ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք դիվանագիտական կորպուսը կմիանա Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, երեկ հարցազրույց տալով «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը և, մասնավորաբար, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությանը, նշել է. «Ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ... Դա գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր... Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»:

Այս հայտարարությունը լրատվամիջոցների կողմից շատ արագ հռչակվեց սենսացիոն այն պարզ պատճառով, որ, ըստ էության,  Այվազյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս քանիցս հայտարարել է, թե բանակի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը հեղաշրջման փորձ է: Ընդ որում, սա Այվազյանի՝ Փաշինյանին հակադրվելու առաջին դեպքը չէ: Ինչպես գիտենք՝ հունվարի 4-ին հրապարակված հոդվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ. «2013ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:

Հունվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները` առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: Դրանից հետո ԱԳՆ նախարարը հայտարարեց, որ համամիտ է Պոպովի արտահայտած մտքերի հետ, այսինքն, ըստ էության, հակադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Օրերս հայտնի տելեգրամ ալիքները գրել էին, որ ԱԳՆ-ում բունտ է հասունանում և դիվանագիտական կորպուստը պատրաստվում է միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ուշագրավն այն է, որ այս տեղեկությունը ԱԳՆ-ից չեն հերքել, ինչն ինքնին խոսուն է: Նախարար Արա Այվազյանի վերջին շրջանի հայտարարությունները, լուրերը, որ վերջինս ցանկանում է հրաժարական տալ, նույնպես խոսում է այն մասին, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում լուրջ խմորումներ են տեղի ունենում և առկա է որոշակի դժգոհություն կառավարության վարած քաղաքականությունից: Այսքանից կարելի է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում Փաշինյանի հրաժարականի պահանջին կմիանա նաև դիվանագիտական կորպուսը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular