ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահագնացող գնաճն ու ԿԲ-ի աճպարարությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաստ է, որ Հայաստանում այսօր առկա է բարձր գնաճ։ Կտրուկ թանկացել է հատկապես սննդամթերքը։ Վիճկոմը հրապարակել է սպառողական գների ինդեքսը, որից տեղեկանում ենք, որ 2021 թ․-ի հունվարին անցած տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 6,4 տոկոս։ Սրանք միջինացված ցուցանիշներ են։ Այժմ, առանձին ապրանքների գների թռիչքային աճի մասին և թե ինչպե՞ս է ԿԲ-ն դրան արձագանքել։ Ըստ այդմ՝ այս տարվա հունվարին մրգի գներն աճել են 12 տոկոսով, այդ թվում խնձորինը՝ 30,2 տոկոս, տանձինը՝ 15,1 տոկոս, նարինջինը՝ 32,3 տոկոս, մանդարինինը՝ 15,6 տոկոս և այլն։ Բանջարեղենի գնաճը այդ նույն ժամանահատվածում կազմել է 9,9 տոկոս, իսկ առանձին տեսակներից կանաչ սոխը՝ 37,5 տոկոս, խառը կանաչեղենը՝ 53,5 տոկոս, սմբուկը 66,8 տոկոս, պղպեղը՝ 22,6 տոկոս, սխտորը՝ 95,4 տոկոս և այլն։

Կարող ենք ֆիքսել, որ այլ ապրանքներից արևածաղկի բուսական յուղի գինն անցած տարվա հունվարի համեմատ աճել է 44,3 տոկոսով, հացի գինը՝ 7,9 տոկոս, ալյուրինը՝ 12,5 տոկոս, ձվի գինը՝ 26,4 տոկոս, շաքարի և շաքարավազինը՝ 40,7 տոկոս և այլն։ Չի լսվում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում շաքարավազի գնային փոփոխությունները ամենօրյա թեմա դարձրած լրագրողի ձայնը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ ներկայումս ԱԺ պատգամավոր դարձած այդ անձը այս թեմայով ելույթ չի ունենում խորհրդարանի ամբիոնից։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնաճը կազմել է 10,8 տոկոս։ Աճել են նաև ոչ պարենային ապրանքների գները՝ 5,5 տոկոս։

Ընդ որում, աճ է գրանցվել սննդամթերքից ոչ պակաս կարևորություն ունեցող ապրանքախմբում՝ դեղերի գներն աճել են 4,6 տոկոսով։ Կենսական նշանակության այլ ոչ պարեանյին ապրանքներից կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 2,6 տոկոսով, կոշիկի և հագուստի գները՝ նույնպես 2,6 տոկոսով։ ԿԲ-ն արձագանքել է գնաճին և վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է ևս 0,25 տոկոսային կետով, սահմանելով 5,5 տոկոս։ Առաջին հայացքից դա կարծես թե համարժեք արձագանք է, բայց միայն առաջին հայացքից։ Միանշանակ տարօրինակ է, թե ինչո՞ւ փետրվարի 2-ին իր այս որոշումն ընդունելիս ԿԲ-ն ոչ թե հունվար, այլ անցած տարվա դեկտեմբեր ամսվա գնաճն է հիմք ընդունել։

Հարց է առաջանում․ չի ցանկացե՞լ պաշտոնական հաղորդագրության մեջ փաստել, որ հունվարին այն բարձր է եղել ԿԲ ընդունած նպատակային ցուցանիշի վերին՝ 4 տոկոս սահմանի՞ց, այս կառույցը և՞ս սկսել է մանիպուլացնել հասարակությանը՝ քանի որ դեկտեմբեր ամսին այդ սահմանը դեռ գերազանցված չէր։ Այդ դեպքում ընդունած որոշումն ուշացած է, քանի որ արձագանքում է ոչ թե հունվարի, այլ դեկտեմբերի իրավիճակին։ Իրականում վիճելի է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այն դեպքում, երբ երկիրը 7,5 տոկոս տնտեսական անկում է արձանագրում։ Այսինքն, տնտեսության համար ֆինանսավորման ավելի բարենպաստ պայմաններ սահմանելու փոխարեն, ԿԲ-ն խստացնում է դրանք։ Ըստ էության, ԿԲ-ն տուրք է տալիս կառավարության և նրա ղեկին հայտնված անձի պոպուլիզմին։ Ակնհայտ է, որ ներկայիս գնաճը տնտեսության մեջ ավելի քան երկու տարի կատարվող ցնցումներն են, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացնելով, այս կացությունն անգամ մասամբ չի շտկվելու։ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառույց ԿԲ-ն դարձել էր դեռևս նրա նախորդ նախագահի ժամանակ, իսկ հիմա պարզապես դարձել է կառավարության կցորդը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular