Պետական պարտքը վերցվում է տնտեսական կայունությունը ապահովվելու համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով։ Այսպիսով՝ պետական պարտքը աճում է, կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ` պարզելու համար, թե առկա տնտեսական իրավիճակում Հայաստանը կկարողանա սպասարկել արտաքին պարտքը։
— Պարոն Թունյան, Հայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով։ Այսպիսով՝ պետական պարտքը աճում է, կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով։ Տնտեսության առկա իրավիճակը հաշվի առնելով՝ երկիրը կկարողանա՞ սպասարկել արտաքին պարտքը։
— Պետական պարտքը վերցնում է հենց նրա համար, որ տնտեսական կայունությունը ապահովվի ու տնտեսությունը ավելի հետ չգնա։ Այսինքն, այդ պարտքը ինքնանպատակ չի և այդ պարտքը չի ծախսվելու անիմաստ նպատակների կամ պոպուլիստական նպատակների վրա։ Այդ պարտքը վերցվել է, որպեսզի Հայաստանի տնտեսական աճի պոտենցյալը վերականգնվի ու հիմքեր լինեն, որ կարողանանք հետագայում նորմալ սպասարկել պետական պարտքը։
—Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի, կառավարության պարտք -ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս։ Սա ռիսկային չէ՞։
— Ատոմ Ջանջուղազյանը այդ մասով շարունակել էր իր խոսքը ու այդ առումով ինքն էլ տվել էր իր գնահատականը։ Իհարկե 70 տոկոս պարտքի բեռը ցածր չի, բայց ֆինանսների նախարարությունը նման հարցերին շատ հավասարակշռված է մոտենում և շատ զգուշավոր և դա համարվում է թույլատրելի պարտքային բեռ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր տնտեսությունը երկու կամ երեք տարի հետո ինչպես է կարողանալու պարտքը սպասարկել։ 70 տոկոսը չի նշանակում, որ պետք է հենց այդքան մնա։ Նպատակը այն է, մեր օրենսդրությամբ էլ է սահմանված, որ եթե պետական պարտքը 60 տոկոսից ավելանում է ապա պետք է հստակ հանձնառություն լինի և կառավարության քայլերի արդյունքում այդ պարտքը աստիճանաբար վերադարձվի իր բնականոն ցուցանիշին։ Այսինքն 70 տոկոսը վտանգավոր չի, իհարկե ծանրացրել է, բայց հաստատ այդ ցուցանիշը 70 տոկոսի վրա չի մնա։
—2020 թվականի ինն ամիսների տվյալներով ներդրումները գրեթե զրոյական են սա նշանակում է, որ ներդրումներ ներգրավելը ևս խնդիր է դարձել։ Այս տարի սպասե՞լ ներդրումներ։
— Բնական է, որ ներդրումները պետք է վատ ցուցանիշ ունենային, որովհետև նախ COVID էր և համաշխարհային տնտեսությունն էր վատ վիճակում։ Եվ վատ պայմաններում, սովորաբար, ներդրումները կտրուկ անկում են ունենում։ Այս ամենին գումարվեց նաև պատերազմական իրավիճակը։ Բայց կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք ներդրումների որոշակի աճ, որովհետև նախ քայլեր են իրականացվել որտեղ որ գործարանների համար ներդրումների միջավայրը ավելի բարենպաստ դարձնող որոշումներ են ընդունվել։ Բացի այդ կառավարությունը երեկ ներկայացրել է մի քանի խոշոր ծրագիր, որով պետք է 2021 թվականի ընթացքում կյանքի կոչվեն, այսինքն այդ առումով ներդրումների աշխուժացում կլինի։
Սոնա Գիշյան