ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերոսից հակահերոսի տրանսֆորմացման միջակայքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջալալ Հարությունյանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորվել էր: Հաջորդ օրը Հարությունյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Դեկտեմբերի 4-ին Ջալալը դուրս է գրվել հիվանդանոցից։ Հոկտեմբերին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել, որով հունվարի վերջի դրությամբ մեղադրյալ չկար։ Եվ ահա օրերս Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:

Նախ արձանագրենք 2 հանգամանք, առաջին՝ Ջալալ Հարությունյանը զինվորական է և կարող է հավակնել բարձր պաշտոնի նշանակման, դա, ըստ էության, օրինաչափ է: Ինչո՞ւ է սա կարևոր արձանագրել: Արցախյան երկրորդ պատերազմից հետո անընդհատ քննարկվում էր ինչ-որ մարդկանց, բարձրագույն զինվորականների կողմից դավաճանական գործողությունների մասին: Մի թեզ էր շրջանառվում, թե իբր Ջալալ Հարությունյանի նկատմամբ իրականում տեղի է ունեցել ոչ թե թշնամու հարձակում, այլ մահափորձ հայկական կողմից: Դա մեկնաբանվում էր այսպես՝ Ջալալը դեմ է եղել այն ամենին, ինչ մենք բոլորս տեսանք արդեն նոյեմբերի 10-ին: Այսինքն իբր Ջալալին մեջտեղից հանել են, որպեսզի հանգիստ գնանք դեպի պարտություն: Ես, ի սկզբանե, չեմ հավատացել այս վարկածին: Բայց բավականին շատ մարդիկ ոչ միայն հավատում էին այս թեզին, այլև համոզված ասում էին, թե երբ Ջալալն ապաքինվի, նա խոսելու է ու շատ բան պարզվի: Այս մարդիկ խորը հիասթափություն ապրեցին այն փաստից, որ Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո ոչ միայն չխոսեց, այլև բարձր պաշտոն ստացավ Նիկոլ Փաշինյանից: Շատերը նաև սա դիտարկեցին պաշտոն լռության դիմաց, դավաճանություն:

Անձամբ ես չեմ կարող պնդել դա այդպես է, թե ոչ՝ պարզ պատճառով, որ այս իշխանությունների օրոք մենք ամբողջությամբ չենք կարող իմանալ այն ճշմարտությունը, որը տեղի է ունեցել պատերազմից առաջ, ընթացքում և հետո: Եվ եթե ինչ-որ մեկը ակնկալում էր, թե Ջալալ Հարությունյանը կխոսի ու լույս կսփռի շատ ու շատ հարցերի վրա, ապա դա առնվազն միամտություն ու պատրանքների գերի լինել է նշանակում: Մի խոսքով մենք ականատես եղանք ինչ-որ մեկի հերթական հերոսացմանն ու հակահերոսացմանը: Ջալալը հերոս է, հետո, թե բա Ջալալը դավաճան է: Ինչևէ, մեր երկրում սա արդեն նորմալ է: 2-րդ հանգամանքը՝ ի՞նչն է պատճառը, որ մենք այսքան ֆետիշացրել ենք Ջալալի նման զինվորականների դերն ու նշանակությունը ներքաղաքական հարցերում: Մենք ի՞նչ ենք ակնկալում Ջալալ Հարությունյանից, այլ գեներալներից ու բարձրաստիճան զինվորականներից:

Ինչո՞ւ նրանք պիտի մեզ փրկեն Նիկոլ Փաշինյանից ու իմքայլական քաղաքական դիակներից, ինչո՞ւ: Այդ ո՞ր օրենքներով, այդ ո՞ր բարոյական նորմերով այդ մարդիկ պիտի խառնվեն ներքաղաքական գործընթացներին: Կամ առհասարակ՝ ինչո՞ւ ենք մենք սիրում սպասել, որ մեր պարտականությունները ուրիշներն անեն: Դժգո՞հ ենք Նիկոլ Փաշինյանից, պատերազմում պարտվել ենք նրա պատճառով, բա գնանք ասենք հրաժարական տուր գնա, ու ոչ միայն գնա, այլև գնա պատասխան տուր տեղի ունեցածի համար: Բայց մենք սպասում էինք, որ դա պիտի, օրինակ, Ջալալն անի: Ինչո՞ւ պիտի Ջալալը նման բան անի, ավելի հեշտ բան կարող է նա անել՝ այն ինչ արեց: Դարձել ենք հասարակություն որն ապրում է հերոսից հակահերոսի տրանսֆորմացման միջակայքում, մինչև նոր հերոսների ծնունդը: Տխուր իրականություն է մի քանի հազար տարեկան ազգի համար:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular