Սպառված իշխանության «հավերժական տեղապտույտը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր կայացած փաստ է այն, որ փաշինյանական «իշխանությունը», ամբողջովին իրեն սպառել է: Այն իրեն սպառել էր դեռ նախքան պատերազմը: Նման փուչ բովանդակությամբ, իհարկե, այդ արագ ինքնասպառումը անխուսափելի էր: Վերցնենք թեկուզ այն, թե ինչպես այդ ռեժիմը դրսևորվեց կորոնավարակի բռնկման և տարածման ընթացքում: Դա մոտավորապես մեկ տարի առաջ էր: Երբ արդեն հարևան երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանի հետ հաղորդակցություն ունեցող երկրներում արձանագրվել էին կորոնավարակի առաջին մտահոգիչ դրսևորումները, սրանք, Փաշինյանի գլխավորությամբ, զբաղված էին Սահմանադրության «կարուձևի» վրա: Ըստ էության, կորոնավարակի հետ կապված, հենց սկզբից թույլ տրվեցին կոպտագույն սխալներ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների՝ հազարավոր մահեր, հարյուր հազարից ավելի վարակվածներ, տնտեսական շփոթ, հսկայական կորուստներ: Ու այդ ամենը այն պատճառով, ուր իշխանության ղեկին, պատասխանատու պաշտոններում հայտնված անպատասխանատուների խմբավորումը սխալ գնահատեց հնարավոր վտանգները, ժամանակին չձեռնարկեց կանխարգելիչ քայլեր: Նախքան այդ փորձությունն էլ ակնհայտ էր, որ փաշինյանական ռեժիմն այն իշխանախումբը չէ, որն ունակ է դիմագրավել լուրջ մարտահրավերների և փորձությունների: Նույն անձեռնահասության, «վճռական սխալների» փաշինյանական «հանճարեղ» մարտավարության հետևանքով իրավիճակը արագորեն հանգեց այն բանին, որ թշնամիները վերսկսեցին պատերազմը:
Ի՞նչ կատարվեց պատերազմի 44 օրվա ընթացքում և ի՞նչ աղետալի, եթե չասվի՝ կործանարար հետևանքների հանգեցրեց, արդեն ակներև է բոլորին, թերևս: Արցախի կորուստ, Հայաստանի պետականության կորստի ռեալ սպառնալիք, հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի վիրավորներ, ռազմատեխնիկայի, առհասարակ, բանակի զինանոցի շոշափելի կորուստներ։ Զարմանալին այն է, որ այսքան աղետներից հետո, փաշինյանական ռեժիմը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև ինքն իրեն մխիթարում է այն քարոզչական ինքնախաբեությամբ, թե ինչ-որ վարկանիշ ունի: Մինչդեռ ակնհայտ է, որ փաշինյանական ռեժիմը չունի հանրային աջակցություն, ակնհայտ է, որ հանրային կարծիքն ու ընկալումը նրանց նկատմամբ օրեցօր փոխվում է: Ու գնալով ավելանալու է սթափվող, պատասխան պահանջող քաղաքացիների քանակը:
Փաստացի, Հայաստանը հիմա հայտնվել է մի իրավիճակում, երբ ունի անպետք իշխանություն: Մի իշխանություն, որը չկա, վերացած է, երբ հարցը վերաբերում է Հայաստանի քաղաքացիների կյանքի անվտանգությանն ու իրավունքներին, երբ հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, երբ հարցը վերաբերում է մարդկանց քաղաքացիական իրավունքներին և ազատություններին: Մի «իշխանություն», որի գոյությունը երևում է միմիայն Հայաստանի քաղաքացիների դեմ ոստիկանական բռնաճնշումների, ոստիկանական կամայականությունների և պաշտոնական դիրքի չարաշահմամբ նմանօրինակ այլ կամայականությունների դրսևորումներով, անկապ տուգանքներ սահմանելով ու տուգանքներով, քաղաքացիների մարդկային ու ազգային արժանապատվության ոտնահարումներով, մեկ էլ՝ թշնամիների առջև ստորացուցիչ խոնարհումներով: Ակնհայտ է առնվազն այն, որ վճռական որոշումներ կայացնելու և պետության ղեկը իրական ազգային ու պետական գործիչներին վստահելու ժամանակն է: Հանուն նույն այդ պետության և նույն հասարակության՝ փրկության գոնե որոշ շանս ունենալու համար:
Անդրանիկ Կիրակոսյան