ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշվարկվել է Ղարաբաղում ոչնչացված ռուսական զրահատեխնիկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
mk.ru-ն գրում է, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ավարտվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին, սակայն կորուստների հաշվարկը դեռ շարունակվում է: Հակամարտության ընթացքում ոչնչացված ռազմական տեխնիկայի քանակի վերաբերյալ տեղեկատվություն փորձում են հավաքել ոչ միայն պաշտոնական կառույցները, այլ նաև համացանցային փորձագետները: Վերլուծելով հակամարտության գոտու լուսանկարներն ու տեսանյութերը՝ փորձագետները արձանագրել են վնասված ռազմական տեխնիկայի քանակը, այդ թվում ռուսական արտադրության:
 
44 օրվա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում երկու կողմերն էլ անձնակազմի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ են ունեցել: Հակամարտության ընթացքում ոչնչացված զրահատեխնիկայի թիվը հասնում է հարյուրների, իսկ երկու կողմերից զոհված զինծառայողների թիվը հասնում է մի քանի հազարի:
Ադրբեջանի զինված ուժերը մարտական գործողություններում ակտիվորեն օգտագործել են ռուսական արտադրության ժամանակակից ռազմական տեխնիկա. Տ-90Ս տանկեր և ՀՄՏ-82Ա զրահափոխադրիչներ, ինչպես նաև թուրքական Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքեր:
 
LostArmour կայքի փորձագետները հաշվել են հակամարտության ընթացքում ոչնչացված ռազմական տեխնիկայի քանակը վերլուծելով մամուլի, լրատվամիջոցների և առանձին մարտիկների կողմից արված լուսանկարներն ու տեսանյութերը հակամարտության գոտուց: Ստացված տեղեկատվության հիման վրա մասնագետները կարողացել են ամփոփել հակամարտության նախնական արդյունքները:
Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերի կողմից կորցրած ռազմական տեխնիկայի ընդհանուր քանակը գնահատվել է 198 միավոր, Ադրբեջանը` 101 միավոր:
 
Ամենաշատ կորուստները բաժին են ընկնում տանկերին և թեթև զրահամեքենաներին. 16 խփված տանկ Ադրբեջանից, 32-ի դիմաց Հայաստանից և ԼՂՀ-ից: Ադրբեջանական կորուստների թվում է մարտում Տ-90Ս տանկի ոչնչացման առաջին արձանագրված դեպքը: Այդ մոդելի ևս մի քանի տանկ վնասվել է, բայց հետագայում վերականգնվել և վերադարձվել շահագործման:
 
LostArmour-ի փորձագետները արձանագրել են առնվազն ութ ռուսական արտադրության ՀՄՏ-82Ա զրահափոխադրիչների ոչնչացում: Նրանցից առնվազն երկուսը խոցվել են ձեռքի հակատանկային հրթիռային համակարգերից Հորադիզի շրջակայքում: Այլ զրահամեքենաների ոչնչացման հանգամանքները դեռ պարզված չեն: Ոչնչացված թեթև զրահամեքենաների ընդհանուր թիվը գնահատվում է 22 միավոր Ադրբեջանից և 28 միավոր հայկական ուժերից:
 
Ռազմական տեխնիկայի կորուստների մնացած մասը բաժին է ընկնում թնդանոթներին և հրթիռային հրետանուն, անօդաչու թռչող սարքերին և զենիթահրթիռային համակարգերին: Հայաստանի ու ԼՂՀ-ի զրահատեխնիկայի մեծ մասը ոչնչացվել է օդից՝ հարձակողական անօդաչու թռչող սարքերի կողմից:
 
Ադրբեջանական զրահամեքենաները հիմնականում ոչնչացվել են հրետանու, հակատանկային ականների, ինչպես նաև ձեռքի նռնականետերի ու հրթիռային համակարգերի միջոցով: Միևնույն ժամանակ, ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել թուրքական արտադրության առնվազն երկու Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարք:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular