ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են բնակիչները դժգոհ նոր վերելակներից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում մայրաքաղաքի բնակիչները հաճախակի ահազանգում են, որ նոր տեղադրված վերելակների մեծ մասն ուղղակի պատուհաս է դարձել, երբեմն ավելի վատ են աշխատում, քան շարքից դուրս եկած, 35-40 տարվա վերելակները: Բնակիչներից մեկն անգամ նշում էր՝ ավելի լավ է նոր վերելակը տանեն, մեր հին վերելակը հետ բերեն: Նշում են՝ նոր վերելակները տեղադրելուց հետո դրանք անընդհատ խափանվում են, համակարգային խնդիրներ են առաջ գալիս: Փաստորեն մարդիկ նոր վերելակների առկայության պարագայում շարունակում են ոտքով բարձրանալ ընդհուպ 16-րդ հարկ: Եթե բախտները բերում է և կարողանում են օգտվել վերելակից, աշխատելիս այն անընդհատ ճռճռում է, 8 հոգու համար նախատեսված վերելակում հինգ հոգի նստելու դեպքում զգուշացնում է, որ ծանրաբեռնված է, բայց դռները փակում ու շարժվում է: Սրանք խնդիրներից մի քանիսն են, բայց ոչ եզակիները:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշում է՝ քաղաքապետարանը տեղյակ է խնդիրներին, դրանց հասցեական արձագանքում է: Նշում է՝ վերջին մի քանի շաբաթների դիտարկումները ցույց են տալիս, որ վերելակների խափանումներն ունենում են մի քանի հիմնական պատճառ, մասնավորապես՝ գործ ունենք թե՛ տեխնիկական, թե՛ մարդկային գործոնների հետ։ Սակայն նախքան վերելակների խափանումների պատճառներին անդրադառնալը Կարապետյանը հիշեցնում է՝ ձեռք է բերվել հինգ հարյուր վերելակ։ «Շեշտենք, որ առանց չափազանցության Երևանում վերելակային տնտեսության ձևավորումից ի վեր երբևէ նման ծավալի փոխարինման աշխատանքներ չեն եղել։

Այսինքն՝ Երևանում 20-րդ դարի 50-60-ական թվականներից բազմահարկերի ինտենսիվ կառուցապատումից ի վեր տեղադրված վերելակները երբևէ չեն փոխվել և առավել ևս նման ծավալներով չեն փոխվել։ Սա փաստ է, որը մենք մի քանի անգամ նշել ենք, ավելորդ չէ նորից դա ասել։ Եթե անկախության տարիներին մինչև 2019 թվականը փոխարինվել է շուրջ երեսուն վերելակ, ապա 2018-2020 թվականների ընթացքում փոխարինվել է արդեն 500-ը, իսկ այս տարի արդեն պլանավորվում է ևս 300-ը փոխարինել։ Հասկանալի է, որ նման ծավալը նաև լուրջ մարտահրավեր է թե՛ քաղաքային կոմունալ ծառայությունների մասնագետների համար, թե՛ համատիրությունների սպասարկող անձնակազմի համար և թե՛ ներկրող ընկերության համար։ Վերելակները ներմուծվում են ըստ տեխնիկական պահանջի, բայց շենքերից ամեն մեկն ինչ-որ առանձնահատկություն ունի՝ հորաններն են մեկը մի քիչ լայն, մեկը մի քիչ նեղ, հորանների ներսում առկա վիճակն է տարբեր, մեկը մի քիչ ավելի շատ է մաշված, մյուսը՝ ծռմռված և այլն, և այլն։

Այսինքն՝ ինչ-որ մի տեղ ձեռք բերված վերելակը նորմալ համապատասխանում է հորանին, ինչ-որ մի տեղ չի համապատասխանում։ Ընդհանրապես մասնագետներն ասում են, որ նոր տեղադրված վերելակներն ունեն այնպիսի հասկացողություն, ինչպիսին է «աբկատկան»։ Նրանք, ովքեր նաև մեքենաներից են հասկանում, գիտեն, որ նոր ձեռք բերված, նոր գործարկվող մեքենաների դեպքում որոշ ժամանակ է պահանջվում, որպեսզի շարժիչները սկսեն նորմալ աշխատել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ այս հարցում կա նաև մարդկային գործոնը: «Որոշ դեպքերում գործ ունենք մարդկային գործոնի հետ։ Սովետական հին, կոշտ վերելակներին են սովոր մեր քաղաքացիները: Դրանց համեմատ նոր վերելակներն մի քիչ ավելի նուրբ են, աշխատում են նաև էլեկտրոնային սխեմաների միջոցով։

Երբեմն փորձում են «խաբել» վերելակին, թռվռում են մեջը, որպեսզի քաշը չֆիքսվի։ Դրանից կարող են առաջանալ խափանումներ, չհաշված, որ երեխաները կարող են ինչ-որ բան վնասել և այլն, և այլն։ Տեղադրված վերելակների մասով այնպես չէ, որ խնդիրը չկա, կան մի քանի տասնյակ վերելակներ, որոնց շահագործման ընթացքում այս խնդիրները վեր են հանվել։ Կարծում եմ՝ սպասարկման մասնագետները շատ շուտ կսովորեն նոր վերելակներին և այդ խնդիրները մինիմումի կհասցնեն»,-եզրափակում է Հակոբ Կարապետյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular