ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը պետք է խաղան նույն կանոններով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին նախկին որոշ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, որոշ դեպքերում էլ դատարանները ընդդիմանում են և այդ մարդկանց պատժելու կողմնակից չեն լինում։ 1or.am կայքը դատարանների գործունեությունների, սպասվելիք փոփոխությունների, Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակի մասին զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

—Պարոն Մեհրաբյան, վերջին օրերին նախկին որոշ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, նաև տարբեր գործիչներ են ձերբակալվում։ Ի՞նչ զարգացումներ են սրանք։ Իշխանությունները վերջին շրջանում հայտարարել էին, որ այլևս թավիշին վերջ են տալու։ Սա տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ։

— Գիտեք, ընդհանրապես գոյություն ունի օրինականություն ասվածը և օրենքի գերակայությունը։ Բոլորը պետք է խաղան նույն կանոններով։ Պետությունը վերջապես վերադառնում է իր ֆունկցիաներին։ Ոչ մեկին տրված չէ՝ սպառնալ պետությանը, սպառնալ հասարակությանը և հասարակության կողմից մանդատով օժտված իշխանությանը։ Ոչ ոք իրավունք չունի բերանից շաղ տալ ծանծաղ ուղեղի մեջ ծագած միտք և անպատիժ ձևով։

—Բայց կա մյուս հարցը՝ դատարանները հաճախ կարծես ընդդիմանում են, այդ մարդկանց պատժելու կողմնակից չեն։ Մենք տեսնում ենք, որ տարբեր գործերով կա՛մ անձի ձերբակալությունն է ոչ իրավաչափ համարվում, կա՛մ կալանքի որոշումներ չեն տրվում։ Ինչպե՞ս հասնել իրական արդարադատության։

— Դուք շատ մեղմ եք արտահայտվում այն ամենի մասին, ինչով զբաղված են որոշ դատավորներ մեր դատական համակարգում։ Այդ դատավորները դավադիրներ են, և այսօր ամենաստորաքարշ ձևով սպասարկում են կրիմինալը Հայաստանում։ Սպասարկում են հեղաշրջման փորձերը Հայաստանում։ Նրանց գործունեությունը որևէ կապ չունի արդարադատության, օրենքի, օրինականության և օրենքի գերակայության սկզբունքների հետ։ Այո այդ աղբից պետք է դատական համակարգը օր առաջ մաքրել։ Ինչը չի արել այսօրվա իշխանությունը։ Շուտով կլրանա երկու տարին ինչ խոստացել էին վիրաբուժական միջամտությամբ կտրել այդ թարախակույտերը, չեն արել, հիմա այո՝ պետք է անեն։

—Դատական համակարգերում փոփոխություններ են իրականացվում, ստեղծվում են նոր դատարաններ։ Արդյոք ուշացած չէ այդ փոփոխությունները։

— Անշուշտ ուշացած է, բայց այնպես չէ, որ դա անել պետք չէ։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ քան երբեք։ Ներկայումս այդ փոփոխությունները ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ ևս, որոնք դեռ չեն արվում պետք է արվեն։ Առանց որևէ կասկածի, որովհետև գլխավոր հրամայականն է մաքրել դատական իշխանությունը աղբից՝ կրիմինալ աղբից։

—Արտախորհրդարանական ընդդիմությունը ապստամբության կոչեր է անում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ կոչերը։

— Ապստամբության կոչեր անողների համար գոյություն ունեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներ, դա այլևս քաղաքականություն չէ, դա այլևս հանցավորություն է և ըստ այդմ էլ պետք է այդ հայտարարություններին տրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ և դրան հետևեն համապատասխան գործողություններ։ Դա այսօր պետության պարտականությունն է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular