ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդավարությունից՝ բռնապետություն․ առօրյա ռեգրեսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ հայտնի դարձավ, որ օրվա իշխանությունը հերթական «դարակազմիկ» նախաձեռնությունն է ներկայացրել, որով ցանկանում է հերթական սահմանափակումը հաստատել մամուլի նկատմամբ․ մի խումբ ուսապարկեր ներկայացրել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ այլևս արգելվելու է անանուն աղբյուրներից տեղեկատվության հրապարակումը։ Առաջին հայացքից խայտառակ ու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունն իրականում շատ օրինաչափ է Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Անցած շուրջ երեք տարիներին նա հետևողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական բռնապետության հաստատմամբ․ օրենսդիր ու գործադիր իշխանությունների, սահմանադրական դատարանի ուզուրպացիայից, վերջերս էլ նաև դատական համակարգի ջհանգիրյանացումից հետո օրինաչափորեն հաջորդը պետք է լիներ մամուլը, քանի որ բռնատիրական համակարգերին ազատ մամուլը հակացուցված է, ինչպես, օրինակ, մտածող պատգամավորը՝ Հայաստանում այսօր գործող խորհրդարանում։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր վերահսկողությունից դուրս գտնվող հերթական, բայց չափազանց կարևոր ոլորտի գործունեության սահմանափակմանը։ Քաղաքական տրամաբանությամբ նրա քայլերը հասկանալի են․ նա չի հանդուրժում այլակարծությունը և ամեն ինչ անում է այն վերացնելու համար։ Խնդիրը, սակայն, ավելի շատ անձնական, բարոյական հարթությունում է։ Իրականում բանն այն է, որ Փաշինյանն ինքը՝ որպես լրագրող, ապա՝ որպես խմբագիր, կայացել է առավելապես անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններ հրապարակելով։ Դրանց ոչ մեծ մասն է համապատասխանել իրականությանը, բայց դա չի խանգարել, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կայանա՝ որպես «ընդդիմադիր լրագրող»։ Հիմա նա, փաստորեն, պայքարում է իր իսկ կայացմանն այդքան նպաստած հնարավորության դեմ, որը, ի դեպ, ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից է։ Կարող ենք ենթադրել, որ այս տեմպերով շարունակելու դեպքում Նիկոլը հաջորդիվ փորձելու է օրենքով, հնարավորության դեպքում՝ նաև սահմանադրորեն արգելել նաև «համաժողովրդական պայքարի» միջոցով իշխանության փոփոխությունը, ճանապարհը, որով ինքը եկել է իշխանության։

Այսպիսով, կա՛մ Նիկոլ Փաշինյանն անհաղթահարելի բարդույթներ ունի սեփական կենսագրության առնչությամբ ու իր անցած ճանապարհն այնքան սխալ է համարում, որ ցանկանում է արգելել դրա կրկնությունը, կա՛մ մտածում է, որ այն, ինչ կարելի էր իրեն, չի կարելի ուրիշ որևէ մեկի։ Երկու դեպքում էլ խնդիրը դուրս է միայն քաղաքականության շրջանակներից և կարիք ունի հոգեբանների բացատրության։ Բայց անկախ հոգեբանական շարժառիթներից՝ արդյունքի առումով պատկերը չի փոխվում․ Նիկոլ Փաշինյանը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, որի ամենալուրջ հակառակորդը, ինչպես հայտնի է, ճշմարտությունն է։ Իսկ ճշմարտությունը կարող է հայտնվել ոչ միայն հասցեական, այլ, ինչպես սովորաբար պատահում է՝ անանուն։ Հատկապես այնպիսի հասարակություններում, որտեղ ցանկացած ճշմարտության հեղինակի ճնշելու համար օգտագործվում է ողջ պետական համակարգը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular