Վերջին տարիներին տնտեսական զարգացման ռազմավարություն չունենք
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2020 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփվել են, ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՏԱՑ ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ պարզելու համար թե այս ամենը ինչ միտումների մասին է խոսում։
—Պարոն Խաչատրյան, 2020 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփվեց: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՏԱՑ ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով։ Սա ի՞նչ միտումների մասին է փաստում, և արդյո՞ք 2021 թվականը ևս տնտեսության համար ճգնաժամային է լինելու։
— Այն, որ 2020 թվական տնտեսության անկումը 7,5 տոկոս է կազմել, դա խոսում է այն ճգնաժամային իրավիճակի մասին, որը տնտեսությունում տիրում է։ Դեռևս 2020 թվականի մարտ ամսից սկսած համավարակով պայմանավորված, տնտեսությունում բացասական միտումները սկսեցին ի հայտ գալ, այսինքն ակնհայտ երևաց, որ տնտեսության տարբեր ճյուղեր անկում են ապրել, այդ թվում նաև արտահանումն ու ներմուծումը։ Ցավոք սրտի կառավարությունը չկարողացավ ժամանակին պատշաճ քայլեր ձեռնարկել այդ անկումը թույլ չտալու համար։ Ու մենք ամբողջ տարին փաստացի տեսանք այդ անկումային տրամադրությունների շարունակություն։ Ընդ որում սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին էլ պատերազմով, իսկ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին էլ պատերազմի հետևանքների և արդյունքում ստեղծված անորոշություններով պայմանավորված անկման տենդենցը էլ ավելի մեծացավ ու արդյունքում ունեցանք 7,5 տոկոս։ Իմ կարծիքով այդ ամենը փաստացի խոսում է ծանր տնտեսական վիճակի մասին, որն այսօր առկա է տնտեսությունում։
—Սոցիալական խնդիրների սրման միտում է նկատվում։ Մի կողմից գների աճ կա երկրում, մյուս կողմից՝ մարդկանց եկամուտները չեն ավելացել, որոշ ոլորտներում անգամ նվազել են։ Աղքատության աճ կարո՞ղ է լինել, ի՞նչ պետք է անել։
— Միանշանակ, երբ որ տնտեսությունը ճգնաժամի փուլում է ու անկում է ապրում, բնականաբար մարդկանց եկամուտները չեն կարող աճել։ Ու այստեղ, իրականում, պետությունը լուրջ անելիք ունի, որոշակի իմաստով տնտեսական քաղաքականությունը վերաիմաստավորելու ու ինչ-որ գործիքներ օգտագործելով տնտեսության զարգացումը ապահովելու։ Այսինքն, աղքատացում թույլ չտալու, սոցիալական խնդիրների էլ ավելի սրացում թույլ չտալու համար պետությունը պետք է հստակ քաղաքականություն իրականացնի, տնտեսական քաղաքականություն վարի։ Որը ցավոք չենք տեսնում ու փաստացի վերջին տարիներին մենք ուղղակիորեն հստակ ոչ ռազմավարություն ունենք տնտեսական զարգացման, ոչ հայտնի է թե պետությունը ինչ առաջնահերթություններ է սահմանել, ինչ ուղղությամբ է պատկերացնում տնտեսության զարգացումը ու եթե իրապես առանձին վերցրած թե ոլորտների կտրվածքով, թե առանձին հատվածների կամ ընդհանուր տնտեսության կտրվածքով նայենք, ապա կտենսենք, որ տնտեսությունը այս ընթացքում առավելապես իներցիոն գործընթացների բերումով է զարգացել։
Սոնա Գիշյան