ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞ւմ և ինչի՞ համար է պետք է ԼՂ-ում ռուս-թուքական համատեղ դիտորդական կենտրոնը». Regnum

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծմանը:

Ըստ հեղիանակի, արցախյան ուղղությամբ տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն, որոնք հակամարտության հետագա կարգավորմանը զուգահեռ գործընթացներ են նշանավորում:

Առաջին. Ադրբեջանի տարածքում բացվել է հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն: Այս առիթով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, կողմերը «հույս են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը նպաստելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ ստորագրված հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»: Սակայն, ըստ Տարասովի, կարևոր է սա պարզաբանել: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Աղդամի Կիյամադդինլի բնակավայրի տարածքում՝  համաձայն 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի: Կենտրոնի աշխատանքներին՝ հավասարության սկզբունքով, մասնակցում են 60-ական զինծառայող յուրաքանչյուր կողմից: Կենտրոնն ուղիղ կապի մեջ է հակամարտության կողմերի ռազմական հրամանատարության և վերահսկողության մարմինների, ինչպես նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբների հետ:

Երկրորդ. Մոսկվայում կայացել է  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հիմնական ոլորտները, որոնք բխում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի իրականացումից: Միևնույն ժամանակ, կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը. երկաթուղային, ճանապարհային և համակցված տրանսպորտի համար, փոխադրումների և վերահսկողության ապահովման համար, այդ թվում ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ ոլորտների շրջանակներում: Ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել փորձագիտական ենթախմբերի կազմավորումը, որոնք էլ, իրենց հերթին, մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը կանցկացնեն իրենց առաջին հանդիպումները: Որոշվել է եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ժամանակացույցը համաձայնեցվելու է համանախագահների կողմից`աշխատանքային կարգով, անցկացնել Մոսկովայում:

Հոդվածագիրը նշել է, որ գործնականում այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չկան, պարզ է միայն այն, որ կողմերը էականորեն առաջարկելու և քննարկելու են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման արդեն հայտնի և, հնարավոր է նաև, նոր տարբերակներ՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում: Իհարկե, հաջողությունը կախված է հակամարտող պետությունների կողմից եռակողմ հայտարարության դրույթների պահպանումից, նշել է Տարասովը՝  ընդգծելով, որ դա կարծես, սլաքն ուղղում է դեպի հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Անցյալ տարվա վերջին Ալիևը հետևյալ կերպ է բացատրել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծումը. «Որքան շուտ սկսի գործել մոնիթորինգի կենտրոնը, այնքան ավելի լավ, քանի որ, չնայած պատերազմից անցել է գրեթե երկու ամիս, դեռևս առկա են վտանգներ և սպառնալիքներ: Մեր տարածքում գործում են հայկական անվերահսկելի զինված կազմավորումներ, նրանց մի մասը չի ցանկանում հեռանալ, հանձնվել: Ուստի մոնիտորինգի կենտրոնը միանգամայն անհրաժեշտ է այդ սպառնալիքը վերացնելու և ապագայում՝ մեր ամբողջ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ցավոք, Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ապրում են ռևանշիստական մտքերով՝ բացահայտ հայտարարություններ անելով այն մասին, որ կգա մի օր, երբ նրանք պատերազմ կսկսեն Ադրբեջանի դեմ և կգրավեն ադրբեջանական հողերը»: Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները նույնպես որոշակիորեն «թեթև» հայտարարություններ են արել այս կապակցությամբ, նշել է հոդվածագիրը:

Տարասովը հարցականի տակ է դրել այն հարցը, թե հակամարտության որ կողմն է խախտելու հրադադարի ռեժիմը՝  հաշվի առնելով այն փաստը, որ շփման գծի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահ առաքելության զորքեր, որոնք վերահսկում են իրավիճակը:

«Նույնիսկ եթե պատկերացնենք, որ այսպես կոչված «ռևանշիստական» ուժերը իշխանության են գալիս Երևանում, դժվար թե տեսանելի ապագայում նրանք պատերազմ սանձազերծելու ունակություն ունենան», - գրել է Տարասովը և հավելել, որ պատահական չէ, որ թուրք փորձագետներն սկսում են ինչ-որ լրացուցիչ «թաքնված իմաստներ» փնտրել հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման գործում՝ օրինակ բերելով Habertürk-ի հետևյալ հրապարակումը. «Անկարան ներգրավված չէր Ղարաբաղի շուրջ բանակցություններում, և այս տարածաշրջանում իրավիճակը դիտարկելու համար համատեղ կենտրոնի ստեղծումը, Մոսկվայի հետ Սիրիայում ձեռք բերված, բացառապես ռազմատեխնիկական և քաղաքական համագործակցության շարունակություն է, սակայն արդեն իսկ այլ ՝ ավելի բարձր տեխնիկական մակարդակում»:

Հեղինակը նշել է, որ ռուսական «Ռոսիյա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ  ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացարձակապես կապ չունի ռուս խաղաղապահ առաքելության հետ և շեշտել, որ այս երկու առաքելությունները պետք է տարանջատվեն միմյանցից:

Հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը նկատել է, որ թուրքական կողմը կցանկանար Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն ունենալ որպես խաղաղապահ առաքելություն, սակայն իրավական իմաստով դա այդպես չէ: Չնայած ապագայում Անկարան հավանաբար կվերադառնա այս հարցին, կարծում է հեղինակը և նշում, որ, այնուամենայնիվ, թուրք փորձագետները կարծում են, որ «կարող է պատահել, որ հակամարտության գոտում խաղաղապահների կարգավիճակը որոշելիս ԱՄՆ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պահանջի, որ Թուրքիան հեռացվի Անդրկովկասից, որպեսզի թույլ չտա նրան՝ ապագայում  աշխատել Ռուսաստանի հետ»:

«Արդյոք ապագայում Բաքվին կհաջողվի Անկարան վերածել «ղարաբաղյան հավասարման մի մասի»: Հարցը բաց է: Եվ արդյո՞ք դա պետք կգա Մոսկվային, քանի որ Լեռնային Ղարաբաղում դեռևս խաղաղություն չկա, այլ միայն զինադադար է, և տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ բուռն քննարկումները դեռ առջևում են», - նշել է հոդվածագիրը:

Հեղինակը նշել է, որ եվրոպացի փորձագետներից մեկի կարծիքով իրավիճակն Անդրկովկասում կփոխվի և հնարավոր է, որ լարվածությունն ավելանա՝  նունիսկ տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումից հետո:

Եզրափակելով իր հոդվածը՝  Տարասովը գրել է. «Այս պարագայում հրադադարի պահպանման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը պետք է զգացնել տա իրեն: Ի հայտ են գալիս նոր գործոններ և աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք Մոսկվային կստիպեն յուրաքանչյուր հաջորդ քայլն ավելի մեծ խնամքով նախապատրաստել» և հավելել, որ, միևնույն ժամանակ, բոլոր հույսերը կապված են, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանձնաժողովի` աշխատանքների մեկնարկի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular