ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ստեղծվել է տնտեսական «կաշա»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է՝ պետբյուջեի հարկային եկամուտներն անցած տարի նվազել են ավելի քան 79 մլրդ դրամով։ Ընդհանուր առմամբ բյուջեի հարկային եկամուտները կրճատվել են 5,4 տոկոսով։ Առաջին հայացքից թվում է, թե դա հավասարաչափ կամ գրեթե հավասարաչափ պիտի բաշխվեր հարկային դաշտում։ Բայց այդպես չէ։ Խոշորների դեպքում նվազումն անհամեմատ ավելի մեծ է, քան փոքրերի։ Խոսքը գումարային արտահայտության մասին չէ։ Գումարային արտահայտությամբ այդպես էլ պետք է լիներ։ Խոշորներն ապահովում են բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսից ավելին։ Բնական է, որ գումարային արտահայտությամբ նվազումը նրանց պարագայում պետք է ավելի մեծ լիներ։ Բայց խոսքը գումարային արտահայտության մասին չէ։ Խոսքը տոկոսային հարաբերության մասին է։ Տոկոսային հարաբերությամբ խոշորների մոտ նվազումն անհամեմատ ավելի մեծ է, քան փոքրերի դեպքում։ Խոշորների մոտ վճարած հարկերն անցած տարի կրճատվել են 6,9 տոկոսով։ Այնինչ՝ փոքր հարկատուների դեպքում կրճատումն ընդամենը 1,3 տոկոս է։ Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ բյուջեի հարկային բեռն ավելի շատ ծանրացել է փոքրերի, քան խոշորների վրա։ Դա հարկային ճնշման ուժեղացմա՞ն, վարչարարության խստացմա՞ն, թե՞ բեռի ավելացման հետևանք է, դեռ պետք է ճշտել։ Բոլոր դեպքերում, այն չի բխում փոքր բիզնեսի շահերից։ Առանց այն էլ փոքր բիզնեսը մի կարգին վիճակում չի գտնվում։ Առավել ևս, չի գտնվել անցած տարի, երբ տնտեսությունը հայտնվեց խորն անկման ու դեպրեսիայի մեջ։

Այդ պայմաններում բոլորովին էլ տեղին չէ բյուջեի հարկային բեռը խոշորներից փոքրերի վրա տեղափոխվելը։ Դրա հետևանքով փոխվել է նաև բյուջեի հարկային եկամուտների ձևավորման կառուցվածքը. նվազել է խոշորների մասնակցությունը՝ ի հաշիվ փոքրերի։ Եթե մեկ տարի առաջ խոշորներին բաժին էր ընկել պետական բյուջե վճարված հարկային եկամուտների գրեթե 72,4 տոկոսը, ապա անցած տարվա արդյունքներով՝ այն նվազել է և կազմել 71,2 տոկոս։ Փոքր հարկատուների բաժինը բյուջեի եկամուտների ձևավորման մեջ ավելացել է 1,2 տոկոսով։ Եթե դա տեղի ունենար տնտեսության զարգացումների ու վերաբաշխումների պարագայում, անշուշտ, այլ կլիներ։ Բայց ինչպես գիտենք, անցած տարի Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէր։ Ու այդ պարագայում մտահոգիչ է, երբ բյուջեի հարկային եկամուտների ձևավորման կառուցվածքում ավելանում է փոքր հարկատուների մասնաբաժինը, իսկ խոշորներինը նվազում է։ Անցած տարի, ընդհանուր առմամբ, բյուջեն պակաս է ստացել 79 մլրդ դրամի հարկային եկամուտ, որից 73,5 միլիարդը բաժին է ընկել 1000 խոշորներին։ Մնացած բոլոր հարկատուների վճարած հարկերը նվազել են ընդամենը 5,5 միլիարդով։ Բազմաթիվ խոշոր հարկատուներ անցած տարի ավելի քիչ հարկ են վճարել, քան 2019թ.-ին։

Այդպիսի հարկատուներից է նաև վերջին տարիներին խոշորների ցանկը գլխավորող «Գրանդ Տոբակոն»։ Վերջինս, թեև կատարել է 50,6 մլրդ դրամից ավելի հարկային պարտավորություն, այնուհանդերձ, շուրջ 6,4 միլիարդով պակաս հարկ է վճարել։ Արտադրության անկումը, բնականաբար, սպառման կրճատման հետևանք է։ Դա, ըստ էության, կապված է նաև ակցիզային հարկի բեռի ավելացման հետ։ Մտահոգիչ է, որ այդ բեռն առաջիկա 4 տարիներին դեռ շարունակելու է աճել, ու մեծ հարց է, թե այն ինչպես կանդրադառնա տեղական արտադրության վրա։ Անցած տարվա արդյունքներով, որոշակի բացասական միտումներ արդեն նշմարվում են։ Ի տարբերություն տեղական արտադրողների՝ ավելացել են ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության վճարած հարկերը։ Եթե այս փոփոխությունը տեղի է ունեցել տեղական արտադրողի հաշվին, ապա դա նշանակում է, որ տեղական արտադրությունը կորցնում է մրցունակությունը և տեղը զիջում է ներմուծողին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular