ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի 7,5 տոկոսանոց տնտեսական գահավիժումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանում տնտեսական անկումը 2020 թ․-ին կազմել է 7,5 տոկոս։ Այն դեպքում, երբ կառավարությունը կանխատեսում էր 2 տոկոս տնտեսական անկում։ Սակայն դեռևս տարվա կեսերից ակնհայտ էր, որ տնտեսական անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու։ Ընդ որում, իրական անկումը հաստատապես ավելի մեծ է, քան 7,5 տոկոսը։ Վիճակագրական կոմիտեն այս իշխանության կեղծիքները դակող հիմնական կառույցներից է, և ամբողջ ջանքերը ներդնում է տնտեսական խայտառակ վիճակը մեղմացնող պատկեր ցույց տալու համար։ Թերևս այդ պատճառով է, որ այս կառույցի ղեկավարը չարժանացավ Նիկոլ Փաշինյանի հորինած «նախկիններ» անվանմամբ քարոզչական ահաբեկչությանը։

Պետք է փաստենք, որ տնտեսության առանց բացառության բոլոր ճյուղերը 2020 թ․-ի դեկտեմբեր ամսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ անկում են ունեցել, իսկ ընդհանուր տնտեսական անկումը տարվա վերջին ամսին նախորդող տարվա վերջին ամսվա համեմատ կազմել է 8,8 տոկոս։ Սա փաստում է տնտեսական անկման տեմպի ավելացման մասին։ Եթե անդրադառնանք տարեկան ցուցանիշներին, ապա արդյունաբերությունում 2020 թ․-ին 2019 թ․-ի համեմատ անկումը կազմել է 0,9 տոկոս, շինարարությունում՝ 9,5 տոկոս, առևտրում՝ 14 տոկոս, ծառայություններում՝ 14,7 տոկոս և միայն գյուղատնտեսությունում արձանագրվել է 1,4 տոկոս աճ։

Գյուղատնտեսությունում այս փոքրիկ աճը վիճկոմը «կյանքի գնով» պահում էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն բոլորին է հայտնի, որ վիճակագրական ցուցանիշների ամենավիճելին լինում են հենց գյուղատնտեսության մեջ և հենց այս ճյուղն է իշխանության դեմքը «փրկում»։

Սկզբունքորեն նույն պատկերն է նաև արտաքին առևտրում․ արտահանումը նվազել է 4,9 տոկոսով, ներմուծումը՝ 17,7 տոկոսով։ Եվ միակ ոլորտը, որտեղ աճ է արձանագրվում անփոփոխ է՝ պետական համակարգի աշխատավարձերը։ Այստեղ արձանագրված 5,3 տոկոս աճը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն իշխանական կուսակցության անդամների աշխատավարձեր գումարած պարգևավճարներն են։ Ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ պատերազմը այս հարցում ազդեցություն չեն ունենում։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ինքն է պարգևավճարների բարձրացման հեղինակը, իսկ այս տարի պետական բյուջեով նախատեսվում է մոտ 18 մլրդ դրամով ավելացնել պարգևավճարների համար հատկացված գումարի չափը։

Ամփոփելով, ընդգծենք, որ անցած տարին մեր երկրի համար վատթարագույնն էր ոչ միայն մեզ բաժին հասած դաժան փորձությունների, այլև տնտեսական անկման առումով։ Բացառությամբ 2009 թ․-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարվա, վերջին 25 տարիներին, իսկ 2009թ․-ից հետո՝ վերջին 10 տարում նման կտրուկ տնտեսական անկում Հայաստանում չէր արձանագրվել։ Եվ դրա հիմնական պատճառը իշխանության ղեկին պետական կառավարման հետ կապ չունեցող և շոուներով երկրի տնտեսությունը փլուզող «հպարտների» վարչապետն է և նրա շուրջ գտնվողները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular