի կարմիր գծերից՝ ասելով, թե շատ է կարևորում բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

— Շատ կարևոր հանգամանք է, որ Հայաստանում Իրանի կողմից կարմիր գծերի վերաբերյալ շեշտադրում է եղել։ Բնականաբար իրանցիները սա ասելով ի նկատի ունեն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության այն տարածքը, որի նկատմամբ Ադրբեջանը և Թուրքիան ունեն ամենամեծ հավակնությունը։ Խոսքը գնում է Սյունիքի մասին։ Իրանցիները հստակորեն սահմանում են իրենց շահերը, և ես կարծում եմ այդ շահերի ոտնահարման պարագայում կարձագանքեն իրենց ունեցած հնարավորությունների ողջ գործիքակազմով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում արված հայտարարություններին, դրանք մի փոքր այլ ձևակերպում ունեն։ Ըստ էության այդտեղ խոսք է գնում օկուպացված տարածքների ազատագրման մասին։ Կարծում եմ այս պարագայում Ադրբեջանը որևէ օկուպացված տարածք չի ազատագրել, ընդհակառակը Բաքվի բռնապետը օկուպացրել է Արցախի Հանրապետության անքակտելի մաս հանդիսացող տարածքները։ Եվ ես կարծում եմ, որ այդ օկուպացիան ժամանակավոր բնույթ է կրում և մեր կողմից պետք է հստակ շեշտադրվի թե որ կողմն է օկուպանտ։

—Իրանը կարո՞ղ է հաջողել 6-ի պլատֆորմի գաղափարի առաջ մղման հարցում, որտեղ կարող են ներառվել տարածաշրջանի երկրները՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

— Այդ պլատֆորմը հնարավորություն է Իրանի համար ներգրավված լինելու այն գործընթացներում, որտեղ այժմ ներկա են Ռուսաստանը և Թուրքիան։ Բնականաբար ռուսական կողմը փորձում է հնարավորինս սահմանափակել թուրքական ներկայությունը, մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում։ Եվ այդ հարթության մեջ կարծես թե, հաշվի առնելով նաև ռուսական կողմից հնչող հայտարարությունները, ամենևին էլ դեմ չեն, որ Իրանը ներգրավվածություն ունենա ընթացող գործընթացների համատեքստում։ Ինչ վերաբերում է տվյալ պլատֆորմի ապագային, ապա կարծում եմ, որ բազմաթիվ հակասություններ կան պլատֆորմի ենթադրվող անդամ երկրների միջև։ Մասնավորապես, եթե փորձենք գնահատել Վրաստանի դիրքորոշումը, ապա այն ակնհայտ որոշ չափով սառն է և դա պայմանավորված է Վրաստանի արևմտամետ քաղաքական ուղեգծի որդեգրմամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ մեր շահերից չի բխում որևէ ձևաչափ որտեղ պետք է ներգրավված լինի Թուրքիան։ Որովհետև մենք իրականության մեջ այժմ և բավական ժամանակ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական միասնական դիրքորոշումների հետ բազմաթիվ խնդիրներ։ Հետևաբար, թուրքերի ներգրավումը նման գործընթաց կամ ձևաչափի դեպքում, որտեղ Թուրքիան կունենա հավասարաչափ ներգրավվածություն ընդհուպ մեր դաշնակից Ռուսաստանի հետ զուգահեռ կամ մեր բարեկամ Իրանի հետ զուգահեռ։ Հետևաբար բազմաթիվ խնդիրներ կան, շահերի բախումներ կան, ինչը նշում եմ, պլատֆորմի կենսագործումը դարձնում է, ըստ իս, ոչ իրատեսական։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular