ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան փորձում է ամեն ձևով խցկվել Արցախի հարցի կարգավորման մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն է։ Նրա հետ քննարկել ենք Արցախյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավվածության, տարածաշրջանում վարձկանների ներկայության վտանգների և Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման փաստերի մասին։

— Վրաստանի և Հայաստանի փորձագիտական դաշտի ներկայացուցիչները, կարծում են՝ վարձկանները տարածաշրջանում մեծ խնդիրներ չեն առաջացնի, քանի որ Ռուսաստանն իրավիճակը վերահսկում է ու կզսպի Թուրքիային։ Ի՞նչ եք կարծում, իրական վտանգի առկայության դեպքում Ռուսաստանն արդյոք կարող է զսպել Թուրքիային։

— Բնականաբար ցանկացած տարաժաշրջանում, անկախ նրանից թե ով է զսպողը, ահաբեկչական ցանկացած տարրի առկայությունը անվերահսկելի է, և միանշանակ չի կարելի ասել, որ հանգիստ կարող ենք լինել, որովհետև Ռուսաստանը կզսպի։ Ռուսաստանը հազիվ իր երկրի ներսում է կարողանում զսպել և աշխարհում չկա որևէ պետություն, որ 100 տոկոսանոց այդ ահաբեկչական կազմակերպություններին կարողանա զսպել։ Եվ, իհարկե մենք անհանգստանալու առիթ ունենք։

—Քանի որ անընդհատ խոսվում է ռուս-թուրքական գործարքի մասին, Մեդվեդևն էլ վերջերս հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, որովհետև այդպիսին են տարածաշրջանային իրողությունները, ստացվում է, որ Մոսկվան բացահայտ Թուրքիային ներգրավում է կարգավորման գործընթացի մե՞ջ:

— Ուրեմն Ռուսաստանը Թուրքիային բացահայտ չի հրավիրում Արցախի հարցի կարգավորման մեջ որպես կողմ։ Ձևակերպենք այսպես, որ Թուրքիան իրականում փորձում է ամեն ձևով խցկվել այդ հարցի կարգավորման մեջ։ Մինչև հիմա չկա որևէ պաշտոնական հայտարարություն այն մասին, որ Արցախի հարցի կարգավորումը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս։ Այսինքն դեռ չկա նման հայտարարություն՝ ինչն էլ նշանակում է, որ Թուրքիան դեֆակտո ուղղակի կարողացավ իր ազդեցությունը ունենալ պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաջողություններին և կարողացավ իր ազդեցությունը մեծացնել Ադրբեջանում և կարողացավ ստեղծել ռուս-թուրքական դիտակայան։ Ինչը բուն բանակցություններին չի վերաբերում, և խնդրի կարգավորման ֆորմատը դեռևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ է։

—Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման ու ապօրինի յուրացման փաստերը, Չավուշօղլուն հայտարարում է՝ խորհուրդ կտամ հայերին դասեր քաղել անցյալից: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

— Ընդհանրապես վերջին տարիներին Թուրքիայի իշխանություններից լսում ենք դիվանագիտությանը ոչ հարիր և պաշտոնյաների բառապաշարին ոչ հարիր արտահայտություններ, որոնք ցավոք սրտի վերջին երկու տարվա մեջ մնացել են անպատասխան, ինչը Թուրքիային ստիպում է իր այդ հռետորաբանությունը և այդ անթույլատրելի շեմը ավելի մեծացնել։ Նրանք այդ հայտարարություններով այնպիսի մտքեր են արտահայտում, որոնք ոչ միայն անտրամաբանական են, այլ նաև մարդկության դեմ հանցագործության իրականացման միտումներ ունեն։ Եվ հայկական կողմը պատշաճ չի պատասխանել այդ հայտարարություններին որի պատճառով Թուրքիայի հայտարարությունները նման ձևով շարունակվում են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular