ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ նոյեմբերի 9-ին քանի՞ բալանոց երկրաշարժով ցնցվեց մեր հայրենիքը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ կանեք, եթե ձեր հարևանը ցանկապատը շատ չէ, մի մետր առաջ տա ի վնաս ձեզ։ Ի դեպ, այն հարևանը, որի հետ հաճախ սուրճ եք խմում, Ամանորին գնում նրա տուն, խոզի բուդ ու բլինչիկ ուտում, վերջապես 30 տարի հարևանություն եք անում։ Վստահ եմ՝ նվազագույնը քաղաքավարի կերպով թույլ չեք տա, իսկ վատագույն դեպքում՝ գործը կհասնի բռունցքներին։ Դուք ամեն անգամ կատաղության եք հասնում, երբ հարևանն իր կոշիկները մաքրում է ձեր դռան առջևի շորի վրա, ճի՞շտ է: Իհարկե, ճիշտ է: Իմ շրջապատում սեփական տարածքը չպաշտպանող մարդ չեմ տեսել։ Բայց թե իր ցանկապատից, իր դռան շորից 1 մետր այն կողմ ինչ կկատարվի, շատերին պարզապես չի հետաքրքրում։ Ցավոք:

Նրանց, ում հետաքրքրում է, մենք՝ որպես մենթալ, սովորաբար հերոսացնում ենք։ Եթե ինձ մի տարի առաջ ասեին, որ կարող է լինել անպես, որ, օրինակ՝ Շուռնուխը թուրքը կարող է գալ ու վերցնել, ու մենք՝ որպես ազգ, հանգիստ կնայենք դրան, ես առնվազն դա ասողին խելագար կհամարեի։ Բայց դա տեղի ունեցավ։ Շուռնուխը՝ որպես օրինակ, որպես հավաքական օրինակ: Պատերազմ գնացողներ և բանակից փախչողներ, հայրենիքի ամեն մետրի համար կյանքը զոհելու պատրաստներ և հայրենիք վաճառողներ բոլոր ժամանակներում եղել են։ Դրա համար գոյություն ունեն հերոսներ և դավաճաններ։ Ու հայրենիք չունենալու համար ընդամենը պետք են մի խումբ դավաճան գործակալներ և մի քիչ շատ հայրենիքի զգացում չունեցողներ։

Սրանց պակասը չի զգացվում մեր երկրում։ Շատ ցավալի է, որ այլազգի տարբեր վերլուծաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ տարակուսած են, թե հայ հասարակության մեծ մասն առհասարակ ուզո՞ւմ, ավելին՝ պայքարո՞ւմ է այս արևի տակ իր հայրենիքն ունենալու համար։ Պատկերացնո՞ւմ եք, օտարները, որ միշտ հիացել են մեր ազգի՝ պայքարելու և ապրելու հզոր բնազդով, տարակուսած են, թե ե՞րբ ու ինչո՞ւ մենք դարձանք այսպիսին։ Հայ ժողովրդի մի մասի նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է բթացել։ Կարծես մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ թուրքը պիտի գա ու իրեն իր իսկ տան մեջ գլխատի։ Տարօրինակ է, բայց վերջին ժամանակներում մտածե՞լ եք, թե ինչու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «հող հանձնողին կհանձնեինք հողին», իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ «դե, ի՞նչ անի խեղճ Նիկոլը...»։

Անկեղծ ասած՝ շատ եմ մտծել, թե ի՞նչ են արել մեր ազգի հետ վերջին տարիներին, որ մենք դարձանք այսքան իներտ ու անտարբեր, գլխավորը երկրորդականից, ճիշտն ու սխալը, ճշմարիտն ու սուտը, ազգայինն ու ապազգայինը իրարից չտարբերող։ Մենք, որպես ազգ, էթնոս այլևս գոյաբանական խնդիրներ ունենք, քանի որ պարադոքսալ, զավեշտալի ու հակաբնական է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ու մենք՝ ՀՀ «հպարտ» քաղաքացիներս, համաձայն ենք նրա հետ, համաձայն ենք այն ամենի հետ, ինչ եղավ ու ինչ նա ու իր «ուսապարկային IQ-ով» թիմն անում է, հակառակ դեպքում հարյուր հազարավոր մարդիկ փողոցները հեղեղած կլինեին՝ նրանց քշելու համար։ Եզակի դեպք է, բայց համաձայն եմ Նիկոլի հետ՝ մեր ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ։

Ի դեպ, հեղեղված փողոցների մասին. շաբաթ օրը 6-7 բալանոց երկրաշարժ գրանցվեց Հայաստանում։ Տեսա՞ք՝ ինչ էր կատարվում երկրում, հատկապես մայրաքաղաքում։ Ոչ, ոչ, ես բնավ նկատի չունեմ, թե մարդիկ չպիտի անվտանգության նկատառումներից ելնելով դուրս գային իրենց տներից։ Ընդհակառակը, անվտանգության կանոններին հետևելը ճիշտ է ու կարևոր նման դեպքերում։ Բայց նայում էի խուճապահար ու վախեցած մարդկանց ու մտածում՝ լավ, բա ռումբերի ու բայրաքթարների տակ ապրող, կռվող մարդիկ ո՞նց են արել։ Լավ, բա նոյեմբերի 9-ին Նիկոլը քանի՞ բալանոց երկրաշարժով ցնցեց մեր հայրենիքը։ Ո՞ւր էին, ո՞ւր են մարդիկ։ Նրանք տանն էին, տանն են, որովհետև բայրաքթարներն իրենց տան կտուրների վրա չեն պտտվում, չեն հասել... նոր մոտենում են Սյունիքին։ Իսկ քանի դեռ Սյունիքին է մոտենում, ոչինչ, իմ տնից դեռ հեռու է, երբ կմոտենա տանս, միգուցե այդժամ հարցնեմ «փրկիչ» Նիկոլին, թե ո՞նց եղավ, որ թուրքն եկավ հասավ Երևան։

Չնայած ի՞նչ հարցնեմ, «խեղճ Նիկոլն ի՞նչ անի»։ Մարդիկ կան, ուրախացել են, որ Հայաստանից զինվորներ չեն գնալու Արցախ ծառայության։ Մարդիկ կան՝ վաղն ուրախանալու են, որ Սյունիք զինվոր չի գնալու ծառայության։ Մարդիկ կան առհասարակ չեն հասկանում, որ հայ զինվորը թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում և թե՛ Ճամբարակում նույն բանն է անում՝ պաշտպանում է Երևանում, Վանաձորում ու Ախուրյանում ապրող իր հայրենակցին, իր հորն ու մորը։ Չգնա Արցախ, ուրեմն կգնա Սյունիք, չգնա Սյունիք, ուրեմն կգնա Վարդենիս, չգնա Վարդենիս, ուրեմն կգնա Նոյեմբերյան, ի՞նչ տարբերություն՝ թուրքն, ի շնորհիվ «փրկչի», արդեն ամենուր է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular