ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամոթ է, մի քիչ տղամարդ եղեք. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և ՀՀ-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին տեղեկատվության շրջանառումը ներքաղաքական զարգացումների համատեքստում ակտիվ քննարկումների առարկա է դարձել, ապա փորձենք այն դիտարկել մի քանի տեսանկյունից։
Նախ արձանագրենք, որ հեռախոսազրույցը որպես փաստ շահագրգիռ կողմերը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են, ինչն արդեն իսկ վերլուծության առիթ է։
Ենթադրենք Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը բաց կապով հեռախոսազրույց են ունեցել։ Հասկանալի է չէ՞, որ նրանց որևէ մեկը միամիտ չէ և չէր կարող այնպիսի տեղեկատվություն փոխանակվեր, ինչը նրանցից որևէ մեկի համար քրեորեն պատժելի արարք կդիտվեր։
 
Կարծում եմ՝ նրանց երկուսի համար էլ բաց կապով խոսելու խնդիրը ոչ թե ՀՀ ԱԱԾ-ի հնարավոր գաղտնալսումն է, այլ այն երկրների հատուկ ծառայությունների, որոնց համար այդ տեղեկատվության տիրապետելը կարող է մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր առաջացնել։
 
Երկրորդ, անկախ այն հանգամանքից, թե ներկայիս իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի նախագահներ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ և հակառակը, պատերազմական օրերին կամ նրանից հետո, ԶՈՒ ԳՇ պետի զրույցը հեռախոսով, հանդիպման միջոցով կամ մեկ այլ ձևով, թեկուզ, միջնորդավորված բնական գործընթաց եմ համարում։
 
Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր անկախությունից ի վեր կարևորագույն պաշտոններ են զբաղեցրել Արցախում և Հայաստանում, արժեքավոր խորհուրդներ տալու, հուշելու իրավունք չունեն։
Ավելին՝ նրանք որպես նախագահներ պաշտոնավարման ավարտից հետո էլ պետք է իրենց հնարավորությունների և ռեսուրսների շրջանակներում աջակցեն Հայաստանին ու Արցախին։
 
Նույնը վերաբերվում է նաև Արցախի նախագահներին և պատահական չէր, որ պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպեցին՝ մի կողմ դրեցին իրենց հակասություններն ու իրենց ծառայությունները առաջարկեցին օրվա իշխանություններին՝ հանուն Հայաստանի և Արցախի։
 
Եթե այդ հեռախոսային խոսակցության բովանդակությանը Նիկոլ Փաշինյանը վաղուց տիրապետում է, այսինքն՝ ԱԱԾ-ն գաղտնալսել և նրան է փոխանցել, ապա դրանում խնդրահարույց դետալների նվազագույն չափաքանակի առկայության դեպքում, Փաշինյանը վաղուց կօգտագործեր առիթը և իրավական գործընթաց կսկսեր Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի դեմ։
 
Իսկ ինչու է՞ այդ դեպքում ժամանակին լռել Նիկոլ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի դեմ որպես կոմպրոմատ պահելո՞ւ, թե՞ վախենում է Հրայր Թովմասյանի գրիչի հայտնի պատմության մեջ ընկնել՝ վերջնական հեղինակազրկվել։
Մի խոսքով, կրկնում եմ՝ Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան հեռախոսազրույցն առ այս պահը ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է, սակայն եթե դա տեղի է ունեցել, ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։
 
Որևէ կերպ խնդիր չեմ համարում, եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանի ու Սերժ Սարգսյանի զրույցը պետական մասշտաբի հարցի չի վերաբերվել, այլ բխել է զուտ մարդկային շփումներից և հարաբերություններից։
 
Իսկ դա առիթ չէ մարդուն զրպարտելու, դավաճան անվանելու, առավել ևս՝ պաշտոնից հեռացնելու համար։
 
Ամոթ է, մի քիչ տղամարդ եղեք։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular