Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ ու անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման և ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի` Սումգայիթյան ջարդերի 33–ամյա տարելիցի առիթով հրապարակած հայտարարությունում։
ԱԳՆ–ի դիտարկմամբ` Մարդու իրավունքների իրացման հայ ժողովրդի փորձին Ադրբեջանը հակադրեց հավաքական պատժի քաղաքականությունը` Սումգայիթ քաղաքի հայ բնակչությանը ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների:
Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Ադրբեջանի մյուս քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին: Հետո արդեն հայերին սպանելու համար մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։
«Նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայկական ինքնության դեմ նմանօրինակ հանցագործություններով, այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե վերահսկվող ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում»,– նշված է հայտարարության մեջ:
ԱԳՆ–ն արձանագրում է, որ անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, զանգվածային ոճրագործություններ, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ:
Հավատարիմ մնալով ահաբեկչական խմբավորումների իրենց գործելաոճին՝ Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում էին վայրագություններ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, բարբարոսաբար ոչնչացնում պատմամշակութային կոթողներ և պղծում սրբավայրեր:
«Հադրութում և ադրբեջանական ռազմական վերահսկողության տակ հայտնված Արցախի այլ բնակավայրերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց գնդակահարությունները հանդիսացան նախկինում իրականացված հանցագործությունների չդատապարտման արդյունք»,– նշում է ԱԳՆ–ն` հավելելով, որ այսօր, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերին, ևս մեկ անգամ ընդգծում են իրենց պատմական հայրենիքում ազատ, անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և համայն հայության հաստատակամությունը: