«Հրապարակ»․Ինքը թիմի պատանդն է,թիմը՝իր
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՄարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին։ Բանն այն է, որ հարցը չի քննարկվել խմբակցությունում, ավելին՝ 2020-ի հունվարին իր ամփոփիչ ասուլիսում Փաշինյանը քննադատել էր կիսանախագահական համակարգը՝ ասելով, որ այն ՀՀ երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում ձախողված կառավարման համակարգ է։ «Դա գործնականում բոլորս տեսել ենք եւ դա ապացուցված է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝ հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը: Հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում»։
Նախօրեի հայտարարությունը նախեւառաջ ուղղված է «Իմ քայլի» դեմ, Փաշինյանը պատերազմից հետո պայքարում է ոչ միայն ընդդիմության, այլեւ սեփական թիմի դեմ, որ այն ճաքեր չտա՝ պատգամավորները չմիանան ընդդիմությանը, չսկսեն իմպիչմենտի գործընթաց։
Պառլամենտական համակարգում վարչապետը կախված է խորհրդարանից, մի կողմից՝ «Իմ քայլն» է նրա պատանդը, մյուս կողմից՝ ինքը նրանց, եւ երեք ամիս է՝ ստիպված նրանց սրտով է գնում, բոլորի պահանջները բավարարում, որ իր դեմ դուրս չգան։ Եվ կարծում է, որ նախագահի պաշտոնը հնարավորություն կտա ուղղաձիգ կառավարել բոլորին։