ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գաղափարական պայքար վերջին տարիներին չենք տեսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

16 քաղաքական ուժերի չգրանցած արդյունքների, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և գաղափարական ընտրությունների մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ։

—Պարոն Մարգարով, արդեն կարելի է արձանագրել, որ 16 քաղաքական ուժերի փողոցային պայքարն արդյունք չի տվել և ըստ շրջանառվող լուրերի, նրանք պառակտվել են։ Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը, ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկա ամիսներին։

— Եթե ասում եք, որ նրանք չեն հասել իրենց նպատակին այն տեսակետից, որ Փաշինյանը դեռ շարունակում է պաշտոնավարել որպես վարչապետ, ապա այս նպատակին նրանք չեն հասել, ինչպես նաև չեն հասել այն նպատակին, որ Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիա սկսվի։ Չնայած օրվա իշխանության դեմ բողոք հասարակության մեջ կա, բնականաբար, դա կարող ենք տեսնել ֆեյսբուք սոցիալական ցանցի գրառումներից, չնայած, որ ֆեյսբուքը ներկայացչական տիրույթ չէ, որովհետև այնտեղ կարող ենք հանդիպել ամեն ինչ՝ սկսած ֆեյքերից մինչև իրական օգտատեր և իրական ներկայացուցչություն։ Այս տեսակետից ասել, որ Հայաստանում բողոք չկա կամ չի եղել սուտ կլինի։ Եթե փորձեմ ասել, թե ինչ իրավիճակ է Հայաստանում այսօր, ապա իրավիճակը մի կողմից այնպիսին է, որ իշխանությունը փորձում է պահպանել սեփական ներկայությունը իշխանության մեջ, բարձրացնել սեփական լեգիտիմությունը, այսինքն շատ լավ գիտակցում են, որ այսօր չունեն այն լեգիտիմությունը, որը ունեին 2018 թվականին։ Այսինքն, իրենց օժանդակող հատվածի մի մասը այսօր իրենց հետ չեն։ Եվ ինչպես մտածում էինք երկու տարի առաջ, որ հասարակական, քաղաքական կյանքը չի կարող լինել մոնոպոլիզացված մեկ քաղաքական ուժի կողմից։ Եվ հիմա այս հարցը շատ լավ դիտարկում ենք երկու կողմից։ Մի կողմից խոսում է այն դաշտը, որը փորձում է իրեն ներկայացնել որպես ընդդիմություն, մյուս կողմից մի մասն է, որը եղել է կողմնակիցը 2018 թվականի իրադարձությունների, աստիճանաբար դուրս է մղվում քաղաքականությունից, որպես պասիվ մասնակից։ Որովհետև մի մասը հիասթափվել է։ Իշխանության համար խնդիրը կայանում է նրանում, որ հիմա նրանք պետք է փորձեն կատարել, ապահովել այն գործողությունները, որոնք թույլ կտան իրենց մնալ այս կարգավիճակում, ինչ-որ մի ժամանակ ներկա խորհրդարանի ժամկետի մեջ կպահպանեն խորհրդարանը, որպես այդպիսին։ Իսկ ընդդիմությունը կարող է կյանքի կոչել իրենց պլանը, որով կլինի ժամանակավոր պրոֆեսիոնալ կառավարություն և կամ արտահերթ ընտրությունների պարագայում գնալ դեպի կարևոր գործընթաց։ Կա նաև մեկ այլ տարբերակ, այն է սահմանադրական եղանակով, օգտագործելով բոլոր օրենքով թույլատրված միջոցները, ստեղծել այն իրավիճակը, որը կստիպի հրաժարական տալ վարչապետին։
Կարելի է ասել, որ վիճակը քաղաքական դաշտում անցումային է։ Եվ այս ամենը պայմանավորված է մի կողմից կարճաժամկետ ազդեցությամբ, այն է հունվարյան իրադարձությունները, մյուս կողմից այն գործոններով, որոնք տեղի են ունեցել 2018 թվականից ի վեր։

—Տեսակետ է հնչում, որ սպասվող արտահերթ ընտրությունները ոչ թե գաղափարական պայքարի շուրջ են լինելու, այլ երկու անձերի միջև ընտրություն է լինելու՝ Փաշինյանի և Քոչարյանի։ Դո՞ւք կիսում եք այս տեսակետը։

— Դուք երբևէ տեսել եք Հայաստանում ընտրությունները մեծ իմաստով գաղափարների շուրջ։ Լիբերալիզմը ընդդեմ պահպանողականության կամ ազգային Քրիստոնեական գաղափարախոսություը ընդդեմ Սոցիալ Դեմոկրատականի։ Ես կասկածում եմ, որ Հայաստանում վերջին տարիների ընթացքում եղել են, ձեր կողմից ասված, գաղափարախոսությունների միջև եղած մրցակցությունը։ Մրցակցության մեջ եղել են տարրերը, որոնք որոշների համար եղել են կարևոր, ուշադրություն էին դարձնում որոշակի գաղափարախոսությունների, աշխարհահայացքային դիրքերի վրա, որոնք կային թեկնածուների մոտ։ Բայց դա որպես առաջնային հիմք չեմ կարծում, որ եղել է Հայաստանում։ Այստեղ ասենք, որ լինելու է ընտրություն Փաշինյանն ընդդեմ Քոչարյանի, ապա կասեմ, որ ես վստահ եմ, որ լինելու են այս երկուսից բացի այլ ուժեր։ Բայց, եթե մենք ենթադրում ենք, որ տեղի է ունենալու կոնսոլիդացիայի իշխանական կամ ընդդիմադիր բևեռի շուրջ,ապա այդ դեպքում լինելու է պայքար՝ որի լիդերը մի կողմից կարող է լինել Փաշինյանը, իսկ մյուս կողմից Քոչարյանը՝ ով հայտարարել է, որ ինքը պատրաստ է վերադառնալ և լինել մրցակցության մեջ արտահերթ ընտրությունների կամ այլ ընտրությունների ժամանակ։ Այս տեսակետից մենք նոր բան չենք ասի ձեր ընթերցողներին, քանի որ պայքարը լինելու է տեսականորեն այս լիդերների միջև, որոնցից ամեն մեկը ունի նաև որոշակի գաղափարներ, որի հիմքում լինելու է ինչ-որ գաղափարախոսություն։ Բայց այդ գաղափարախոսությունը բնականաբար առաջնային չի լինելու։ Այսինքն լինելու է պայքար կարգախոսների, լինելու է պայքար ներկայացվող քաղաքականության ծրագրային դրույթների միջև, որոնք բնականաբար արտացոլում են մարդկանց մոտ եղած աշխարհահայացքային մոտեցումները։ Բայց ասեմ, որ տիրելու է պայքար լիբերալիզմը ընդդեմ պահպանողականության կամ մեկ այլ գաղափարախոսության դեմ, վաղուց աշխարհում արդեն այդպես չէ։ Այսինքն, եթե նայենք այլ երկրներում նախընտրական պայքարները, ապա այնտեղ հիմնական գաղափարախոսությունների շուրջ պայքարում են այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրերում։ Ու եկեք համակերպվենք այն մտքի հետ, որ պայքարը արդեն դասական գաղափարախոսությունների պաշարի շուրջ չի պտտվում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular