ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս օրենսդրական նախաձեռնությունը չի համապատասխանում ժողովրդավարական հասարակության պահանջներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական մի նախաձեռնությունը, որով վիրավորանքի համար քաղաքացիները նախկին 1 միլիոնի փոխարեն այլևս կտուգանվեն մինչեւ 5 միլիոն դրամով, իսկ զրպարտության համար 2 միլիոնի փոխարեն՝ մինչեւ 10 միլիոն դրամով։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

—Պարոն Մելիքյան,որքանով է այս օրենքը իրավաչափ։

— Առհասարակ ես պետք է ասեմ, որ քաղաքացիական օրենսգրքում նախատեսված մեկ միլիոն դրամը վիրավորանքի համար և երկու միլիոն դրամը զրպարտության համար արդեն իսկ բավականին բարձր շեմ է և այստեղ նպատակը ոչ թե պետք է լինի այդ փոխհատուցման բարձրացումը, այլ այնպիսի իրավիճակ և միջավայր ստեղծել, որը զարգանա որակյալ լրատվությունը և զրպարտությունն ու վիրավորանքը հետզհետե նվազեն։ Այն ճանապարհը, որը  ընտրել են իշխանական պատգամավորները, ամենևին էլ չի լուծելու այդ հարցը, որովհետև հայտնի է, որ գոյություն ունի սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը, ըստ որի առհասարակ որևէ փոխհատուցում վիրավորանքի և զրպարտության համար նշանակելիս դատարանները պետք է հաշվի առնեն նաև լրատվամիջոցի ֆինանսական իրավիճակը, պետք է հաշվի առնեն՝ արդյոք այդ փոխհատուցումը, որը  նշանակվել է չի՞ բերի լրատվամիջոցի կոլապսի։ Տվյալ պարագայում մենք նկատում ենք, որ իշխանական պատգամավորները, փաստորեն, այդպիսի բարձր շեմ սահմանելիս նկատի ունեն հենց ավելի ցավոտ միջոցներ ձեռնարկելը։ Եվ դա շատ վատ է այն առումով, որ դատարանները այս վերջին մի քանի տարիների ընթացքում, սովորաբար տուգանքի այդ վերին շեմը այդ վիրավորանքի համար մեկ միլիոնը և զրպարտության համար երկու միլիոնը չեն կիրառել, որպես կանոն և հիմնականում տուգանել են մոտ երկու հարյուր հազար կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Հետևաբար, եթե դատարանները այս մոտեցումները կիրառեն կնշանակի, որ օրենսդրական փոփոխությունը անիմաստ է դառնում, որովհետև վերին շեմը չի կիրառվում։ Բայց ուրիշ հարց է, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ շատ հնարավոր է, որ դատարանները ընդունեն սա որպես ազդակ և այսուհետ ավելի բարձր փոխհատուցման գումարներ նշանակեն։ Սա միայն բացասական հետևանքներ կարող է թողնել լրատվական դաշտի համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ շատ հաճախ լրատվամիջոցների օբեկտիվ քննադատությունը ընկալվում է որպես վիրավորանք կամ զրպարտություն և լինում են դեպքեր, երբ քննադատվողը որպես վիրավորանք և զրպարտություն ընդունելով՝ դիմում է դատարան և փորձում է լրատվամիջոցի հետ հաշիվներ մաքրել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ իշխանական պատգամավորները, ովքեր  սա նախաձեռնել են և քվեարկել են առաջին ընթերցմամբ, պետք է լուրջ մտածեն, թե արդյոք արժի շարունակել և երկրորդ ընթերցմամբ նույնպես քննարկել և քվեարկել, մանավանդ, որ ես տեղյակ եմ, որ միջազգային կազմակերպությունները նույնպես մտահոգություն են հայտնել այս օրենսդրական նախաձեռնության առնչությամբ և համարում են, որ այն չի համապատասխանում ժողովրդավարական հասարակության պահանջներին։

—Պարոն Մելիքյան, ինչպես նոր նշեցիք, շատ հաճախ առողջ քննադատությունը ևս դիտարկվում է վիրավորանք կամ զրպարտություն և լրատվամիջոցի նկատմամբ տուգանք է սահմանում։ Այս օրենքի ընդունումով արդյոք չի սահմանափակում լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը։

— Անշուշտ այդպիսի վտանգ կա, բայց նաև մենք պետք է հաշվի առնենք, որ իսկապես մեր միջավայրը այնպիսի է ձևավորվել և դա շատ մտահոգիչ է, որ առհասարակ և լրատվամիջոցների հրապարակումներում, և սոցիալական մեդիայում բավականին տարածված է և վիրավորանքը, և զրպարտությունը, և պետք է հասկանալ, որ դա նորմալ երևույթ չի։ Մանավանդ եթե դրան ավելացնենք ապատեղեկատվությունը, ընդ որում միտումնավոր ապատեղեկատվությունը և փաստերի խեղաթյուրումը։ Այս ամենը իհարկե լուրջ մտահոգություն է առաջացնում և պետք է մտածել այս երևույթների դեմ պայքարի մասին։ Բայց այն ինչ առաջարկում են իշխանական պատգամավորները, դա ամենևին էլ լուծում չի, ավելին՝ այդ առաջարկները, նախաձեռնությունները կարող են վնաս հասցնել նաև որակյալ լրատվամիջոցների գործունեությանը, մասնավորապես, եթե խոսքը գնում է հետաքննող լրագրության մասին և նաև ոչ բացահայտված, բայց թույլ աղբյուրներից ստացված հանրային նշանակության տեղեկատվություն տարածելու իմաստով։ Կարծում եմ, որ սա հոնքը ուղղելու փոխարեն աչք հանել է ստացվում ինֆորմացիոն ոլորտում։ Ուզում եմ ասել նաև, որ երեկ, մենք՝Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և ինը գործընկեր կազմակերպություններ հայտարարություն տարածեցինք այս մասին, տարածեցինք բոլոր լրատվամիջոցներով, որտեղ մեր դիրքորոշումը տարբեր դրույթներով ներկայացված է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular