ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է տեղի ունենում Սյունիքի շուրջ. Փաշինյանը կրկին ստել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հերքել է այն լուրերը, թե Արցախի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված: Նա բառացիորեն ասել է, որ ոչ մի հավելված գոյություն չունի:

Պատերազմի ավարտից հետո Սյունիքում տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնք մինչ այսօր ոչ ի օգուտ են եղել Հայաստանի համար: Տպավորություն է, որ կա մի ստվերային փաստաթուղթ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված, դրա համար ազերիները առանց ընկրկելու գալիս են ու պահանջում լքել որևէ դիրք, գյուղ, ճանապարհ կամ մի ուրիշ բան:

Եվ ահա փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով է անցնում ճանապարհը։ Տիգրան Ավինյանը մանրամասն չխոսեց հարցի մասին՝ այն համարելով պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն։ Առաջարկեց համապատասխան հանձնաժողովներում անցկացնել հանդիպումներ, լսումներ, տեղեկանալ մանրամասներին։

Տիգրան Ավինյանի հայտարարությանը նախորդել էր ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ: Իհարկե, հետո ԱԱԾ-ն պարզաբանում տարածեց, թե Սյունիքի մարզում լուսաբանում իրականացնելու վերաբերյալ իրազեկումը չունի լրագրողների գործունեությունը խոչընդոտելու նպատակ:

Ի՞նչ է ստացվում: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է հանրությանը, պնդելով, թե ուրիշ փաստաթղթեր չկան, բացի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Ի դեպ, նշենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակել էր փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ կա կնքված համաձայանգիր Հայաստանի և Ադրբեջանի մասին:

Տեսնելով, որ երկար չեն կարող թաքցնել փաստաթղթի գոյությունը՝ Տիգրան Ավինյանը խոսում է դրա մասին, ասում է, որ կա ևս մեկ փաստաթուղթ: Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հետագա խնդիրներից զերծ մնալու համար տարածում է հաղորդագրություն: Հասկանում ենք, որ իշխանությունները ուզում են ինֆորմացիայի արտահոսք տեղի չունենա: Հետևաբար կա ողջամիտ կասկած, որ Ադրբեջանի հետ կան գաղտնի ձեռք բերված այլ պայմանավորվածություններ ևս: Ակնհայտ է, որ Սյունիքի շուրջ ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք թաքցվում են հասարակությունից

Կարեն Դանիելյան

 www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular