Զինծառայողին Գերմանիա բուժման ուղարկելու փոխարեն «ուղարկել» են բանտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆhetq.am -ը գրում է.
Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում, Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները մինչ օրս չեն իրականացել, փոխարենը 2015թ-ի օգոստոսից որդին հայտնվել է կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ ճանաչված Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
Կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն բևեռելն է եղել
«Երբ տեսնում էր, որ իր բուժման հարցերը չէին լուծվում, անընդհատ ՊՆ-ում ասում էին Գերմանիայում բուժումը 2 ամսից կլինի, 3 ամիսից կստացվի, բայց տարիներ էին անցնում, ջղայնանում էր»,-ասում է Դավթի հայրը՝ Սերգեյ Հակոբյանը, պատմելով, որ որդին բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր անց նորից զանգել է ու հայտնել՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, ապա օրեր անց ոստիկանությանը հայտնել է, թե ռումբ կա Բաղրամյան 26-ում: Մի քանի դրվագների համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սակայն 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, թեև կարող էր կիրառել նաև տուգանք ու ամիսների կալանք: Դատարանում Դավիթը հայտնել է, որ կեղծ զանգերի պատճառը իր վրա ուշադրություն բևեռելն է եղել: Սակայն հիվանդ զինծառայողին ուշադրության արժանացնելու՝ նրա բուժումը արտերկրում կազմակերպելու փոխարեն, Դավիթ Հակոբյանին «ուղարկում» են բանտ:
Դավիթ Հակոբյանին մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել
«Իմ տղայի առողջությունը գնալով վատանում է, ձախ կողմը թուլանում է, ձեռքն ու ոտքը հազիվ է շարժում, գոնե թողեն գաղութից շուտ տուն գա, մենք նորից բուժումները, մասաժները շարունակենք»,- ասում է Սերգեյ Հակոբյանը: Դավթի ծնողները տեղեկացրեցին, սակայն, որ որդուն արդեն 3 անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել:
Ծնողներն են հոգում նաև Դավթի սննդի հարցը: Պատմում են, որ ամեն շաբաթ նրան ուտելիք եմ տանում «Արմավիր» ՔԿՀ, «քանի որ դիետիկ սնունդ պիտի տան, չեն տալիս»: Սերգեյի խոսքով, տղան բանտի սննդից վատանում է: «Մեր տանը 2 մահճակալ է մնացել, ամբողջը վաճառել ենք, որ Դավիթի առողջությունը վերականգնենք, հիմա ահավոր պարտքերի մեջ ենք, քանի որ Դավիթս գաղութում է»,-ասում է Սերգեյ Հակոբյանը:
Առաջին կարգի հաշմանդամության անժամկետ տրված քարտը
Դավթի մայրը, նախկին նախարարի միջամտությամբ, աշխատում է զորամասերից մեկում՝ լվացքատանը: 62 տարեկան կինը առավոտից երեկո 60 000 դրամով աշխատում է: Դավթի հայրը՝ 67-ամյա Սերգեյը, 3 ինֆարկտ է տարել, 30 000 դրամ թոշակ է ստանում: Ինքը՝ Դավիթը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողը է, ստանում է 50 000 դրամ թոշակ: «Էստեղ էլ է Դավիթը տուժվել, սխալ են հաշվարկել թոշակը, շատ պիտի լինի, մոտ 120 000 դրամ»,-ասում են նրա ծնողները:
Հակոբյաններին ՊՆ-ում ասել են՝ մի բողոքեք բժշկի դեմ, փոխարենը Դավիթին կուղարկենք Գերմանիա
Ամեն ինչ սկսվել է 2012 թ-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո:
«Մեկի միջոցով իմացանք, որ էրեխուն արդեն վիրահատել են, իսկ մենք 2 օր Դավիթին փնտրում էինք: Երբ գտանք, արդեն շատ վատ էր: 1 օրվա մեջ, 8 ժամվա տարբերությամբ, 2 վիրահատություն էին արել: Ընկել էր կոմայի մեջ: 10 օր էդպես մնաց, արթնացավ, մեզ չճանաչեց, մենակ կմկմում էր: Հետո սկսեց կակազելով խոսել: Ձախակողմյան հատվածը պարալիզացվել էր: Էպիկրիզում գրեցին, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Ասում էին, որ անկողնային կմնա»,-պատմում էր Դավթի հայրը՝ նշելով, որ մասնագետներ են հրավիրել, որոնք ասել են՝ ինսուլտ չկա, այլ կպել են նյարդերին, ասել են, որ դա հնարավոր է բուժել:
|
||
Էպիկրիզ |
Դավիթ Հակոբյանի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը, 7 ամիս որդու հետ մնացել է հիվանդանոցում, հետո տեղափոխվել են «Կարմիր Խաչ», այնուհետև բուժում ստացել Ֆիզիոթերապիայի ինստիտուտում: Դավիթը մոտ 1 տարի սայլակով է տեղաշարժվել: «Վիրահատությունից հետո իր նորմայից 23 կգ պակասել էր... Իրենք հանցա՞նք չեն գործել, որ իմ երեխային հաշմանդամ են սարքել»:
Հակոբյաններին ՊՆ-ում ասել են՝ մի բողոքեք բժշկի դեմ, փոխարենը Դավիթին կուղարկենք Գերմանիա: Ըստ Հակոբյանների պատմածի, վիրաբույժ Թունյանն ասել է՝ ամեն ինչ կանեմ Դավիթի համար, մենակ, թե չդատվեմ: «Մեզ էլ բնականաբար Դավիթի բուժումն էր պետք: Սեյրան Օհանյանն էլ մեզ ասեց՝ ես բժշկին աշխատանքից հանել եմ»,-ընդգծեց Դավթի հայրը:
Ծնողները պահանջել են որդու հագուստը, որի 2 կտոր են միայն ստացել՝ 2 ամիս հետո տվել են միայն վերնազգեստն ու կոշիկները: «Թե ինչ թաքցրեցին էդ շորերով, չգիտեմ, բայց որ մեր էրեխէն դարձավ հաշմանդամ, արդեն փաստ է: Վիրաբույժի մեղքով: Իմացանք, որ աղիքներն են բորբոքված եղել, բայց վիրահատել են որպես ստամոքսի խոց»,-շարունակեցին պայմանագրային զինծառայողի ծնողները:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես հիվանդանոցում անցկացրած բուժման փոխհատուցում երկու անգամ 500 000 դրամ է տվել Դավթի ծնողներին: Հակոբյանների խոսքով, նախկին նախարարն ասել է՝ քանի որ մեր մեղքով է եղել, կուղարկենք Գերմանիա: «Մեկ տարի էդպես տարան-բերեցին, հետո էլ ասացին, որ պետական բյուջեում այդքան գումար չկա, մենք չենք կարող ուղարկել»,-ասաց Սերգեյ Հակոբյանը:
Մայր ու որդի երկու անգամ եղել են Սեյրան Օհանյանի մոտ, նախարարի տեղակալների ու բուժ.վարչության պետի հետ հանդիպել: «Դավիթը հասկանում էր, որ տարիներն անցնում են, իսկ իրեն չեն ուղարկում բուժման, դա էլ իրեն հունից հանում էր»,-ասում է Դավթի հայրը:
Դավիթ Հակոբյանը ծառայել է Ղարաբաղում «Մարտունի 2-ում»՝ գերազանց: «Իմ երեխային առողջ եմ տվել պետությանը, բանակին: Դիրքերում հիվանդացել է, 2 ամիս դիվերսիոն խմբերի դեմ են կռվել»,-ասաց Դավթի մայրը՝ տիկին Գայանեն: