ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գործադիր մարմին գոյություն չունի. պաշտոնավարման ամեն օրը նոր վտանգներ է ստեղծում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ այս իշխանությունն ու վարչապետի աթոռը զբաղեցնող անձը դեռ շարունակում են պաշտոնավարել, ըստ կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի, մի քանի պատճառ ունի: «Առաջին հերթին մի մեծ գլխավոր պատճառ կա՝ իշխանությունների կատարյալ անբարոյականությունը, ինչպես նաև մարդկային որևէ նորմի չհամապատասխանելը: Երկրորդը ՀՀ-ում ինստիտուտների չկայացվածությունն է: Խոսքն առաջին հերթին խորհրդարանի, հետո արդեն ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության և ՊՆ-ի մասին է: Իհարկե, այս առումով կարելի է խոսել նաև հասարակության մասին, բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը մեծագույն շոկի մեջ է: Մոտ մեկ միլիոն մարդու անմիջապես կպել է այն արհավիրքը, որը տեղի ունեցավ ամիսներ առաջ: Այսինքն, մարդկանցից այս ընթացքում շատ ադեկվատ, ռացիոնալ գործողություններ սպասելը մանավանդ հստակ ընդգծված լիդերի բացակայության պայմաններում՝ մի քիչ նայիվություն կլիներ:

Իմիջիայլոց, չկայացած ինստիտուտների առումով Ն. Փաշինյանն այդքան էլ մեղք չունի: Այո, նա եկավ ու այդ չկայացած ինստիտուտները քանդեց, բայց այնպես չէ, որ մինչ այդ ինստիտուտներն ամբողջությամբ կայացած էին»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Ա. Համբարձումյանը: Այդուհանդերձ, նա ընդգծեց մեկ այլ հանգամանքի մասին: «Ճիշտ է՝ Ն. Փաշինյանը գնում է աշխատանքի, բայց ՀՀ-ում նա իշխանություն չունի: Առհասարակ, երբ լիդերները սկսում են կառավարել, առաջին իսկ օրվանից իրենց վարկանիշը սկսում է լողալ: Հիմնականում սկսում է իջնել: Կան լիդերներ, որոնք հրաժարական են տալիս՝ մինչև իրենց վարկանիշը կրիտիկական սանդղակից ներքև կիջնի: Նաև կան լիդերներ, որոնք, ի հեճուկս այդ ընթացքի, աթոռին նստած են մնում:

Հիմա Փաշինյանը կորցնում է հեղինակությունը, իշխանությունը, վարկանիշը թե՛ մինչ պատերազմը, թե՛ պատերազմից հետո սրընթաց ներքև է իջնում, իսկ ինքը, ի հեճուկս այդ ընթացքի ու պատմական օրինաչափությունների, փորձում է գամված մնալ աթոռին՝ չունենալով իշխանություն: Իհարկե, ազդեցություն ունի, բայց քաղաքական իշխանություն, միևնույն է, չունի»,-ասաց նա՝ նշելով, որ պատմական օրինաչափություն է այն, որ կապիտուլ յացիոն ակտ ստորագրած ցանկացած մեկը վաղ թե ուշ հեռանում է: Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների թեման շրջանառելուն, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ՝ որպեսզի ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, պետք է վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետին: Կամ էլ պետք է կառավարությունը ծրագիր ներկայացնի, և երկու անգամ խորհրդարանը կառավարության ծրագիրը չհաստատի: Հիմա իրենք չեն ուզում օգտվել ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ գործիքից: Ն. Փաշինյանն ուզում է ԱԺ-ի ինքնալուծարման ինստիտուտ ստեղծելու ճանապարհով գնալ:

Այդուհանդերձ, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և այդ երրորդ գործիքը ստեղծելու համար ձայների 2/3 է պետք: Ես կասկածում եմ, որ կկարողանա ձայների 2/3-ը հավաքել, որովհետև ինքն այսօր 88 պատգամավոր չունի: Բայց 88 պատգամավոր չունենալը կարող է նաև իրեն ձեռք տալ. ինքը, որքան հասկանում եմ, կամաց-կամաց սկսում է հետ կանգնել արտահերթ ընտրությունների գաղափարից: Նա կարող է ինքնալուծարման ինստիտուտ ստեղծելու օրակարգը բերել խորհրդարան, ԱԺ-ն կարող է դա մերժել, ինչը ձեռնտու կլինի նաև իրեն: Կասի՝ ուզում էի արտահերթ ընտրություններ անել, պառլամենտը մերժեց, ուրեմն՝ սպասենք հերթական ընտրություններին: Այսպիսի ընթացք կարող է լինել: Միևնույն ժամանակ, Ն. Փաշինյանը գնա էլ, չգնա էլ արտահերթ ընտրություններին, ՀՀ-ում իշխանություն չունի: Մեծ հաշվով, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ-ն ապրում է մի իրավիճակում, երբ գործադիր մարմին գոյություն չունի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular