ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս անգամ հասարակությունը հաստատ չի խաբվելու դատարկ, պոպուլիստական կարգախոսներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից հետո իշխանափոխության կոչեր են հնչում։ Հանրահավաքի ժամանակ հրապարակում Վազգեն Մանուկյանն ապստամբության կոչ արեց՝ ասելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ, հասկանալու համար թե ինչ մտավախություններ կան։

 Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում նման կոչերը, ունե՞ք մտահոգություններ։

— Այո մտահոգություններ իհարկե կան, որովհետև այդպիսի մտադրությունները, կոչերը կարող են հանգեցնել ներքաղաքական բախումների և ներքաղաքական իրավիճակի սրացման՝ ինչի ռեսուրսը այսօր Հայաստանը չունի։ Տեսեք մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ունենք կատարելապես ձախողված, ապաշնորհ իշխանություններ, որոնք որևէ հարց չեն կարողանում լուծել, այսինքն ակնհայտ է նաև, որ կան արտահերթ քաղաքական գործընթացների, արտահերթ ընտրությունների հանրային պահանջ, բայց մյուս կողմից էլ այդ զարգացումները, այսինքն այդ կայծակնային ապստամբությունը երկիրը կարող է տանել ցնցումների, հետևաբար միակ ողջամիտ տարբերակը իմ կարծիքով արտահերթ ընտրություններն են, որոնք հնարավորություն կտան քաղաքակիրթ ձևով հասնել իշխանափոխության և ունենալ ավելի լեգիտիմ իշխանություններ, որոնք ի վիճակի կլինեն երկիրը դուրս բերել այս իրավիճակից։

—Ընդհանրապես, ձեր կարծիքով՝ ի՞նչ է ուզում հասարակությունը։ Նրա կարծիքը հաշվի առնվո՞ւմ է որևէ քաղաքական ուժի կողմից։ Հասարակության շահի հետևից գնացող քաղաքական ուժ կա՞:

— Ես տեսնում եմ, որ հասարակության կարծիքը հաշվի չեն առնում ոչ իշխանությունները, ոչ հրապարակի ընդդիմությունը, որովհետև իշխանությունները հայտարարում են, թե իբր արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, ընդդիմությունն էլ իր հերթին կարծես թե հրաժարվում է արտահերթ ընտրություններից ասելով, որ ոչ մի ընտրութուն, անհապաղ պետք է իշխանությունը մեզ զիջեն։ Այսինքն երկու կողմից էլ ունենք այսպիսի առճակատման տանող քաղաքականություն, որը անընդունելի է այս պահին՝ Հայաստանը այդպիսի ռեսուրսներ պարզապես չունի և մենք այս պահին մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ չենք կարող։

Իսկ դուք տեսնո՞ւմ եք այն ներուժը, որին կարելի է վստահել:

— Երբ որ արտահերթ ընտրություններ կհռչակվեն՝ քաղաքական ուժերը ստիպված կլինեն ներկայացնել իրենց հստակ ծրագրերը, թե ինչպես են երկիրը դուրս բերում այս իրավիճակից։ Ընդ որում այս անգամ հասարակությունը արդեն հաստատ չի խաբվելու այդ դատարկ, պոպուլիստական կարգախոսներով և շատ հստակ, և ռեալ նայելու է քաղաքական ուժերի ծրագրին և ըստ այդմ էլ կարող է կատարել իր ընտրությունը։ Այսինքն այս պահին քանի դեռ որևէ քաղաքական ուժ իր ծրագիրը չի ներկայացրել, իր ճանապարհային քարտեզը չի ներկայացրել դժվար է ասել թե այդպիսի ներուժ ունեցող քաղաքական ուժ կա թե չկա։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular