ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում իշխանությունը դեռևս զբաղեցնող վարչախումբը պետք է հեռանա. Վարդան Ոսկանյանը՝ երրորդ ուժի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Իրանում տեղի է ունենալու «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի պայմանագրում փոփոխություններ նախատեսող խմբի հանդիպումը: Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ` պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից։

— Պարոն Ոսկանյան, ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից, հնարավո՞ր է, որ Իրանից ներկրվող գազի ծավալները մեծանան:

— Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացումը պայմանավորված է լինելու մեկ հանգամանքով՝ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շահագործմամբ։ Անկեղծ ասած ես տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակում է այժմ գտնվում այդ էլեկտրագծի շինարարությունը։ Կարծում եմ, որ քննարկվելու են այդ հարցերը, ամեն դեպքում երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը արդեն պետք է լիներ շահագործման, բայց կարծես թե դա այդպես չէ։ Ինչ վերաբերում է ընդհանուր գործարքին, ապա այո Իրանը հնարավորություններ ունի, ըստ տնտեսագետների հաշվարկի, եռապատկելու Հայաստան մատակարարվող գազի ծավալները` Հայաստան-Իրան գազամուղով և դրա դիմաց ստանալու էլեկտրաէներգիա Հայաստանում արտադրված, ինչը տնտեսական առումով շահավետ է երկու կողմերի համար։

— Իսկ գազի սակագնի փոփոխություն ակնկալում ե՞ք։

— Իրանական գազը ՀՀ քաղաքացիներին չի մատակարարվում, մեր սպառողներին մատակարարվում է ռուսական գազ։ Իսկ իրանական գազը ծախսվում է հենց գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակներում։ Այսինքն, սպառվում է էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, և այդ էլեկտրաէներգիան տեղափոխվում է Իրան։

— ԵԱՏՄ անդամ դառնալու, համագործակցության տնտեսական բաղադրիչը մեծացնելու Իրանի ցանկությունը որքանով կենսունակ կլինի այս փուլում, երբ մենք տեսնում ենք, որ Իրանն Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնում է:

— Իրանը իր բոլոր հարևանների հետ է առևտրատնտեսական հարաբերությունները խորացնում, ընդ որում ցանկություն կա նաև նման կերպ խորացնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, թե երկկողմ մակարդակում, թե, բնականաբար, որպես ԵԱՏՄ-ի անդամակցություն ձգտող պետություն։ Քանի որ իրանցիները վերջին շրջանում նաև քայլեր են ձեռնարկում ԵԱՏՄ-ին անդամակցելու համար, ուստի այս համատեքստում կարծում եմ կան լայն հնարավորություններ, այլ խնդիր է, թե որքանով են այդ հնարավորությունները օգտագործվում և որքանով են այդ հնարավորությունների խնդիրներով զբաղվող պատկան կառույցները և որքանով են անձինք պրոֆեսիոնալ, որ կարողանան օգտագործել Հայաստան-Իրան հարաբերությունների տնտեսական ողջ ներուժը։

— Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է և հասարակությունը, կարծես թե բաժանվել է երեք մասի։ Մի մասը մերժում է ներկաներին, մյուս մասը մերժում է նախկիններին, իսկ երրորդ կողմը մերժելով երկու կողմերին էլ փնտրում է այլընտրանք։ Երկու օր առաջ էլ «Թովմասյան հիմնադրամի» ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնություն ստեղծելու մասին, ասելով, որ այս նախաձեռնության մասնակիցները քաղաքականությամբ չզբաղված անհատներ են։ Ինչ կարծիք ունեք քաղաքական այս նոր նախաձեռնության  մասին։

— Ընդհանուր առմամբ Հայաստանում մենք ունենք մեկ խնդիր՝ Հայաստանի ապագային առնչվող որևէ ծրագիր, որևէ տեսլական կամ որևէ երազանք չի կարող իրականանալ, քանի դեռ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող այս վարչախումբը շարունակում է իշխանավարել, հետևաբար ցանկացած ուժ, որը գործում է այդ տրամաբանությամբ, այսինքն համար մեկ քայլը ներկայում իրեն իշխանություն համարող վարչախմբի հեռացումը, բնականաբար դրական գնահատանքի պետք է արժանանա։ Այսինքն, այս համատեքստում որևէ խնդիր չկա, որ տարբեր ուժեր գնում են մի ուղղությամբ տարբեր հարթակներից, ուղղակի պետք է խնդիրը հստակ ձևակերպված լինի, որպես առաջին քայլ ներկայում Հայաստանում իշխանությունը դեռևս զբաղեցնող վարչախմբի հեռացում։ Դրանից հետո բնականաբար արտահերթ ընտրությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են իրենց քվեն տալ, իրենց նախընտրած գաղափարական առումով համակրանքի արժանի քաղաքական ուժին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular