ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է կատարել նաև սոցիալական փոփոխություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ փոփոխություններով պայմանավորված խնդիրների մասին 1or.am կայքը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

— Պարոն Խաչատրյան, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստի ժամանակ նշել է, որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչով խուսափել են առարկայակենտրոն մոտեցումից անցում են կատարում ինտեգրված մոտեցման։ Ինչպես նաև դպրոցներում փոխվելու է միավորական գնահատումը և գնահատումը լինելու է հինգերորդ դասարանի երկրորդ կեսից սկսած։ Առհասարակ այս փոփոխությունները ի՞նչ կարող են տալ կրթության որակի բարձրացմանը և արդյո՞ք ճիշտ ժամանակն է նման փոփոխությունների։

— Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կիրականացվի։ Իհարկե, ինտեգրված ուսուցումը ամենևին չի նսեմացնում առարկայական ուսուցումը, որովհետև, եթե չունեն առարկայի գիտելիքներ, ապա չեն կարող ունենալ նաև ինտեգրված գիտելիքներ, որովհետև եթե այս երկու առարկայից գաղափար չունեն, ապա ինչպես են կարողանում կապել։ Այնպես որ ինտեգրված ուսուցումը կարևոր է, բայց կարող է հաջողության հասնել միայն լավ առարկայական կրթության հիմքի վրա։ Դրա համար ինտերգված ուսուցումը վերջնանպատակ է։ Ինչ վերաբերում է գնահատականներին, կարծում եմ, որ դա էլ շատ մեծ ռիսկ է, որովհետև, ամեն դեպքում եթե կա թվանշան, նշանակում է, որ դա ինչ-որ նպատակ ունի, իսկ նպատակը այն է, որ ինչ-որ իմաստով գնահատել տվյալ աշակերտի գիտելիքի մակարդակը։ Կարելի է իհարկե թվանշաններից հրաժարվել, քանի որ դա միանշանակ տեսակետ չէ, բայց թվանշանների հանումը պետք է ուղեկցվի այլ գործիքների ներդրմամբ։ Այսինքն, ուսուցումը պետք է դառնա հետաքրքիր, ուսուցիչները պարբերաբար պետք է ծնողներին որակական նկարագիր տան։ Առաջ, երբ ուսուցիչը, օրինակ, ութ էր դնում, ծնողը հասկանում էր, որ երեխայի առաջադիմությունը լավ է, իսկ չորս միավորի դեպքում հասկանում էր, որ վատ առաջադիմություն ունի։ Այդ ամենը հիմա պետք է արվի որակական ձևով և ուսուցչի աշխատանքի բեռնվածությունը կավելանա։ Արդյո՞ք պատրաստ են այդ ուսուցիչներին վարձատրել։ 35 և ավելի աշակերտին մի քանի առարկայից որակական նկարագիր կատարելը այդքան էլ հեշտ գործ չի։ Նաև այդտեղ ռիսկային է բացասական թվանշանի վերացումը։ Հաճախ մենք կրթության հարցերը ուղիղ ենք հասկանում, բայց դա ճիշտ չէ։ Մարդիկ հաճախ ասում են, որ երեխայի նույն դասարանում մնալը լավ չէ, քանի որ հաջորդ տարի նրանք ավելի վատ են սովորում։ Ասեմ, որ նույն դասարանում մնալու այդ կետի թիրախային խումբը ոչ թե նույն դասարանում մնացողներն են, այլ այն երեխաներն են, ովքեր այդ ռիսկային գոտում են։ Բոլորս էլ գիտենք, որ շատ մարդ չի մնում նույն դասարանում, կարող է ամբողջ հանրապետությունում տարեկան մոտ 300 հոգի լինել, բայց դրա թիրախը այդ 300 հոգին չեն, այլ թիրախը այն 5000-6000 աշակերտներն են, ովքեր գտնվում են այդ բացասական ու դրական թվանշանների սահմանագծին։ Եվ հիմա, երբ  հանում են նույն դասարանում մնալու այդ կետը, ապա այդ 5000-6000 աշակերտները, որոնք չորս կամ հինգ էին ստանում, այսինքն սահմանային թվանշաններ, հիմա կարող են ասել, որ եթե հիմա չկա նույն դասարանում մնալ էլ ինչիս է պետք ջանք գործադրեմ և այս խումբը հիմա կրկին հայտնվում է ռիսկի տակ։ Հիմա ի՞նչ պետք է անի նախարարությունը, որ այդ չորս կամ հինգ ստացող երեխաները չկորցնեն իրենց, մի քանի բան սովորելու մոտիվացիան և ձեռքերը ծափ տալով չգան ասեն․ «Ինչ ուզում եք արեք, միևնույնն է ինձ չեք կարող նույն դասարանում թողնել։ Չեմ սովորում, վերջ, ինչ պետք է անեք»։ Իսկ մենք այսօր ունենք այդպիսի աշակերտներ, որոնք բացահայտ ասում են, որ չեմ ուզում և չեմ սովորում։ Հիմա նրանց թիվը կարող է ավելանալ, եթե կրթությունը չդառնա հետաքրքիր, որակյալ, եթե ուսուցիչների մասնագիտական որակները չզարգանան։

— Այս պահի դրությամբ, աշակերտները և ուսուցիչները որքանո՞վ են պատրաստ այս փոփոխություններին։ Հաշվի առնելով նաև համավարակով պայմանավորված բացթողումները, որոնք, բնականաբար, բացասաբար են ազդել կրթության որակի վրա։ Իսկ այս փոփոխությունները սեպտեմբերից փորձնական իրականացվելու են և միայն 2023 թվականից արդեն վերջնական կյանքի կոչվեն։ Արդյո՞ք այդ փորձնական փուլը ևս իր բացասական հետքը չի թողնի այս սերունդի կրթության վրա։

— Իհարկե լավ բան եք ասում, որ ասենք փորձարկում ենք։ Փորձարկումը ոչ թե բերելու է նրան, որ հրաժարվեն այս ամեն ինչից, այլ կարող են որոշակի փոփոխություններ, խմբագրումներ անել։ Որովհետև փորձարկումը այն է, երբ ասենք մի քանի դպրոցում են փորձակում։ Հիմա, եթե իրենք արդեն չափորոշիչը ընդունել են, էլ ի՞նչ փորձարկեն, էլ հետ ողորմիա չեն անելու։ Կարող են լինել որոշակի փոփոխություններ, բայց անկախ նրանից կաշխատի թե չէ այս ամենը ներդրվելու է։ Ուղղակի ճիշտ հարց եք բարձրացնում, պետք է ուսուցիչներին և տնօրեններին և բոլորին պատրաստեն այս փոփոխություններին։ Նաև պետք է մտածել նրանց սոցիալական իրավիճակի մասին, որովհետև այս մոտեցումը շատ մեծ պատասխանատվություն է դնում ուսուցիչների համար։ Ճիշտ է մի փոքր ավելանում է ուսուցիչների ազատությունը, բայց նրանց աշխատանքն է ավելանում։ Օրինակ ուսուցիչը պետք է նախագծեր անի։ Նախագիծ անելը աշխատատար է և ուսուցիչը պետք է դասերից դուրս լրացուցիչ գործեր անի։ Ամեն աշակերտ պետք է գոնի մեկ առարկայից նախագիծ ներկայացնի ինչը նշանակում է, որ ուսուցիչները գերծանրաբեռնվածություն են ունենալու։ Եվ այդ ամենը պետք է խրախուսել և եթե ուզում են, որ ուսուցիչները նախագծային ուսուցում անի, դա նշանակում է, որ պետք է նոր գիտելիքներ և հմտություններ տալ ուսուցիչներին, իսկ դրա համար պետք է նաև ավելի բարձր վարձատրեն։ Իսկ եթե անգամ աշխատավարձերը մնան նույնը և ուսուցիչները հանուն հայրենիքի այդ նոր մեթոդներով աշխատեն, ապա կրկին մարդիկ այդ ռեֆորմի հանդեպ նեգատիվ են լինելու։

— Այս փոփոխությունները կրթության որակի վրա դրական թե՞ բացասական ազդեցություն են թողնելու։

— Դեռ չենք կարող ասել, նայած թե ոնց կկիրառվի։ Շատ կարևոր է նաև թե ովքեր են լինելու այդ բարեփոխիչները։ Ի՞նչ իրավիճակ կլինի։ Տնտեսությունը ի՞նչ իրավիճակում կլինի։ Կառավարությունը կփոխվի թե՞ նույնը կմնա։ Այս ամենը կարող է իր ազդեցությունը ունենալ։ Եվ որ ամենակարևորն է, թե ինչպես կանեն այս ամենը, որովհետև կրթությունը դա թղթի վրա գրածը չի. կրթությունը դա այն որակներն են, որ կատարում են մարդիկ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular