ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գույքը կորցրած պայմանագրային զինծառայողներին փոխհատուցում կտրամադրվի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունմամբ կապահովվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթացը, մասնավորապես՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված և գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին համապատասխան աջակցություն կտրամադրվի:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ, մասնավորապես՝ այլևս Արցախի վերահսկողության տակ չգտնվող մի շարք համայնքների բնակարաններում կամ բնակելի տներում նրանք թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաև անձնական օգտագործման ավտոմեքենաները: Միևնույն ժամանակ նախարարությունն ընդգծում է, որ վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից:

Նախարարությունը պարզաբանում է, որ այս հանգամանքը վերջիններիս շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաև բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա` ստեղծելով նաև սոցիալական լարվածության օջախներ: Որոշման այս նախագծով փորձ է արվում լուծում տալ այս համատեքստում առաջացած խնդիրներին: Մասնավորապես՝ նախագծով հաստատվում է սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող և Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի նախարարություններում, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության համակարգերում պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների աջակցության միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը։

Նախագիծն ընդունվելու դեպքում ռազմական գործողությունների հետևանքով իրենց գույքը կորցրած պայմանագրային զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի դրամական միանվագ օգնություն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ պայմանագրային զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգն ու պայմանները հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կավելանան ՀՀ պետական բյուջեի ծախսերը, բայց նախ և առաջ պետք է մշակել միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսող կառավարության որոշման նախագիծ:

Օրինակ՝ այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 3-օրյա ժամկետում կառավարությանը պետք է ներկայացնի առաջարկություն` պայմանագրային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով 2021 թվականի պետբյուջեում վերաբաշխում և կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular