Սպառողական շուկայի ամենաբարձր գնաճը՝ վերջին տարիներին. ի՞նչ սպասել առաջիկայում․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում սպառողական շուկայում 2021 թ.-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրված գնաճը կազմել է 4,5 %: Ինչպես տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի՝ երեկ հրապարակած տվյալներից, միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6,4 տոկոս: Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 10,8 տոկոսով: Բանջարեղենի ապրանքախմբում 2021 թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9,9, իսկ մրգերի դեպքում՝ 12 տոկոս գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում նշված ժամանակահատվածի գնաճը 8,4 % է:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021 թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7,7 %, իսկ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում՝ 40,7 % գնաճ: Ձվի գինը նախորդ հունվարի համեմատ այս տարի բարձրացել է 26,4 %-ով: Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների շուկային, ապա այստեղ տարեկան գնաճը 5,5 % է: «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է գնաճի ցուցանիշին, պատճառներին ու հետագա միտումներին: «4,5 տոկոսը գերազանցող գնաճ տարեկան կտրվածքով ունեցել ենք 2013 թվականին: 2015 թ.-ին էլ ունեինք 3,7 տոկոս գնաճ: Այդ ժամանակ դրամը դոլարի նկատմամբ նվազել էր մոտ 20 տոկոսով: Իրականում արձանագրված գնաճը հարաբերական իմաստով բավականին մեծ թիվ է:
Չի բացառվում, որ աճի միտում էլի կունենանք, որովհետև չենք կարող համոզված լինել, որ այս գնաճն իրեն ամբողջությամբ սպառել է և չի շարունակվելու»,-ասաց փորձագետը: Արձանագրված գնաճի առաջին պատճառը, ըստ Հ. Միքայելյանի, դրամի փոխարժեքի նվազումն է դոլարի նկատմամբ. «Բայց հավելեմ նաև այն, որ նույն 2015 թ.-ին, երբ դրամը դոլարի նկատմամբ նվազել էր մոտ 20 տոկոսով, գնաճն ընդամենը 4 տոկոս է կազմել, իսկ այս պարագայում դրամը դոլարի նկատմամբ մոտ 7-8 տոկոսով է նվազել, ու գնաճն արդեն 4,5 տոկոս է: Այսինքն, գների ճկունությունը շատ ավելի ցածր է: Դրամի արժեզրկումից բացի, գնաճի պատճառ է նաև անկանխատեսելի քաղաքականությունը: Եվ խոսքը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մասին է: Երրորդ պատճառն անկում ապրող տնտեսությունն է և այն, որ շրջանառությունն է նվազում: Շրջանառության աճի միջոցով գները նվազեցնելու հնարավորությունները դադարում են գործել, ու տնտեսվարողները սկսում են նորից բարձրացնել գները»:
Անդրադառնալով գնաճը մեղմելու հնարավորություններին և այդ համատեքստում դիտարկելով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը՝ Հ. Միքայել յանը նշեց. «Ընդհանուր առմամբ, գնաճը նվազեցնելու համար վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելն իմաստ ունի, երբ տնտեսությունն աճում է, բայց մենք նման բան չունենք: Եվ այս առումով տվյալ գործիքը իմաստ չունի կիրառել: Այս պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է սահմանափակել տնտեսական ակտիվությունը. այո, այն կարող է նվազեցնել գնաճը, բայց ավելի շատ կվնասի տնտեսական աճին: Բայց այստեղ, կարելի է ասել, ինստիտուցիոնալ շարունակականություն կա. վերջին, երևի թե, 10 տարվա կտրվածքով իշխանությունը միշտ կայունությունն է ընտրել, երբ զարգացումն ընտրելու հնարավորություն կար: Տնտեսական աճի ու գների կայունության երկընտրանքի մեջ միշտ ընտրվել է սոցիալական ու գների կայունությունը»:
Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան առաջիկա ամիսները: «Այսինքն, կարևոր է, թե փետրվարի, նաև մարտի ցուցանիշներն ինչպիսին են լինելու: Եվ այս առումով որոշակի հարցեր կան: Նախ՝ Հայաստանում գների միտումը սեզոնային բնույթ ունի: Ամռանը գները նվազում են, որովհետև կա բերք, կան նաև այլ գործոններ: Բայց առաջին հարցն այն է, թե գյուղատնտեսության մեջ ի՞նչ վիճակ է լինելու: Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ մեր գյուղատնտեսությունը զգալիորեն բալանսավորվել է հենց Արցախի միջոցով: Հետագա ամիսներից պարզ կլինի, թե ինչ վիճակ է լինելու. 4,5 տոկոսը դեռ վտանգավոր ցուցանիշ չէ, չնայած շատ ավելի բարձր է, քան վերջին տարիներին գնաճի գրանցված ցուցանիշները»,-հավելեց փորձագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում