ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մտափոխվել է. գլխավոր մեսիջները` քաղաքական դաշտի խաղացողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ընդդիմությանը զուգահեռ հանրահավաք էր հրավիրել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը իշխանական կուլիսներում անվանեցին «ուժի ցուցադրության հավաք»: Չնայած կիրառված աննախադեպ վարչական ռեսուրսին, Հանրապետության հրապարակում հավաքվածները սակավաթիվ էին, մեծ մասն էլ կամ ոստիկաններ էին, կամ հրապարակ բերված պետական ծառայողներ: Փաստացի, իշխանություններին չհաջողվեց նույնիսկ մոտենալ իրենց ակնկալած քանակին:

Որո՞նք էին Նիկոլ Փաշինյանի կարևորագույն մեսիջները, որոնք հնչեցին հրապարակից: Նախ և առաջ, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը յուրատեսակ «գործարք» առաջարկեց, այսպես ասած՝ «թասիբի» գցեց՝ եթե վստահ եք, որ ժողովուրդն իմ հրաժարականն է պահանջում, եկեք գնանք արտահերթ ընտրությունների: Միևնույն ժամանակ ուշագրավ էր կիսանախագահական համակարգի անցնելու թեզը: Փաստացի, Փաշինյանը ակնարկեց, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կանի, կանցնի կիսանախագահական համակարգի ու այդ դեպքում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Ուշագրավն այն է, որ ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ կարծիքն ուներ կիսանախագահական համակարգի մասին: Դեռեւս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին, նա նշել էր. «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, եւ գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, եւ այն ապացուցվել է։ Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որեւէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք», – ասել էր նա:

Այժմ Փաշինյանը փոխել է մեկ տարի առաջ հնչեցրած իր կարծիքը, ինչո՞ւ: Ակնհայտ է, որ Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին նախագահի ինստիտուտը դառնում է այն եզակի ատյանը Հայաստանում, որին ստիպված է դիմել նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Գուցե հենց դա է ստիպել Փաշինյանին խոսել Սահմանադրությունը փոխելու եւ կիսանախագահական կառավարմանը վերադառնալու մասին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ցանկանում է սահմանադրական փոփոխություններով ուզուրպացնել իշխանությունը՝ բազմելով ՀՀ նախագահի աթոռին: Այստեղ կա ևս մեկ նրբություն: Փաշինյանը զրկված է իր փոխարեն որևէ մեկին պատժելու հնարավորությունից, ինչպես դա ժամանակին անում էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ փոխելով կառավարության ղեկավարներին։ Սահմանադրական նոր բարեփոխումները և վերադարձը կիսանախագահական համակարգին՝ Փաշինյանին այդ հնարավորությունը կտա։ Նա փոփոխություններից հետո դեռևս հնարավորություն ունի դառնալ ՀՀ նախագահ և նշանակել վարչապետ, որին էլ կուղղվեն հասարակության սոցիալական դժգոհությունները։ 

Փաշինյանի մյուս կարևոր մեսիջը՝ նախկին-ներկա կեղծ օրակարգի հերթական ակտիվացումն էր: Ակնհայտ է, որ իշխանությունների մանիպուլյացիոն զինանոցը սպառվում է և գործնականում մնացել է միայն այս գործիքակազմը: ԳՇ պետին ազատելու իր որոշումը Փաշինյանը բացատրեց նրանով, որ Օնիկ Գասպարյանը կատարել է ոչ թե իր՝ այլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանները: Այսինքն՝ իր նշանակած կադրը հեղափոխությունից երեք տարի անց կատարում է մերժված նախագահի հրամանները և եթե մի պահ անգամ ենթադրենք, որ Փաշինյանի խոսքերի մեջ կա ճշմարտության անգամ մեկ գրամ, ապա հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում չի՞ ստացվում արդյոք, որ Փաշինյանը թույլ ղեկավար է, եթե մերժվածների խոսքը իր ղեկավարած երկրում իր խոսքից ավելի ազդեցիկ է: Իհարկե, որպես ապացույց հնչած մեղադրանքների` որևէ բան հանրությանը չներկայացվեց, սակայն, ինչպես ասում են, դեռ երեկո չէ: Մոնտաժների սիրահար իշխանությունները դեռևս կարող են հանրությանը հրամցնել որևէ ապացույց, կտա այն ցանկալի արդյունք, թե ոչ՝ դա է հարցը: Ամեն դեպքում, Օնիկ Գասպարյանին կապելով Սերժ Սարգսյանի հետ` Փաշինյանը փորձում է լուծել միանգամից երկու հարց՝ գտնել հիմք Գասպարյանին ազատելու, ինչու ոչ նաև կալանավորելու, և, իհարկե, հերթական ատելության դոզան սերմանել այսպես կոչված` նախկինների հանդեպ, ովքեր դեռևս փորձում են ռևանշի հասնել և ժողովրդից խլել իշխանությունը:

Ոչ պակաս կարևոր է այն, թե ինչի մասին չխոսեց Փաշինյանը: Ի սկզբանե իր գրառման մեջ վարչապետը խոստացել էր անկեղծ զրույց ունենալ Հոկտեմբերի 27-ի մասին՝ բացել կծիկը: Ինչը  կամ ով խանգարեց Փաշինյանին շոշափել այդ թեման` բարդ է ասել, սակայն Հոկտեմբերի 27-ի մասին Փաշինյանի ելույթում բառ անգամ չհնչեց: Չնհնչեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը և Մարտի 1-ին դա ավելի քան զարմանալի է: Չխոսեց Փաշինյանը նաև այն հարցից, թե ինչպես է պատրաստվում հաղթահարել պատերազմի հետևանքները, չխոսեց, քանի որ խոսելու և ասելու ոչինչ չունի, ակնհայտ է , որ այս իշխանությունները չունեն իրավիճակից դուրս գալու որևէ տեսլական:

Հանրահավաքից հետո սոցցանցերի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտատերերը հավաքը մեծամասամբ գնահատում էին որպես անասելիք, դատարկախոսությամբ և առավելապես կեղծ թեզերով բեմականացված շոու, որն առաջին հերթին ուղղված էր իր թիմին՝ ցույց տալու, թե ինքը ամուր կանգնած է ոտքի վրա: Սակայն թիմի ներսում էլ հասկանում են, որ այս ամենը ընդամենը ներկայացում է, իսկ հանրային լայն աջակցության իմիտիացիան՝  պարզ բուտաֆորիա…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular