ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժո­ղովր­դի թի­կուն­քում ի՞նչ գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մեջ են մտնում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit) հետազոտական և խորհրդատվական ընկերությունը օրերս հրապարակեց «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը, որում Հայաստանը այս անգամ նույնպես դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ»։ Սակայն ուշադրության է արժանի, որ ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում 2020 թվականին Հայաստանի միավորները զգալիորեն նվազել են։ 167 երկրների շարքում մեր երկիրը հայտնվել է 89-րդ տեղում՝ 5,35 միավորով։ Ընդ որում, 2020-ին Հայաստանի դիրքերի նվազումը գլխավորապես պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարության սահմանած ռազմական դրությամբ, որն «էականորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ արտահայտման ազատությունը»։

Պետք է նկատել, որ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը պահպանվեց. որքան էլ զարմանալի է, բայց փաստ է, որ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո էլ արդեն երեք ամիս է, ինչ շարունակում ենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եթե պատերազմը մի քանի ամիս առաջ ավարտվել է, ինչո՞ւ են իշխանությունները շահագրգռված այս իրավական ռեժիմը այսքան երկար պահելու հարցում։ Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները շարունակում են մնալ։ Իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ իշխանությունները հայտարարում են, թե իրենք շարունակում են վստահություն վայելել ժողովրդի շրջանում, բայց սահմանափակում են ժողովրդի ազատությունները։ Թերևս ռազմական դրությունը պահպանելու նրանց մտադրությունը մեծապես պայմանավորված է իշխանությունների կասկածելի դիրքորոշումներով։ Նրանք բաց և թափանցիկ չեն աշխատում ժողովրդի հետ, ինչը ցանկացած պահի կարող է շատ լուրջ ժողովրդական հուզումների և պոռթկումների տեղիք տալ։

Մեծ է նաև հավանականությունը, որ առաջին պլան կարող է մղվել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից իշխանություններն այդքան սարսափում են։ Պատահական չէ, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի 4-րդ կետը, այնուամենայնիվ, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։ Ու այս համատեքստում հատկանշական է, որ իշխանությունների վախերը գնալով ավելի ցայտուն են դառնում։ Խնդիրն այն է, որ հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերին պետական մարմինները խուսափում են կոնկրետ պատասխաններ տալ և ասում են, թե պետական գաղտնիք է։ Իշխանական ներկայացուցիչների համար, օրինակ՝ պետական գաղտնիք է զոհվածների և գերիների թիվը։ Սովորաբար տվյալները գաղտնի են պահվում, որպեսզի հակառակորդը հասու չդառնա այդ տեղեկություններին։

Բայց այս դեպքում թշնամական Ադրբեջանը քաջատեղյակ է դրանց մասին, այդ դեպքում ո՞րն է այդ տվյալները մեր հանրությունից գաղտնի պահելու իմաստը։ Մյուս կողմից՝ հանրության մեջ կա շատ հիմնավոր կասկած, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, լավ՝ առանց տեղյակ պահելու, երկրի անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցերում իշխանությունները գաղտնի պայմանավորվածությունների մեջ են մտնում հակառակորդի հետ։ Նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը շարունակաբար հավաստիացնում էր, թե հայտարարությունը որևէ գաղտնի հավելված չունի։ Բայց այս ընթացքում բազմաթիվ հարցեր էին բարձրացվում, մասնավորաբար, թե ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են Ադրբեջանին հանձնվել Կուբաթլուի և Զանգելանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած այն հատվածները, որոնց մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ անդրադարձ չկար։

Օրերս փոխվարչապետ Ավինյանը խորհրդարանում նշեց, թե բացի հրապարակված հայտարարություններից ու փաստաթղթերից, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ճանապարհահատվածին: Միևնույն ժամանակ, Ավինյանը մանրամասներ չնշեց՝ ասելով, թե այն պետական գաղտնիքներ է պարունակում։ Իշխանությունը չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ են հանրությունից թաքցրել այդ պայմանավորվածության փաստը։ Ուրեմն, կարո՞ղ է մեր հանրությունը կասկածներ ունենալ, որ իրականում այլ ծածուկ պայմանավորվածություններ էլ կան:

Կարո՞ղ է կասկածել, որ «ժողովրդի վարչապետը» ռազմական դրությունը երկարացնում է և պետական գաղտնիքի անվան տակ «փափուկ բարձ» դնում հանրության գլխի տակ, իսկ կուլիսներում շարունակում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չբխող պայմանավորվածություններ ձեռք բերել թշնամական երկրի «կիրթ» ղեկավարի հետ: Կարո՞ղ է հիմնավոր կասկածներ ունենալ, որ վաղն էլ մեկ այլ փաստաթղթի գոյության մասին փաստը չի ջրի երես դուրս գալու, որի մասին այսօր անգամ գաղափար չունենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular