ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության կացնային ու անհեռատես քայլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանության ֆրակցիան ամեն գնով ցանկանում է լռեցնել մամուլին՝ չորրորդ իշխանությանը, և տարբեր մեթոդներ է մտածում՝ մամուլին տուգանելու չափերը մեծացնելու, ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ անելու և տարբեր սահմանափակումներ օրինականացնելու համար։ Հիմա էլ փորձում են արգելել, որ լրատվամիջոցները հղում տան անանուն աղբյուրներին։ Իրականում փաշինյանական ռեժիմը փորձում է սանձել նախ իր թիմակիցներին, ովքեր հոգնել են Նիկոլ Փաշինյանից, սկսել են պատկերացնել իրավիճակի աղետալիությունը և լրատվամիջոցներում «արտահոսքեր» են կազմակերպում, որոնք հաճախ ցավոտ են լինում անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Սակայն այս նախաձեռնությունը ձախողված է ի սկզբանե։ Արդյունքում լինելու են դատական գործեր, որոնք հասնելու են ՄԻԵԴ և հետ գան՝ ի վնաս գործող իշխանությունների։ Ավելանալու են այն տուգանքների գումարները, որոնք ՀՀ պետբյուջեից ՀՀ կառավարությունը վճարելու է ՄԻԵԴ վճիռների պահանջներին համաձայն։

Ըստ էության, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ցանկանա Հայաստանը տեսնել Հյուսիսային Կորեայի մոդելով, միևնույն է՝ չի կարողանալու Հայաստանի համար նման իրականություն ստեղծել։ Եթե ավելի կոնկրետ՝ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ «չափն անցնի», ապա միջազգային կառույցներն ունեն բավարար գործիքակազմ՝ անձամբ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների հանդեպ անհատական սանկցիաներով կամ նրա թիմակիցների ու ողջ թիմի հանդեպ սանկցիաներ կիրառելով բերել նրան խելամտության դաշտ։ Հեռու գնալու կարիք չկա՝ Փաշինյանը կարող է հայացքը հառել դեպի Բելառուս և տեսնել Լուկաշենկոյի և նրա թիմակիցների հանդեպ սանկցիոն ճնշումները, որ գործադրում են միջազգային կառույցները։

Վստահաբար կարող ենք արձանագրել․ հեռու չէ այն օրը, երբ եվրոպական կառույցներից այս մասին ակնարկներ ու բացահայտ նախազգուշացումներ կլինեն՝ նաև ուղղված պաշտոնական Երևանին։ Անանուն աղբյուրներին հղում տալը ժամանակակից լրագրության համար անհրաժեշտ է «օդ ու ջրի» պես։ Եթե չլիներ անանուն աղբյուրներին հղում տալով գրելու հնարավորությունը, ապա հետաքննական լրագրության մեջ շատ բացահայտումներ չէին լինի։ Ի դեպ՝ եթե արգելված լիներ անանուն աղբյուրներին հղում տալով գրելու պրակտիկան ժամանակակից լրագրության մեջ, ապա կարող ենք ասել՝ միջազգային մամուլում չէր շրջանառվի նաև այն տեղեկատվությունը, որ արցախյան 44-օրյա պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումներին հարող գրոհայիններ են կենտրոնացել արցախյան ճակատում՝ Թուրքիայի կողմից, որոնք կռվել են Ադրբեջանի օգտին։ Փաշինյանական թիմի այս տխրահռչակ նախաձեռնության հեղինակները կարող են վերհիշել միջազգային մամուլում այս մասին հրապարակումները և դրանցում տեղ գտած հստակ ձեւակերպումները՝ «տեղեկատվության անանուն, բայց վստահելի աղբյուրների» մասին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular