«Սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում». ո՞վ է խոսում մանիպուլյացիաների մասին․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցի ճնշման արդյունքում վարչապետ ընտրվեց, մարդիկ նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ վերջինիս կառավարման արդյունքում Հայաստանը ոչ միայն զարգացում չի ապրելու, այլև երկիրը հետընթաց է արձանագրելու, դեռ ավելին՝ հայտնվելու է ծանր պարտության հորձանուտում։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքացիներն այդքան արագ հավատ ընծայեցին Փաշինյանին, որ վերջինս օրերի ընթացքում հնարավորություն ստացավ «գրավել» իշխանությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ հանրային ակնկալիքները սին են ու անհիմն։ Խնդիրն այն է, որ Փաշինյանին հաջողվեց հմուտ կերպով մանիպուլացնել հասարակությանը։
Նա հանդես էր գալիս մարդկանց համար ականջահաճո և պոպուլիստական բազմաթիվ խոստումներով՝ ժողովրդին խոստանալով, որ իր կառավարման արդյունքում տնտեսությունը զարգանալու է, քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է, կոռուպցիան իսպառ վերանալու է, ամրապնդվելու է Հայաստանի ինքնիշխանությունը և այդպես շարունակ։ Սրանով հանդերձ, Փաշինյանն այդպես էլ չէր ներկայացնում ճանապարհային քարտեզ կամ քայլերի հաջորդականություն, թե ինչպես է կյանքի կոչելու իր բազմապիսի խոստումները։ Խնդիրն այն է, որ հենց ինքը՝ Փաշինյանն էլ հստակ պատկերացում չուներ, թե ինչպես է ժողովրդի ակնկալիքներն իրականություն դարձնելու։ Նաև պետք է հաշվի առնել, որ իշխանական թիմն էլ իր հերթին չուներ այն որակները, որոնք հնարավորություն կտային ձեռնամուխ լինել Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծմանը։
Հարցն այն է, որ մեծ թվով պատահական մարդիկ փողոցից ուղղակի հայտնվեցին բարձր և պատասխանատու պաշտոններում։ Բայց սրան զուգահեռ սոցցանցերում և լրատվական դաշտում իշխանությունները բազմաթիվ մանիպուլ յացիոն քայլերի միջոցով լծվեցին այնպիսի ֆոն ապահովելու գործին, թե իրականում ամեն ինչ դրական է, ժողովուրդը լավ է ապրում, իսկ որոշ դավադիր ուժեր ցանկանում են խանգարել իրենց։ Փաստացի Փաշինյանի իշխանությունն այս երկուսուկես տարվա ընթացքում հիմնված է եղել ստի ու կեղծիքի վրա, որն իր գագաթնակետին հասավ անցած տարի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում, երբ իշխանությունները հանրությանը հրամցնում էին, թե գնում ենք դեպի հաղթանակ, բայց իրականում առաջնորդեցին դեպի խայտառակ կապիտուլ յացիա։
Չնայած այս հանգամանքին՝ Փաշինյանը դեռևս հույսեր է կապում, որ ինչպես եղել է նախկինում, այդպես էլ հիմա կկարողանա շարունակել հանրությանը քթից բռնած ման տալ։ Սակայն ներկայիս իրադրության պայմաներում, քանի որ բոլոր փաստերն իր դեմ են, Փաշինյանը նոր տակտիկա է որդեգրել։ Նախ՝ նա հասարակության համար առանցքային կարևություն ունեցող հարցերի շուրջ այնպիսի հայտարարություններ է անում, որոնք ոչ միայն տարընթերցման տեղիք են տալիս, այլև դիպչում են հանրության նուրբ լարերին և լուրջ բողոքի հասունացման թեմա են դառնում։ Միայն հանրային կրքերի բորբոքումից հետո Փաշինյանը, նրա խոսնակն ու ԱԺ-ում հանգրվանած «մահապարտները» սկսում են լծվել Փաշինյանի հայտարարությունները թարգմանելու գործին, թե սա է ցանկացել ասել, կամ այս չի նկատի ունեցել և այլն։
Սակայն Փաշինյանի այսպիսի հայտարարությունները գնալով հաճախակի են դարձել, դրանից վերջինն էլ վերաբերում էր Շուշիի՝ ոչ հայկական լինելու խնդրին։ Իսկ ինչո՞ւ է այդպես: Մի տարբերակն այն է, որ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ ու, իր բնավորության գծերին համապատասխան, պահի տակ անպատասխանատու և անհավասարակշիռ հայտարարություններ է անում, ապա սկսում «սրբագրել»։ Սակայն շատ ավելի հավանական է, որ նա պետության անվտանգության հետ կապված գլոբալ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար կեղծ օրակարգեր է ներմուծում քննարկումների դաշտ և փորձում հենց դրա շուրջ ձևավորել հանրային դիսկուրսը։ Բայց ամենամեծ զավեշտն այն է, որ լինելով հմուտ մանիպուլ յատոր, ժամանակ առ ժամանակ Փաշինյանը մանիպուլ յացիաների մեջ է մեղադրում ուրիշներին։ Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում