ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ. ԿԲ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Կենտրոնական բանկի փետրվարի 2-ին կայացած խորհրդի նիստում Իրավիճակային հաշվետվության եւ արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը:

ԿԲ-ից հայտնում են, որ հաշվի առնելով մի կողմից արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններն ու ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների որոշ չափով արագացումը, իսկ մյուս կողմից թույլ պահանջարկի պահպանումն ու միջազգային շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը՝ Խորհրդի քննարկմանն էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ: Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունում էին, որ վերը թվարկված գործոններն առկա են, սակայն տարակարծիք էին դրանց հետագա զարգացումների եւ գնաճի վրա ազդեցության չափի հարցում: Խորհրդի անդամների մի խումբ գտնում էր, որ, չնայած պահպանվող թույլ պահանջարկին եւ առաջարկի գործոններով պայմանավորված բարձր գնաճին, գնաճային սպասումները որոշ չափով արագանում են, ինչի ուղղությամբ ԿԲ-ն պետք է արտահայտի իր դիրքորոշումը՝ տոկոսադրույքի փոքր քայլով բարձրացմամբ: Իսկ Խորհրդի առանձին անդամներ առաջարկում էին տոկոսադրույքի ավելի մեծ քայլով բարձրացում, որը հիմնավորվում էր արտաքին հատվածից առաջիկա տարում պարենային ապրանքների գների սպասվող աճի եւ դրանց ազդեցությամբ ՀՀ-ում գնաճային սպասումների արագացման, միջազգային շուկայում երկրի ռիսկի հավելավճարի նվազման կարճաժամկետ բնույթի եւ ՀՀ տնտեսության ներուժային մակարդակի էական կրճատման վերաբերյալ դատողություններով: Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու որոշում, ինչպես նաեւ ամրագրեց, որ հետեւողական կլինի համարժեք գործողություններով գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ չեզոքացնելու գործում:

Միաժամանակ, ԿԲ Խորհուրդն արձանագրեց, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular