Մահացել է դերասան Անդրեյ Մյագկովը
ՄՇԱԿՈՒՅԹ82 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը, ինչի մասին հայտնում է РБК-ն` նշելով, որ Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնից չեն հայտնել դերասանի մահվան պատճառը:
ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986 թ.) Մյագկովը ծնվել է Լենինգրադում: Հոր հորդորով նա ավարտել է Լենինգրադի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ) և որոշ ժամանակ աշխատել Պլաստիկ զանգվածների ինստիտուտում: Սիրողական ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիայի մանկավարժներից մեկը և առաջարկել ուժերը փորձել իրենց մոտ: 1965 թվականին ավարտելով դպրոց-ստուդիան, նա դարձել է «Սովրեմեննիկ» («Современник») թատրոնի դերասան:
Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից էր քեռու դերը «Քեռու երազը» բեմադրությունում: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987 թվականից, արդեն իսկ առանձնացած` Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում էր: Նա դասավանդել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայում:
Անդրեյ Մյագկովը Խորհրդային Միության հայտնի դերասաններից մեկն էր: Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում: Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը` նկարահանվելով «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում: Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյագկովը ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է օրինակ` գիտնական Շվիրկովի դերը Մառլեն Խուցիևի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում: