ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը պահանջեց Արցախը բանակ չունենա, հրահանգը կատարվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի իշխանությունները զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով, որոնք պիտի պաշտպանեն Արցախի սահմանները, այս մասին երեկ հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն օրերս հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կազմալուծվելու է։ Այս մասին տևական ժամանակ գրում է նաև հայաստանյան մամուլը։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ այդ լուրերի տրամաբանությամբ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու, սակայն նա հայտարարում է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հենց այդ գործը պիտի անեն։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խոսքը Արցախի զինված ուժերի գոյության դադարեցման մասին է, հիշեցնում է՝ հակամարտության պատմության ընթացքում Ադրբեջանի պահանջներից մեկն այն էր, որ Արցախը զինված ուժեր չունենա։ Ըստ «Ազատության», փորձագետի կարծիքով, սական, Վիտալի Բալասանյանի մատնանշած պրոֆեսիոնալ ստորաբաժանումները կատարելու են նույն գործառույթը, ինչը մինչև այժմ իրականացնում էր Պաշտպանության բանակը. «Ավելին ըստ իս` պրոֆեսիոնալ ասվածն ավելի մոբիլ կարող է լինել և ավելի լավ իրականացնել իր առջև դրած խնդիրները»:

Փորձագետն այդուհանդերձ հարց է բարձրացնում՝ ի՞նչ է լինելու արցախա-ադրբեջանական սահմանագծի դիրքերի հետ, արդյոք դրանք պահվելու են, թե ոչ։ Իր հայտարարությունում Բալասանյանն այս հարցին չի անդրադարձել. «Անտառային պայմաններում կամ ռելիեֆային բարդ պայմաններում հնարավոր չէ թողնել հենց այնպես այդ բնագիծը և գնալ գյուղում կամ բնակավայրում հանգիստ նստել»:

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս փոփոխությունը մեծ հաշվով վերաբերում է զինված ստորաբաժանումների անվանը և բխում է Ադրբեջանի պահանջից. «Ես համարում եմ, որ սա Ադրբեջանի պահանջներից մեկն է և անվանական փոփոխություն է: Եվ այնպես է ստացվել, որ երկու կողմին էլ ձեռնտու տարբերակով պետք է լուծվի: Գիտեք, Ալիևն իր հասարակության շրջանում կարող է ասել` այ տեսեք, ես հասա նրան, որ Արցախի Հանրապետության պաշտոնական բանակը կազմալուծեցի, այսինքն` սա բավարար է Ալիևի համար»:

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով», - Արցախի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ նշել է Բալասանյանը։

«Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ», - նաև ասված է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունում։
Արցախի արտգործնախարարությունը, իր հերթին, հերքում է լրատվամիջոցներում տարածվող մեկ այլ տեղեկություն, թե դադարեցվելու է Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ օտարերկրյա պետություններում Արցախի մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը։

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր հայտարարությամբ անդրադարձել է մի շարք այլ հարցերի: Նա պնդում է՝ այն խոսակցությունները, թե Ստեփանակերտի խանութներում ադրբեջանցիները գնումներ են կատարում, որևէ հիմք չունեն: Ըստ Բալասանյանի` անհիմն է նաև այն մտավախությունը, թե Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվեն ադրբեջանական ընտանիքներով։

Ստացվում է, որ իրավականորեն, կարող է իրականացվել Ալիևի պահանջը՝ առանց Արցախի բանակի Արցախ, կարող են գործել պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, բայց չի լինի բանակ: Այսինքն, մի օր էլ Ալիևը կարող է ադրբեջանական զինված ուժերի «գործուղել» Արցախ՝ պաշտպանելու «իր տարածքը», չէ՞ որ նա Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք:

Մետաքսյա Շալունց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular