ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկապես չե՞ք հասկանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած մտքերին, եզրակացնում է, որ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության` տարածքներ խաղաղության դիմաց։ Ռուբեն Ռուբինյանը այնուհետև գրում է, որ <<լավ է, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։ Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս․ 1. Ինչու՞ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ)։ 2. Ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելու, թե՞ չհանձնելու մեջ։ Ամբողջ բանակցային գործընթացի և պատերազմի սկսման հանգամանքների վերլուծության շուրջ բանավեճի համար կարևոր է հատկապես երկրորդ հարցի պատասխանը, որովհետև, համաձայնեք, անհնար է միաժամանակ ներկայացնել երկու իրարամերժ մեղադրանք և, առավել ևս, միաժամանակ հակադարձել դրանց։ Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մեղադրանքից»։ Հիմա՝ ինչո՞ւ եմ ամբողջությամբ մեջբերում Ռուբեն Ռուբինյանի խոսքը, որպեսզի հասկանալի լինի, թե քաղաքական ու դիվանագիտական մտքի ինչպիսի անկման հետ գործ ունենք:

Պատկերացնո՞ւմ եք՝ այս մարդը ԱԺ հանձնաժողովի նախագահ է՝ արտաքին հարաբերությունների գծով, ասել է, թե խորհրդարանական դիվանագիտության կազմակերպիչն ու իրականացնողն է: Ու մենք, որպես ազգ ու պետություն, ուզում ենք լավ ապրե՞լ, այս արևի տակ մեր տեղն ու դերն ունենա՞լ: Չի լինի, ո՞նց կարող է նման բան լինել, երբ Ռուբեն Ռուբինյանը հասարակ բաներ չի հասկանում, կամ ձևացնում է, թե չի հասկանում: Ուրեմն, ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ Արցախի անվտանգության գոտի հանդիսացող 5+2 շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին Արցախի կարգավիճակի դիմաց: Մանրամասն չեմ գրում, որովհետև մեկ հոդվածում այդքանը տեղավորելը դժվար է: Ի՞նչ է ասում Ռուբեն Ռուբինյանը: Ասում է, թե բա խի՞ եք Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, որը պատրաստվում էիք անեիք դուք: Հիմա ո՞նց բացատրեմ այսքան դժգույն ու դժբախտ իրականությունը:

Պարոն Ռուբինյան, ընդունենք Սերժ Սարգսյանը վերադարձնում էր 7 շրջանները, բայց նրա ու ձեր տարբերությունը կայանում է նրանում, որ դուք ոչ միայն 7 շրջաններն եք հանձնել, այլ Շուշին, Հադրութը, այլ բնակավայրեր, որոնք երբեք բանակցությունների քննարկման թեմա չեն եղել: Պարոն Ռուբինյան, դուք Հայաստանն ու Արցախը տարել եք կապիտուլյացիայի՝ տալով հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ: Պարոն Ռուբինյան, դուք կազմաքանդման ու ջախջախման եք տարել հայոց բանակը: Թվարկե՞մ էլի, թե բավարար է: Իսկապես չե՞ք հասկանում տարբերությունը: Եթե ոչ, ապա ողբամ հայ ազգին, որ ձեր նման կառավարիչներ ունի: Ինձ թվում է՝ ցավոք, բանակցային գործընթացի մասին Սերժ Սարգսյանի լիկբեզը հասկացան բացառապես նրանք, ում դա բացատրելու կարիք առհասարակ չկար։ Իսկ Սերժ Սարգսյանի հարցազրույցի դետալներին կանդրադառնամ հաջորդիվ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular