ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիետնամի հեռուստաալիքները հաղորդումներ են հեռարձակել ԼՂ-ի ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վիենտանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ապրիլին վիետնամական երկու հեռուստատեսություններով հեռարձակվել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում նաև՝ 2016 ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին հաղորդումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու հեռուստատեսությունն է համավիետնամական են և ունեն 80 մլն լսարան: Վերոնշյալ հաղորդումներում հանդես են եկել Վիետնամում ամենահայտնի գիտնականներ, քաղաքական մեկնաբաններ:
Հաղորդումներից մեկը հեռարձակվել է ապրիլի 17-ին ժամը 20.15 վիետնամական հեռուստատեսության «Համաշխարհային անվտանգություն» (ANTG) հեռուստաալիքով՝ «Լեռնային Ղարաբաղ՝ պայթունավտանգ տակառ Կովկասում» խորագրով: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի Պաշտպանության մարտավարության ինստիտուտի նախկին տնօրեն, Վիետնամում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ճանաչված փորձագետ՝ գնդապետ Լե Թե Մաուն:
Հաղորդման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվում ԼՂՀ-ում 2016 ապրիլի իրադարձությունների մասին, որից հետո գնդապետ Լե Թե Մաուն խոսում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստի մասին, անդրադարձ կատարում Ադրբեջանում տնտեսական, հասարակական խնդիրներին, հիշատակում Ադրբեջանում կոռուպցիայի «էնդեմիայի» մասին՝ հանգելով այն եզրակացության, որ սա Թուրքիայի պատվերն է, որը օգնում է Ադրբեջանին զենքով և քաղաքական աջակցությամբ: Ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը և ներկա զարգացումները: Փորձագետն նաև անդրադառնում է այս տարածաշրջանում համաշխարհային տերությունների շահերին, ռուս-թուրքական հակամարտությանը, ինչպես նաև ԼՂՀ-ում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ Իսլամական պետության կողմից սպառնացող վտանգին:
Ապրիլի 10-ին ժամը 19.00-ին Վիետնամի պաշտպանության նախարարության «Վիետնամի պաշտպանություն» (QPVN) ալիքով հեռարձակված հաղորդման ժամանակ հաղորդավարի զրուցակիցներն են Վիետնամի հասարակական գիտությունների ակադեմիայի դոկտոր, Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Նգույեն Չահն Տոանը և Հասարակական անվտանգության մարտավարության և գիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, գեներալ-մայոր Լե Վան Կունը:
Չրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ԼՂ-ում Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ հանգելով այն եզրակացության, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը: Վերջիններս նման գործողությունները հիմնավորում են Ադրբեջանում տնտեսական ճգնաժամով և նավթի գների անկումով: Նրանք նաև գնահատական են տալիս ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններին տարածաշրջանի այլ պետությունների հետ՝ շեշտը դնելով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Ապրիլի 23-ին «Համաշխարհային անվտանգություն» (ANTG) հեռուստաալիքով՝ հեռարձակվել է հաղորդում «Ցեղասպանություն. ողբերգություններ, որոնք շարունակվում են այսօր» խորագրի ներքո: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի ղեկավար դոկտոր Դո Սոն Հայը:
Սկզբում հաղորդավարը ներկայացնում է ապրիլ ամիսը, որպես շատ ցեղասպանությունների իրագործման ժամանակահատված: Ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նյութեր, ԻՊ զինյալների քրիստոնյա, քուրդ և այլ փոքրամասնությունների դեմ իրականացրած ջարդերի և 1975թ. Կամբոջայում Կարմիր կխմերների կողմից իրականացված ցեղասպանության վերաբերյալ տեսաշարեր:
Հաղորդման ընթացքում մեջ է բերվում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղերձը. «Մարդկությանը հայտնի վատագույն աղետը վերապրելուց հետո մենք պետություն ենք կառուցել, և այսօր Հայաստանը նպաստում է այդ հանցագործություններից զուրկ աշխարհ կառուցելու ջանքերին: Մենք հաստատակամ ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու և ցեղասպանության ճանաչման առավել արդյունավետ մեխանիզմ զարգացնելու հարցում: Օրինակ, դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգայի ն օր» հռչակելը»:
Դոկտոր Դո Սոն Հայը, անդրադառնալով ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանությունների դեմ կոնվենցիայի դրույթներին, նշում է, որ կոնվենցիան ստորագրող պետությունները ինքնըստինքյան պետք է պայքարեն ցեղասպանության ցանկացած դրսևորումների դեմ: Դոկտոր Դո Սոն Հայը համաձայնություն է հայտնում ՀՀ դեսպանի կողմից հնչեցրած այն ճշմարտությանը, որ ցեղասպանությունների կանխարգելման ամենագործուն միջոցը ցեղասպանության հանցագործության մասին տեղեկացվածության բարձրացումն է ու այդ ոճրագործության հիշողության պահպանումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular